HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավատն օգտագործում էր «Սիփան» ռեստորանի տարածքը

Հայկուշ Ասլանյան 07-08_CourtԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Խալաթյանի գլխավորությամբ լսվեց  կավատության  (ՀՀ Քր.օր-ի 262 հոդվածի 1-ին մաս) մեջ մեղադրվող Իրինա  Մարգարյանի գործը: Կավատությամբ Իրինան զբաղվել է 2007թ. մարտից մինչև 2008-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, երբ  աշխատելիս է եղել վարձակալությամբ իրեն տրված Փարաքարի «Սիփան» ռեստորանում: Օգտագործելով ադմինիստրատորի իր պաշտոնը, Իրինա Մարգարյանը մարմնավաճառությամբ զբաղվող իր ընկերուհիներին հաճախ ռեստորանի տարածքից կացարան  է հատկացրել` իր հաճախորդների հետ մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Դատական նիստի ողջ ընթացքում Ի.Մարգարյան ասում էր, որ ինքը նման արարք չի կատարել, ոչ ոքի կացարան չի տրամադրել և` որևէ մեկը չի կարող ասել, որ իրեն, որպես միջնորդի, գումար է տվել: Վկա Սերինե Կարապետյանը պատմեց, որ 2007թ. մարտ-ապրիլ ամիսներին Իրինան իրեն երկու անգամ հրավիրիել է «Սիփան» ռեստորան, որտեղ ընկերուհին ամեն անգամ իրեն ծանոթացրել է տարբեր տղամարդկանց հետ: «Ճաշելուց և մի լավ ուրախանալուց հետո այդ տղամարդկանց հետ առանձնանում էինք  «դոմիկնեից» մեկում, որն Իրան էր տալիս»,- ասաց Իրինան: Համաձայն վկա Ս. Կարապետյանի ցուցմունքի` սեռական հարաբերությունների դիմաց տղամարդիկ իրեն 6000-ական դրամ են տվել, որից յուրաքանչյուր անգամ 1000-ական դրամ ինքը տվել է Իրինա Մարգարյանին, որպես միջնորդ` մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Ի.Մարգարյանի մարմնավաճառ ընկերուհիներից մյուսը` վկա Անահիտ Վիրաբյանը դատարանում պնդելով իր նախաքննական ցուցմունքը, ասաց, որ սոցիալական ծանր պայմաններից ելնելով վաղուց է զբաղվում  մարմնավաճառությամբ: «Կլիենտներիս» հետ հաճախ եմ գնացել Իրինայի օբյեկտ: Ճաշելուց հետո ռեստորանի տարածքում գտնվող փայտե տնակը Իրան տալիս էր մեզ` սեռական հարաբերություններ ունենալու համար»,-պնդեց Ա.Վիրաբյանը: Իրինա Մարգարյանի կատարած հանցանքը հիմնավորեցին ևս երեք վկաներ` Արուսյակ Պետրոսյանը, Մարինե Գրիգորյանը և Անուշ Մարտիրոսյանը: Իսկ ռեստորանի մատուցողուհի Հերմինե Հայրապետյանն ասաց, որ մարմնավաճառ աղջիկներին հաճախ է տեսել ռեստորանում: «Իրենց հաճախորդների հետ էին գալիս, սեղան էին պատվիրում, ուտում-խմում` գնում էին: Ես չեմ տեսել, որ նրանք ռեստորանի տարածքում մարմնավաճառությամբ զբաղվեին»,- վկայեց մատուցողուհին: Նախաքննական ցուցմունքից հրաժարվեց վկա, մարմնավաճառ Նելլի Բաբայանը, ասելով, որ ընկերուհիներով հաճախ են գնացել Փարաքարի «Սիփան» ռեստորան, լավ ժամանակ են անցկացրել, բայց ռեստորանի տարածքում որևէ մեկի հետ սեռական շփում չեն ունեցել: «Իրան մեր մտերիմն է, դրա համար էլ հաճախորդներ ենք բերել ռեստորան, որպեսզի պատվիրված սեղաններից Իրան շահույթ ստանար»,-ասաց Ն.Բաբայանը: Դատարանը, հասկանալով, որ Նելլի Բաբայանի արարքն ուղղակի միտված է  ընկերուհուն քրեական պատասխանատվությունից զերծ պահելուն, արժանահավատ և հիմնավորված համարեց վկայի նախնական ցուցմունքը: Երևանում ծնված, Էջմիածնում բնակվող, երկրորդ խմբի հաշմանդամ Իրինա Մարգարյանի մեղքը դատարանը համարեց ապացուցված և նրան դատապարտեց ազատազրկման երկու տարի ժամկետով: Պնդելով, որ ինքն անմեղ է և, չհամաձայնվելով դատարանի վճռին, Իրինա Մարգարյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter