Արագածոտնի մարզում 4800 ընտանիք ընդգրկված է «Փարոս» համակարգում
Արցախյան պատերազմում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստեղծված հաձնաժողովի հետ համատեղ Արագածոտնի մարզում հստակեցվել են մինչ այժմ հաշվառման վերցված զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հիմնական և լրացուցիչ ցուցակները:
Այս տարի մարզպետարան է դիմել բնակարանի և բնակարանի բարելավման կարիք ունեցող զոհված և վիրավոր զինծառայողների եւս 10 ընտանիք: Ըստ այդմ, հունիս ամիսվա դրությամբ պաշտպանության նախարարություն է ուղարկվել 93 գործ:
Մարզի բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներն ընդգրկված են աղքատության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակներում: Իսկ Հայաստանի մանկատների հիմնադրամի «Մեկ ընտանիք - մեկ հայրենիք» ծրագրի շրջանակներում այդ ընտանիքների երեխաները պարբերաբար ստանում են դրամական օգնություն:
Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին, ապա մարզից սոցիալապես անապահով շուրջ 4800 ընտանիք ընդգրկված է «Փարոս» համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ: Եւս 825 ընտանիք ներգրավված է հրատապ օգնության ցուցակներում:
Մարզպետարանի աջակցության սոցիալական հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Սոցիալական աջակցության «Պառնաս» ծառայության անհատական հաշվառման և տնային այցելությունների համադրման արդյունքում 2008թ. համեմատությամբ նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 800-ով:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հուլիս-օգոստոս ամիսներին կազմակերպվել է զոհված և վիրավոր, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների հանգիստը:
200 երեխա հանգստացել է Ծաղկաձորի «Տանձաղբյուր» ճամբարում:
«Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ` «Կոշիկի տուփ» ծրագրով, շուրջ 300 երեխաներ ստացել են նվերներ:
Խոցելի խավին աշխատանքով ապահովելու նպատակ ունի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը: Այս տարի այդ շրջանակում իրականացվում է 16 համայնքային ծրագիր, որի գումարը 28,8 մլն.դրամ է:
Առաջին կիսամյակի արդյունքներով 14 համայնքային ծրագիր արդեն ավարտվել է: Երկրորդ հերթով ծրագրեր են իրականացվելու Հարթավան եւ Շողակն համայնքներում, որոնք այս ամսից են սկսվելու:
Ծրագրերը նպատակաուղղված են հիմնականում ներհամայնքային ճանապարհների, փողոցների բարեկարգման, խմելաջրի և ոռոգման համակարգի նորոգման աշխատանքներին: Դրանք հնարավորություն են տվել աշխատանքով ապահովելու 292 քաղաքացու:
Այս ամենով հանդերձ, մարզում աղքատների թիվը չի նվազում եւ հաճախ կարելի է տեսնել աղբի մեջ սնունդ փնտրողների: Վառ օրինակ Սասունիկ համայնքի 20 ընտանիքները, որոնք աղբավայրի հաշվին են գոյատեւում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել