
«Հայ-թուրքական հարաբերություններում առանցքային դեր ունեն հասարակական հարաբերությունները, և հասարակական շփումներն իրենց յուրօրինակություններով էլ ավելի բարդ ու կարևոր են, քանի որ դրանք անդրադառնում են ժողովրդական լայն մասսաներին»,- այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա կարծիքով` թուրք հասարակությունը հայ հասարակության հետ շփվելու համար պետք է ճշմարտությունն ընկալի, պատմական անցյալի գիտակցումն ունենա: Թուրք հասարակությանը ճշմարտությունը քիչ է հասու, ինչն էլ առաջ է բերում նրանց ժխտողականությունը:
«Նրանց հասարակությունն այս հարցում բազմաշերտ է: Նախ` ազգայնամոլական ու ծայրահեղական տրամադրություններ ունեցողները: Երկրորդն անտարբեր, չեզոք շերտն է, երրորդ խումբն էլ դրական է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, հաստատմանը: Բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում»,- ասաց նա:
Թուրքագետի կարծիքով` թուրք հասարակության համար Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը միգուցե ճանապարհ դառնա հասարակության մեջ տարբեր ճգնաժամերի վերացման համար: Մյուս կողմից էլ, սակայն, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է առաջ բերել մի շարք այլ ճգնաժամեր, որոնք թուրքական հասարակության մեջ բավական ակտուալ են:
«Մասնավորապես` էթնիկ ինքնության ճգնմաժամը: Անգամ Էրդողանն է այս հարցին անդրադարձել: Թուրք հասարակությունում ընդհանուր առմամբ գերիշխում է ծայրահեղական մոտեցումը: Մեր հասարակությունում էլ Թուրքիայի հետ կապված մակերեսային մոտեցում է տիրում: Մենք իրականում չենք ճանաչում Թուրքիան, չենք ճանաչում թուրքերին: Հետեղեռնյան Թուրքիայի պատմությունը մեր բուհերում բավականին ցածր մակարդակի վրա է, անգամ մասնագետները տեղյակ չեն, թե ինչ հետևանքներ են դրանք թողել Թուրքիայի հասարակության ձևավորման վրա»,- ասաց նա:
Ռ. Մելքոնյանի խոսքով` եթե համեմատենք հասարակությունները, ապա մեր հասարակությունում այս հարցում մեղմ դիրքորոշում ունեցողներն ավելի շատ են, քան Թուրքիայում: Մեր գնահատականներն էլ մի փոքր ավելի անհավասարակշռված են:
Հասարակական կարծիքի ձևավորման հարցում կարևոր դեր ունեն ԶԼՄ-ները: Ռ. Մելքոնյանի կարծիքով` ի տարբերություն Հայաստանի, թուրքական ԶԼՄ-ները բավական ակտիվ են: Իսկ թուրքական մամուլը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ունի պետական դիրքորոշում, ձևավորված գաղափարախոսությանը հավատարիմ մոտեցում, ինչը դրական է ազդում թուրքական հասարակության վրա:
«Եվ թուրքական թերթերը, լինեն ընդդիմադիր, թե իշխանամետ, հիմնականում հայ-թուրքական հարաբերություններում ունեն գրեթե նույն դիրքորոշումը: Դա դրական ազդեցություն է թողնում հասարակության վրա ու թույլ տալիս, որպեսզի թուրք հասարակությունը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ունենա ավելի կուռ դիրքորոշում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանի` Թուրքիա կատարելիք հնարավոր այցի մասին մեր հասարակությունում երկու կարծիք կա. ոմանք ասում են` պետք է գնա, ոմանք էլ գտնում են, որ նա Թուրքիա չի մեկնի:
Թուրքագետի կարծիքով` այս երկու տեսակետներն էլ բավական տարածված են ու գոյության հիմք ունեն, իրավունք ունեն լինելու:
«Սակայն եթե այլ տեսանկյունից մոտենանք հարցին, ապա նախագահի ելույթում, որը նա ունեցավ Սերբիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բավական լուրջ «մեսիջներ» կային` ուղղված թուրքական պետական ապարատին, որ ընթացող բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Նախագահն ուղղակի հիշեցրեց դրանց մասին ու կոչ արեց Թուրքիային` տեր կանգնել իր տված խոստումներին: Թուրք վերլուծաբաններն այժմ շահարկում են, որ Գյուլն առանց նախապայմանների եկավ Հայաստան, իսկ Սերժ Սարգսյանը նախապայմաններ է առաջ քաշում: Սակայն նախագահ Գյուլը մինչև վերջին օրերը չէր հայտարարում իր գալու մասին, և եկավ հենց ռուս-վրացական պատերազմի համատեքստում»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել