HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:

«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:

Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ նախագահի օգնականի զեկույցից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: 

Մեկնաբանություններ (3)

ԱՐՄԵՆ
դատաիրավական համակարգը դաժան վիճակում է, հատկապես դատական համակարգը իր ծառայողների հացփորի աշխատանքով:
Աշոտ,
Պետական սիստեմը պիտի փոխել ու էսօրվա չինովնիկներին հանգստի ուղարկել մեր գյուղ - Կոշ:
W. Wallace
Խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտություն առանձնապես չի եղել: Դատաիրավական բարեփոխում մի հատ անեն հերիք կլինի - ՈՏԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՄԱԿԱՐԳԸ փոխել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter