Եթե ոչ քաղաքական, ապա կոռուպցիոն
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման, իսկ այնուհետև ազատ արձակման պատմությունը մեր իրավապահ և պատժիչ համակարգի մասին բազմաթիվ մտորումների տեղիք է տալիս: Նրանք, ովքեր պնդում են, որ այստեղ չկա քաղաքական բաղադրիչ, իհարկե, անկեղծ չեն:

Զինվորական ծառայությունից խուսափումը, իհարկե, պետք է պատժվի, բայց երբ տեսնում ես, որ գումարտակի ցանկացած հրամանատար իր տակը գցել է մի Ջիպ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր սպայական աշխատավարձը, մտածում ես, որ կան հանցանքներ, որոնք արժանի էին շատ ավելի խիստ պատժի, և որոնք, սակայն, որևէ պատժի չեն արժանանում:
Նման ձևով, երբ դատվում կամ ազատազրկվում են մարդիկ, որոնք մարտի 1-ին «սխալ բաներ են խոսել», բայց 1.5 տարում պատասխանատվության չեն կանչվում նրանք, ովքեր նույն մարտի 1-ին մարդ են սպանել, դա ստիպում է մտածել, որ առաջին դեպքում քրեական գործ է հարուցվում հենց այն նպատակով, որպեսզի երկրորդ դեպքում գործ չհարուցվի:
Ակնհայտ է, որ Ա. Բաբաջանյանին ազատություն չէին շնորհում այն պատճառով, որ նա ընդդիմադիր թերթի խմբագիր է, և լրատվամիջոցի հրապարակումների համար նրանից վրեժ էին լուծում այնքան, որքան դա հնարավոր էր:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում այն դեպքերում, երբ քաղաքական գործոնը բացակայում է: Այստեղ, պետք է ենթադրել, աշխատում է կոռուպցիոն գործոնը:
Մեր քրեակատարողական հիմնարկներում հաստատ կան հարյուրավոր` հասարակությանը անհայտ մարդիկ, որոնց առողջությունը քայքայված է. նրանք անհապաղ որակյալ բուժօգնության կարիք ունեն, որը նրանց չի տրամադրվում` ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված «անկախ հանձնաժողովի» մեղքով:
Կան նաև հարյուրավոր դատապարտյալներ, որոնք հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, և որոնց դիմումները պարբերաբար մերժվում են: Եվ հակառակը. կան այնպիսի դեպքեր, երբ վերոհիշյալ «անկախ հանձնաժողովը» պայմանական վաղաժամկետ ազատություն է շնորհել կատարյալ ռեցեդիվիստների, որոնք ՔԿՀ-ից դուրս գալուց մի քանի օր հետո էլ ավելի սարսափելի հանցանք են գործում:
Մի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ այդ հանձնաժողովն անհաջող լուծում է:
2 ստացած պաշտոնյան հեռացվելու է
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մոտ ժամանակներս հրաժեշտ է տալու իր պաշտոնին, և նրա աթոռի համար բավականին լուրջ կամպանիա է ծավալել մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Հրանտ Գրիգորյանը` գեներալ Մանվելի եղբոր որդին:
Աշոտ Ղահրամանյանը բոլոր ընտրություններում անմնացորդ ծառայել է իշխանությանը, կատարել է նրանց բոլոր անօրինական պահանջները, ապահովել քվեարկության արդյունքների թվանկարչությունը: Նրա պաշտոնաթողության մասին խոսակցություններն ակտիվացել են նախորդ ամսից սկսած, երբ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անբավարար գնահատեց Արմավիրի և Արարատի մարզպետների աշխատանքը` հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար:
Արմեն Գևորգյանը անբավարար է գնահատել նաև Արմավիրում 2009 թվականին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը: Իսկ դրանից առաջ Աշոտ Ղահրամանյանն իր վատ աշխատանքի մասին դժգոհություններ էր լսել նաև անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, և արդեն կարծես թե համակերպվել էր աշխատանքից ազատվելու տխուր հեռանկարի հետ:
Բայց նախկին ոստիկան Ղահրամանյանին առանձնահատուկ նյարդայնացրել է Հրանտ Գրիգորյանի տարօրինակ ակտիվությունը:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ Աշոտ Ղահրամանյանը որոշել է ամեն ինչ անել` պատգամավորի առաջխաղացումը դեպի մարզպետի կաբինետ խափանելու համար, և տարբեր առիթներով հայտարարում է` «ոչինչ, որ ինձ հանում են, բայց Հրանտի ոտքն այստեղ չպիտի մտնի»:
Կրկի՞ն փորձիր
Երբ մեր երկրի ղեկավարները, քաղաքական գործիչները, Հայաստանի և Սփյուռքի զանազան հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով մտահոգություն են հայտնում առ այն, որ Ադրբեջանի ինտենսիվ սպառազինումն ու նրա ղեկավարների ռազմակոչ հայտարարությունները հղի են պատերազմի վերսկսման վտանգով, ադրբեջանական կողմին թվում է, թե սարսափահար ենք եղել իրենց զինավառ կերպարներից:
Նույն կերպ է մտածում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, որն իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը հեշտությամբ կարող է լուծել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով:
Ուսադիրների ծանրության տակ կքած այս տաղանդավոր ստրատեգին ընդամենը հարկ է ասել, որ հեշտությամբ կարելի է միայն հայելու առաջ հիանալ համազգեստի կոճակների փայլով: Մնացած ամեն ինչ ռազմաճակատում դժվարությամբ է տրվում:
Մի բան գիտեն
Ինչպես փոխանցում են ՀՀ ոստիկանության թերթի աղբյուրները, ուժային սույն կառույցում կազմվել է հոկտեմբեր ամսվա, այսպես ասած, քաղաքական սրացումների գրաֆիկ և բաժանվել ոստիկանության աշխատակիցներին:
Այս ամենը, թերևս, պայմանավորված է Ղարաբաղի հարցով սպասվող հնարավոր ներքաղաքական զարգացումներով:
Բողոքել են
Ռուսական «Առաջին ալիքը» տեղեկացնում է, որ Ռուսաստանի հայերի միության երիտասարդ անդամները բողոք-նամակ են ուղարկել «Առաջին ալիքի» տնօրեն Կոնստանտին Էռնստին, որում իրենց դժգոհությունն են հայտնել «Առաջին ալիքով» ցուցադրվող «Ամենակարող Ռուբիկ» հեռուստատեսային շոու-ծրագրի` օգոստոսի 2-ի պրեմիերայից, որտեղ հայերը ներկայացվել են ծաղրակերպարով:
Հաղորդումը վարել է «Շարմի» ղեկավար Ռուբեն Ջաղինյանը, որի «հումորային» հաղորդումը հայերի մոտ զայրույթ է առաջացրել:
Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մեր կարծիքով` այդ հաղորդումը ոչ միայն չի համապատասխանում «Առաջին ալիքի» բարձր մակարդակին, այլև կարող է նպաստել ռուս երիտասարդների շրջանում այլատյացության խորացմանը: Ուստի, Ռուսաստանի հայերի միության անունից դիմում ենք Ձեզ` հաղորդումը եթերազրկելու խնդրանքով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել