HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբը

06-08_VarchapetԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունել է որոշումներ, որոնք դնում են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության սկիզբը։ Այդ նպատակով գործադիրը ՀՀ համապատասխան մարզպետներին եւ համայնքի ղեկավարներին հանձնարարել է կասեցնել Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մ-2 Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողհատկացման գործընթացը։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի նախագծա-հաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել է 18 մլն 500 հազար դրամ` մինչեւ 2009թ. ավարտը Ասիական զարգացման բանկից նշված գումարը ստանալուց հետո վերադարձնելու պայմանով։ Այս երկու որոշումները վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է իբրեւ մեծ գործընթացի սկիզբ։ Դա ճանապարհաշինությունն է, որի արժեքը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման, կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Առաջին փուլի համար, որի հայտը ներկայացնելու է Հայաստանը եւ որը սեպտեմբերին քննարկելու է բանկի տնօրենների խորհուրդը, անհրաժեշտ կլինի 700 մլն դոլար։ «Հյուսիս-Հարավ ժամանակակից ճանապարհը համապատասխանելու է միջազգային լավագույն չափանիշներին», - ասել է վարչապետը։ Մյուս որոշմամբ կառավարությունը ստեղծել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն եւ սահմանել դրա կանոնադրական կապիտալը, իսկ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել տրանսպորտի եւ կապի նախարարությանը։ 06-08-erkatuxiՆորաստեղծ ՓԲԸ-ն պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը։ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հավանություն է տվել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին։ Դրա անհրաժեշտությունն առաջացել է հայկական եւ ռուսական կողմերի միջեւ վարված բանակցությունների արդյունքում։ «Մենք ստեղծում ենք համատեղ աշխատանքային խումբ, առանց որի քննարկման Հայաստանում այլեւս երկաթգծի սակագների փոփոխություն չի կարող լինել», - ասել է Տիգրան Սարգսյանը։ «Միայն հանձնաժողովը կարող է տալ դրական եզրակացություն եւ տեղյակ պահել կառավարությանը։ Եվ եթե մենք նպատակահարմար չենք համարում փոխել սակագները, ապա պարտավոր ենք փոխհատուցել այն դրույթները, որ նրանք կրում են։ Սակագների փոփոխությունը այսուհետեւ միայն այս մեթոդաբանությամբ տեղի կունենա, ինչը կանխատեսելի կդարձնի դրանք եւ մենք չենք հայտնվի այն վիճակում, որում հայտնվեցինք այս տարի, երբ սակագների փոփոխությունը կոնցեսիոները հայտարարեց եւ բոլորիս փաստի առաջ կանգնեցրեց»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter