Խաշթառակի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կամբողջանան կահավորման ծրագրով
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Խաշթառակի դպրոցը. համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցի ամբողջական կահավորում եւ նոր համակարգչային դասասենյակ` համալրված համապատասխան գույքով ու համակարգիչներով:
«Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարարների միության» համատեղ հովանավորությամբ իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բուռն թափով եւ ժամանակացույցի համաձայն: Ուսման պայմանները լիարժեք դարձնելու համար Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինն էլ ստանձնեց դպրոցի կահավորման ծրագրի ֆինանսավորումը»,- տեղեկացնում է հիմնադրամի մամլո գրասենյակը::
Ընթացիկ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են. ներկայումս տարվում են ներքին հարդարման աշխատանքները: Նախատեսվում է նաեւ շրջակա տարածքի բարեկարգում:
«Հուսով եմ` հարմարավետ պայմաններն աշակերտների մեջ կխորացնեն սերն ու հետաքրքրությունն ուսման նկատմամբ»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Դպրոցի տնօրեն Գերասիմ Թիրաբյանը հավատում է, որ հիմնանորոգված դպրոցը անհրաժեշտ նախապայման է համայնքը երիտասարդ բանիմաց կադրերով ապահովելու համար:
«Դպրոցը 1973 թվականից ի վեր չէր վերանորոգվել եւ բարեկարգման խնդիր ուներ: Շնորհիվ Հիմնադրամի` ընթացիկ տարում գյուղում գազամատակարարման ու բուժսպասարկման խնդիրներն արդեն անցյալում են, եւ, ի ուրախություն մեզ, առաջիկա ամիսներին կմեկնարկեն ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները»,- ասում է տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել