Ըստ Հրայր Թովմասյանի` հայերը բծախնդրորեն ընտրում են զգեստ կամ ավտոմեքենա, բայց ոչ պատգամավորի
«Երբ մենք փորձում ենք օրենքներ ընդունել, ինչ-որ խնդիրներ լուծել, ես, պատկերավոր ասած, դա նմանեցնում եմ այն բժշկին, որը չգիտի հիվանդությունը և փորձում է բժշկել, ինչ-որ դեղամիջոց կիրառել: Միգուցե բժշկության մեջ 100-ից 1-ի հարաբերակցությամբ գործնականորեն հնարավոր է, որ օգտագործված մեթոդներից որևէ մեկը օգտակար լինի և առողջացնի այդ մարդուն: Բայց արդյոք հնարավո՞ր է դա անել հասարակական հարաբերություններում, պետության կառուցման հարցում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքերով` միշտ էլ կարելի է օրենքներ ընդունել, փոխել դատավորներին և նախարարներին, բայց դրանից երկրի վիճակը չի լավանում, և իրական կյանքում գրեթե ոչինչ չի փոխվում: Ներկայումս Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառները նա բաժանեց երեք խմբի` ազգային, խորհրդային և անցումային գործոնի:
Սահմանադրագետը հայերին բնորոշ ազգային գործոնը ներկայացրեց «Էսպես եղել է, էսպես էլ կմնա», «Մեզանից ոչինչ կախված չէ», «Որտեղ հաց, էնտեղ կաց», «Եղունգ ունես, գլուխդ քորիր» ասացվածքների միջոցով: Այս կրավորականությունն ու հարմարվողականությունը բավականին վատ գործոն են պետություն կառուցելու համար:
Խորհրդային շրջանը Հրայր Թովմասյանը բնորոշեց որպես «իրավական ժողովրդավարական պետության հակապատկեր», «իրավական նիհիլիզմ», երբ արմատավորվեց այն մտայնությունը, թե կարևոր չէ` դու ինչ գիտես, ինչ իրավունքներ ունես, այլ կարևոր է այն, թե ում ես ճանաչում քաղաքական իշխանության և կուսակցական ապարատի մեջ:
«Կարևոր չէ, թե ինչ է գրված, կարևորն այն է, թե այդ չինովնիկը կկամենա՞ քո այդ իրավունքի իրականացումը ապահովել, թե՞ ոչ: Եվ հայ մարդը ակամայից սկսեց ապրել ոչ թե օրենքներով, իրավունքով, Սահմանադրությամբ, այլ իրականության մեջ գործող այն հարաբերություններով, որոնք գրվում էին կուսակցական որոշակի աշխատասենյակներում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Անցումային շրջանը, նրա խոսքերով, սկսվել է անկախության հռչակումից և շարունակվում է մինչ օրս: «Սա էլ մեկ այլ ֆենոմեն է, որի պարագայում այն բնական օրենքները, որոնք այսօր գործում են քաղաքակիրթ աշխարհում, անցումային փուլում կամ չեն գործում, կամ գործում են բավականին մասնակիորեն»,- նշեց սահմանադրագետը:
Նրա գնահատմամբ` պատճառը հանրային սեփականության վերաբաշխումն է, իսկ հանրային սեփականության վերաբաշխման ու կապիտալի նախնական կուտակման փուլում միամտություն է ակնկալել, որ օրենքները իրենց ամբողջ ուժով կգործեն. «Այստեղ բիրտ ուժ է գործում, այստեղ ամեն ինչ կա, բայց ոչ` իրավական օրենքներով շարժվելու հնարավորություն»:
«Կապիտալի նախնական փուլին բնորոշ առանձնահատկություններից մեկն է, որ իշխանություն ունենալը ասոցացվում էր հարստանալու ամենակարճ ճանապարհի հետ: Հիմա կարող եք հարցնել. «Բայց չէ՞ որ կապիտալի նախնական կուտակումը գրեթե ավարտվել է: Ինչու՞ հիմա այդ քաղաքական փոսից չենք կարողանում դուրս գալ»: Այսօր Հայաստանում չկա քաղաքացիական հասարակություն: Իշխանություն ունենալը շարունակում է մնալ կուտակված սեփականությունը պաշտպանելու ինստիտուցիոնալ միակ երաշխիքը: Կարծեք թե մենք ընկնում ենք փակ շրջանի մեջ»,- ասաց սահմանադրագետը:
Նա նշեց, որ ցանկացած հասարակություն բաժանվում է երեք խմբի` սրիկաներ, որոնք կողոպտում են ու կեղծում, խեղճեր, որոնց կողոպտում են և որոնց միակ իրավունքն է` երազել լավ երկիր ունենալու մասին, և գաղափարակիրներ, որոնք պետք է հասկանան իրավիճակը և հնարավոր լուծումներ գտնեն: Այդ գաղափարակիրները, Հրայր Թովմասյանի խոսքերով, մեր իրականության մեջ մեծամասնություն էին կազմում 2000-2500 տարի առաջ, իսկ այսօր կամ չկան, կամ էլ դեգերում են օտար ափերում: Նա նշեց, որ 1990-2003 թթ. Հայաստանից դուրս է եկել 1200 գիտությունների թեկնածու և դոկտոր:
Հրայր Թովմասյանը Հայաստանի օրենքները բաժանեց երեք խմբի` օրենքներ, որոնք ժամանակակից եվրոպական օրենսդրության նորաձևությունից հետ չմնալու արդյունք են, օրենքներ, որոնք ծնվել են քաղաքական պոպուլիզմի արդյունքում, և օրենքներ, որոնց ընդունումն օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել: Վերջինները փոքր մաս են կազմում:
Որպես քաղաքական պոպուլիզմի արդյունքում ծնված օրենք` նա առանձնացրեց ավանդները վերադարձնելու մասին օրենքը: «Ես չեմ ասում, որ դա վատ օրենք է, բայց ի՞նչ խնդիր ես լուծում, եթե իրականում դու դրա հնարավորությունները չունես»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Իսկ եվրոպական արժեհամակարգին, ըստ նրա, տուրք են տալիս սեռական փոքրամասնություններին, աղանդներին վերաբերող օրենքները: «Այսինքն` ո՞վ որոշեց, ո՞վ հասկացավ, ո՞վ գնահատեց, ո՞վ ախտորոշեց, թե դրա հետևանքով մեզ ինչ է սպառնում, ինչ է լինելու: Մենք նման ենք մարդու, որը մտել է անտառ և չգիտի, թե ճանապարհը ուր է գնում»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանի համոզմամբ` օրենսդրությունը պետք է համադրի ազգային տնտեսական, սոցիալական, քաղաքական առանձնահատկությունները և միջազգային պրակտիկայում քննություն բռնած օրինակները: Սրա արդյունքում կարելի է ստանալ լավագույն օրենսդրություն:
«Ամերիկյան կառավարման համակարգը ընդօրինակվել է լատինամերիկյան բոլոր, աֆրիկյան շատ ու շատ, ասիական շատ երկրների կողմից: Եթե մեկը կասի, որ սա կառավարման մոդելի առումով տվել է Միացյալ Նահանգներում եղած բոլոր դրականի 10-15 տոկոսը, ես կհամաձայնեմ: Բայց որևէ երկրում, բացառությամբ Կոստա Ռիկայի և վերջին ժամանակներում էլ` մասնակիորեն Բրազիլիայի, իր դրական արդյունքները չի տվել: Այսինքն` եթե Աֆրիկայում բանանը լավ է աճում, չի նշանակում, որ Հայաստանում էլ լավ է աճելու, և չի նշանակում, որ կարելի է մեր խնձորենիները կտրել, դրա փոխարեն բանան բերել և աճեցնել»,- ասաց սահմանադրագետը:
Անդրադառնալով ներկայիս հայաստանյան իրավիճակի պատճառներին` Հրայր Թովմասյանը ասաց, որ 95-96 թ.-ից հետո Հայաստանում ընտրությունները չեն կատարում իրենց երեք գլխավոր գործառույթները: Նախ` ընտրությունները չեն լուծում ընտրություններից առաջ ծագած քաղաքական կոնֆլիկտները, այլ նոր կոնֆլիկտ են ստեղծում, ինչպես նաև Հայաստանում ընտրությունների ճանապարհով տեղի չեն ունենում քաղաքական վերնախավի սելեկցիա և իշխանության լեգիտիմացիա:
«Իրար ոչնչացնելու խնդիր է դրված. քաղաքական ընդդիմությունն ասում է, որ ինքը ոչնչացնելու է քաղաքական իշխանություններին, իսկ քաղաքական իշխանությունները փաստացի դա կատարում են: Սա պատային վիճակ է»,- ասաց սահմանադրագետը:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան, թե ստեղծված իրավիճակի ի՞նչ լուծում է տեսնում: Հրայր Թովմասյանը հնարավոր երկու լուծում նշեց:
Առաջինը` «նա, ով մեզ խանգարում է, մեզ կօգնի»: Այսինքն` երկրի իրավական և ժողովրդավարական լինելը նախ և առաջ պետք է նրանց, ովքեր ընտրությունները կեղծելու, ցանկացած ձևով իշխանության գալու, իրենց սեփականությունը պահելու խնդիր ունեն, քանի որ իրավական երկրում միայն երաշխավորված կլինի այդ մարդկանց սեփականության պաշտպանությունը և ժառանգներին փոխանցումը:
Խնդրի լուծման երկրորդ ճանապարհը, ըստ Հրայր Թովմասյանի, 88 թ.-ի ֆոնոմենն է: «88-ը մի երևույթ էր, որի ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարից, Ազգային անվտանգության կոմիտեի պետից մինչև վերջին խառատը մտածում էին նույն կերպ: Այսինքն` կար մի գաղափար, որը ամբողջ ազգին համախմբել էր: Իմ կարծիքով, դա էր գլխավոր գրավականը թե Արցախյան պատերազմում, թե ներքին խնդիրներում տարած հաղթանակների»,- ասաց նա:
Հրայր Թովմասյանը մի դիտարկում արեց. մենք շատ լավ գիտենք, թե մեր իրականության մեջ ով է լավ բժիշկը, շինարարը, վարորդը, դերձակը: Նրանց ներկայացվող չափորոշիչները շատ որոշակի են: Սակայն նույն կերպ որոշարկված չէ, թե ով է լավ պատգամավորը: Այն պատգամավորը, որի հիմնական աշխատանքը պատգամավորի աշխատանքն է և կողմնակի աշխատանք չունի, մեզանում արդեն համարվում է պրոֆեսիոնալ:
Կամ, բանախոսի համոզմամբ, հայերը բավականին հետևողական են կենցաղում ընտրություն կատարելիս: Հայ կինը մի քանի խանութ է այցելում և մեկ-երկու ընկերուհու հետ խորհրդակցում զգեստ գնելուց առաջ: Նույն կերպ հայ տղամարդը մոտ տասը ընկերոջ հետ կխորհրդակցի, եթե ավտոմեքենա է գնելու, և կուսումնասիրի նույնքան վարպետի կատարած աշխատանք, եթե տուն է վերանորոգելու, ինչից հետո կորոշի, թե որ մասնագետի ծառայություններից օգտվել: Բայց արդյո՞ք նման հետևողականություն ենք դրսևորում, երբ ընտրում ենք պատգամավորներին` այն մարդկանց, որոնք պետք է որոշեն ամբողջ հասարակության զարգացման ընթացքը:
«Որպեսզի պարզ դառնա` ինչի մասին է խոսքը, կփորձեմ հիմա մի էքսպերիմենտ անցկացնել: Պատկերացրեք` բոլորդ իմ հարազատներն եք, ընկերներն եք, բարեկամներն եք, և ունեք ատամի ցավ: Ասում եմ. «Կգնա՞ք իմ եղբոր պոլիկլինիկան»: Առաջին հարցը, որ պիտի տաք, սա է. «Իսկ ինքը լա՞վ բժիշկ է»: Ասում եմ. «Չէ, ինքը բժիշկ չէ, ինքը քարտաշ է»: Եթե ոչ բարձրաձայն, բայց առնվազն մտովի կասեք. «Սա հիմարի տե՞ղ է ինձ դրել»: Պատկերացրեք` նույն վիճակն է, երբ ասում եմ. «Ձեր համայնքում ավագանու ընտրություն է, եղբայրս այնտեղ թեկնածու է: Իրեն կընտրե՞ք»: Չեմ ուզում` կատեգորիկ հնչի, բայց 80-90 տոկոսի պատասխանը լինելու է. «Բա դա էլ հա՞րց է, ինչի՞ մասին է խոսքը»»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել