Կարիճի խայթոցի համար, հիվանդը «օգնություն» է տվել հիվանդանոցին
Այս տարի հաճախակի են դարձել օձի ու կարիճի խայթոցի դեպքերը: Հիվանդանոցի տնօրենների խոսքերով` պատճառը շոգ եղանակն է: Այս պահի դրությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գրանցվել է օձի 10 եւ կարիճի 10-12 խայթոցի դեպքեր: Մարզում հաճախ են հանդիպում իժ, գյուրզա ցեղատեսակի օձեր, որոնց խայթոցը չափազանց վտանգավոր, նույնիսկ մահացու է մարդկանց կյանքի համար:
Նշված 10 դեպքերից միայն մեկին են տեղափոխել Երեւանի հիվանդանոց: Պատճառն այն է եղել, որ Աշտարակի հիվանդանոցում «անտիգյուրզին» կոչվող հակաթույն չի եղել: Այժմ հակաթույնով հիվանդանոցն ապահովված է:
Հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Աագածոտնի մարզում օձերը բավականին շատ են եւ դա է պատճառը, որ խայթոցի դեպքերն էլ զգալի են:
«Մեզ մոտ կարիճի խայթոցի դեպքերը, ճիշտ է, հաշվառվում են, բայց դա ցուցանիշ չենք դիտում, քանի որ մեզ մոտ քիչ են հանդիպում թունավոր կարիճներ: Հիմնականում դեղին կարիճներ են, որոնց խայթոցից սուր ցավ է զգացվում եւ առաջանում է ալերգիկ ռեակցիա: Այդ տեսակի կարիճի խայթոցի դեպքում հիվանդը մեզ մոտ մնում է մի քանի ժամ, առավելագույնը 1 օր»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
«Կարիճի խայթոցի դեպքում հիվանդից գումար գանձվու՞մ է հիվանդանոցում»,-հարցրի տնօրենին:
«Իսկ ինչու± պիտի գանձվի: Ճիշտ է, կարիճի խայթոցը որպես այդպիսին պետպատվերի ցանկում ընդգրկված չէ, բայց փոխարենը ալերգիկ ռեակցիաներն են պետպատվերի շրջանակներում բուժվում, դրա համար էլ կարիճի խայթոցի դեպքում գումար չենք գանձում»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը:
Եթե Աշտարակի հիվանդանոցում հաշվի են առնում, որ թեկուզ ոչ թունավոր կարիճի խայթոցից առաջանում է ալերգիկ ռեակցիա, եւ դա պետպատվերի շրջանակներում է բուժվում, ապա նույնը չի կարելի ասել Էջմիածնի հիվանդանոցի դեպքում:
Այս տարի Էջմիածնի հիվանդանոցում արձանագրվել է կարիճի խայթոցի 1 դեպք, որի համար էլ բժիշկները հիվանդից վերցրել են 5000 դրամ: Հիվանդի մոտ իրոք եղել են ալերգիկ ռեակցիաներ եւ ներարկվելուց հետո երկրորդ անգամ է եկել հիվանդանոց, որպեսզի պարզի պատճառը:
«Կարծում եք այդ 5000 դրամը բուժմա±ն համար են հիվանդից վերցրել»,-զարմացած պատասխանեց Էջմիածնի հիվանդանոցի բուժ գծով տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանն ու ավելացրեց.
«Կարծում եմ դա հիվանդի կողմից հիվանդանոցին օգնություն է եղել: Հետո էլ ես ինչ իմանամ ով է գումարը վերցրել եւ ինչի համար են վերցրել»:
Երբ պարոն Կոնդյանից հետաքրքրվեցինք կարիճի խայթոցը պետպատվերով է բուժվու՞մ, թե՞ ոչ, ասաց.
«Մեզ մոտ ամբուլատոր բուժում չկա եւ եթե հիվանդի մոտ կարիճի խայթոցից թունավորում չի առաջացել, ուրեմն 5000 դրամի վճարումը օրինական է եղել: Բայց էլի եմ ասում, կարծում եմ, որ ձեր ասած 5000 դրամը հիվանդի ցանկությամբ հիվանդանոցին օգնություն է եղել: Մեր տարածքում կարիճների 99.9 տոկոսը թունավոր չեն եւ նրանց խայթոցը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար»:
Թե հիվանդանոցին ինչ օգնության մասին է խոսքը, երբ հիվանդից հենց մուտքի մոտ գումարը պահանջել ու նոր են անհրաժեշտ բուժօգնություն ցույց տվել, անհասկանալի է, մանավանդ, որ հիվանդի մոտ եղել են ալերգիկ ռեակցիաներ եւ դա պետք է բուժվեր պետպատվերի շրջանակներում:
Էջմիածնում այս տարի գրանցվել է նաեւ օձի խայթոցի 3 դեպք` Նորակերտ, Ծաղկալանջ, Էջմիածին համայնքներից: 3 դեպքերից միայն մեկին են տեղում օգնություն ցույց տվել, մնացած 2 հիվանդների մոտ եղել են բարդություններ եւ նրանց տեղափոխել են Երեւան:
«Տեսեք անտիգյուրզինն անվճար է հատկացվում հիվանդներին: Այդ դեղի մեկ չափաբաժինն արժե 70 հազար դրամ, օձերն էլ խեղճ ու կրակ մարդկանց են կծում, նրանք որտեղից 70 հազար դրամ տան: Եթե հարուստներին օձը կծի նրանք կկարողանան այդ 70 հազար դրամը տալ»,-ասաց տնօրենի տեղակալը:
Պարոն Կոնդյանին հարցրինք նաեւ, թե ի±նչն է պատճառը, որ Էջմիածնի հիվանդանոց դիմածներին հաճախ են ուղարկում Երեւան, արդյոք հիվանդանոցը անհրաժեշտ սարքավորումներով հագեցած չէ:
«Այստեղ հարցը հագեցվածությունը չէ, սակայն բոլորիս էլ պարզ է, որ մարզի ոչ մի հիվանդանոց իր հագեցվածությամբ չի համեմատվի Երեւանի հիվանդանոցների հետ: Եթե դեպքը բարդ է լինում ուղարկում ենք Երեւան»,-հնչեց պատասխանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել