
Ալավերդիում օգոստոսի 1-ից 20 դրամով թանկացավ ճոպանուղու երթևեկության գինը: Այն 50 դրամից դարձավ 70 դրամ: Ճոպանուղու աշխատանքները տնօրինող «Վերդ» ՍՊԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանը երթևեկության գնի թանկացման մասին Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թանկացման պատճառներից մեկն էլ համարել է այն, որ գործազրկությանը զուգահեռ, վերջին երեք ամիսներին, ճոպանուղով երթևեկող ալավերդցի ուղևորների թիվը նվազել է 40%-ով: Վնասն էլ ավելի է մեծացել այս տարվա ապրիլին էլեկտրաէներգիայի թանկացումից հետո:
«6 ամսվա ընթացքում ընկերության վնասը կազմել է 600 հազար դրամ»- հայտնեց «Վերդ» ՍՊԸ-ի տնօրենը:
Ճոպանուղին իր ստեղծման օրվանից Ալավերդիում եղել է ամենաէժան և բնակչության համար ամենամատչելի փոխադրամիջոցը: Սակայն պարզվում է` երթևեկության գնի թանկացումը ճոպանուղու շահավետ աշխատելու լավագույն տարբերակը չէ: Եթե քաղաքի ազգաբնակչության 40%-ը այնքան անվճարունակ է, որ նույնիսկ ի վիճակի չէ 50 դրամ տրանսպորտային միջոցով երթևեկելու, ուրեմն երթևեկության գնի թանկացումից հետո ևս մի 40% երթևեկողներ` օրեցօր մեծացող աղքատության պայմաններում, նույնպես չեն կարող օգտվել ճոպանուղու ծառայությունից: Սա փաստեց նաև ճոպանուղու ղեկավարությունը:
«Թանկացումից հետո երթևեկողների թիվը կրկին նվազել է, սակայն թիվ չենք կարող ասել, դեռ հաշվարկներ չենք արել»,- ասաց Աղվան Հովհաննիսյանը:
Ակնհայտ է, որ Ալավերդիում բնակչության սոցիալական հիմնախնդիրները, նույնիսկ միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով քաղաքի տնտեսական կյանքում ստեղծված դժվարագույն պայմաններում, շարունակում է չհետաքրքրել Ալավերդու քաղաքապետարանին, որը փաստում է նաև ճոպանուղու երթևեկության գնի թանկացման նկատմամբ առ այսօր ցուցաբերած լռությունը:

Մինչդեռ Ալավերդիում բնակչության ստվար մասը, դժգոհելով թանկացումից, գտնում է, որ ելնելով բնակչության շահերից` քաղաքապետարանը կարող էր և պարտավոր էր կանխել այն, որը կդիտվեր նաև քաղաքի գործազուրկ բնակչության աջակցության հակաճգնաժամային միջոցառում: Աղվան Հովհաննիսյանը «Հետք»-ին տեղեկացրեց , որ 50 դրամ երթևեկության վճարով «Վերդ» ՍՊԸ-ի տարեկան վնասը կազմում է 1,2-1,5մլն. դրամ: Շուրջ 370մլն. դրամ եկամուտների մուտքեր ապահովող համայնքի բյուջեից, կարծում ենք, քաղաքապետ Արթուր Նալբանդյանի համար առանձնակի դժվարություն չէր ներկայացնի 50 դրամ վճարով բնակչության երթևեկությունը շարունակելու համար փոխհատուցել ճոպանուղու 1,2 կամ 1,5մլն. դրամ վնասը:
«Վերդ» ՍՊԸ-ի տնօրենը հայտնեց, որ իրենց կողմից թանկացումից առաջ քաղաքապետ Արթուր Նալբանդյանին նման առաջարկություն չի արվել:
«Եթե քաղաքապետարանը համաձայնի կատարել մեր վնասի փոխահատուցումը, ապա դա մեզ համար խնդրի լուծման լավ տարբերակ կարող է լինել, որի դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ երթևեկության 50 դրամով աշխատելուն»,- ասաց Աղվան Հովհաննիսյանը:
Քաղաքի բնակչությանը հուզող այս խնդրի նկատմամբ առ այսօր հետաքրքրություն չի ցուցաբերել քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Սակայն քանի որ խնդրի լուծման ցանկացած տարբերակ բախվելու էր Արթուր Նալբանդյանի անձնական շահերին, ուստի նա ընտրել է ոսկե լռությունը: Հարցը նրանում է, որ Ալավերդի քաղաքի ավտոբուսային տրանսպորտի բիզնեսը պատկանում է «Քարափ տրաս» ՍՊԸ-ին, որի տերերից մեկն էլ քաղաքապետ Արթուր Նալբանդյանն է: «Քարափ տրասի» սահմանած գնով ավտոբուսով մեկ ուղևորի տեղափոխման գինը նույնպես 70 դրամ է: Ճոպանուղու 50 դրամ գնի դեպքում Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի անգամ 3-րդ զանգվածի, որը շուրջ 2 կմ հեռու է գտնվում ճոպանուղուց, բնակիչներին թեև, ավելի հարմար էր ավտոբուսով քաղաքի ներքևի հատված իջնելը, սակայն 20 դրամ խնայողության համար նրանք օգտվում էին ճոպանուղուց: Ճոպանուղու գնի բարձրացման դեպքում մարդիկ այլևս չեն շրջանցի ավտոբուսները:
«Կարծում եմ` Արթուր Նալբանդյանի ողջամտությունը կբավականացնի և նա չի պատճառաբանի, թե համայնքի բյուջեն անկարող է ապահովել այդ փոխհատուցումը, հակառակ դեպքում մնում է հայցել կառավարության միջամտությունը»,- ասաց մի ալավերդցի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել