HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Պողոսյան. «Եթե կշեռքի նժարին լինի կշռաքար, այլևս մի մտեք այդ խանութ»

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ, որի ընթացքում քննարկվել են սպառողական ոլորտի խնդիրները, և որոշում է կայացվել  խանութերում շրջայցեր կատարել` տարբեր հասարակական կառույցների, հանրային խորհրդի ու մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` շրջայցերը կսկսվեն մինչև այս ամսվա վերջ: Առաջին շրջայցը կլինի համապետական: Սպառողների ասոցիացիան որոշել է անդրադառնալ շուկայի կարգավորմանը, առևտրի կանոններին, կշեռքներին, ինչին նրանց դրդել են սպառողների դիմում-բողոքները: «Նախ` կշեռքների հարցը: Գոյություն ունի առևտրային կշեռք հասկացությունը, իսկ շուկայում հանդիպող ձեռքի կշեռքներն առևտրային չեն: Կշեռքների երկու տեսակ կա` զսպանակային և էլեկտրոնային, ու անկախ տեսակից` բոլոր առևտրային կշեռքները տարին մեկ անգամ պետք է չափաստուգում անցնեն,- ասաց նա` նշելով, որ խանութները պետք է ունենան ստուգիչ կշեռք, որը տեղադրված կլինի տեսանելի վայրում, մատչելի ու տեսախցիկն էլ ուղղված լինի այդ կշեռքներին: «Խոսքս ուղղում եմ սպառողներին` եթե մտնեք խանութ, ու կշեռքի նժարին լինի կշռաքար, մի մտեք այլևս այդ խանութ: Դա նրա համար է արված, որ չտեսնեք, որ սլաքը զրոյի վրա կանգնած չէ»,- ասաց Արմեն Պողոսյանը: Կշեռքի խախտման հարցում պատժամիջոցը 50-100 հազար դրամ է: Սակայն Ա. Պողոսյանի հավաստմամբ` իրենց նպատակը ոչ թե պատժելն է, այլ որ զգան, որ աչալրջորեն հետևում են իրենց, վեահսկում են, և խուսափեն խախտումներից: Ա. Պողոսյանի խոսքով` կարևոր է նաև, թե խանութներում ինչ են վաճառում, ինչ հեռավորությամբ իրարից: Օրինակ` կանոններում հստակ գրված է` որտեղ հաց է վաճառվում, հինգ մետր հեռավորության վրա միայն պետք է վաճառվեն օճառ, օծանելիք և այլն: Մինչդեռ մեր խանութներում դա չի պահպանվում:

«Մեր պետությունը վերցել է կուրս, որի հետ ես համաձայն չեմ` սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը կրճատվել է, որի պատճառն է` որ ոչ թե  սահմանի վրա ներմուծման ժամանակ սերտիֆիկացում կատարվի, այլ շուկայում արդեն սպառման ընթացքում տեսչություներն այնքան անվրեպ աշխատեն, որ սերտիֆիկացումից դուրս ապրանք չմնա: Ես այդ մոտեցումը չեմ ընդունում, քանի որ դա եվրոպական մակարդակ է է, իսկ մեզ համար այն դեռ վաղ է»,- ասաց նա: Խնդիր կա նաև վերադարձի ենթակա ապրանքների հետ:

Ապրանքների վերադարձի կարգ կա օրենքով սահմանված` 14 օր: Ա. Պողոսյանի խոսքերով` շատ է հանդիպում` «գնված ապրանքը չի վերադարձվում» գրառումով ցուցանակը, որն օրենքի կոպիտ խախտում է: «Իհարկե ապրանքներ կան, որոնք վերադարձման ենթակա չեն: Սակայն անհասկանալի ձևով այդ ցուցակում հայտնվել է բջջային հեռախոսը: Մեր խնդիրը սպառողների արժանապատվության ու գիտակցության բարձրացումն է: Սպառողները պետք է իմանան իրենց իրավունքները , բայց նրանք պարտավոր չեն իմանալ կանոները: Դրանք պետք է համապատասխան մարմինները պահպանեն»,- ասաց նա; Մեկ այլ ցավոտ հարց էլ, Ա. Պողոսյանի խոսքով, փողոցային առևտուրն է: Եթե մարդ փողոցում կանաչի է վաճառում, կամ պոմիդոր, որտե՞ղ է նա լվացվում: Կամ ինչպե՞ս կարելի է հացը գնել ասֆալտից: «Շուկաները դատարկ են, մինչդեռ շուկայից դուրս առևտուր է ծավալվում: Պետք է հանդիպել նաև շուկաների ղեկավարների հետ, ևս մեկ անգամ պարզել դա:

Այստեղ հստակ շահ կա,  դրսում վաճառողները հարկ չեն մուծում, այլ առձեռն են գումար տալիս որոշ մարդկանց: Դա ավելի հարմար է»,- ասաց նա` նշելով, որ խնդրի լուծումը շուկայում տեղի վարձի նվազումն է:

«Դա առավել քան հնարավոր է, քանի որ շուկան այսօր գրեթե դատարկ է»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, Ա. Պողոսյանը նաև որոշակի առաջընթաց է արձանագրոևւմ: «Առաջընթաց ունենք առևտրի կազմակերպման ու վարվելաձևի մեջ: Նախկինում կոպտագույն վերաբերմունք կար: էսթետիկայի տեսակետից մեծ առաջընթաց կա այսօր»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter