Կոմիտասը ժամանակակիցների հուշերում եւ վկայություններում
Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են Կոմիտաս վարդապետի մասին հուշերի եւ վկայությունների ծավալուն հատոր, որը, ինչպես եւ վերջերս տպագրված Կոմիտասի նամականին, հրատարակության է պատրաստել Գուրգեն Գասպարյանը: Հեղինակների թվում են Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Գարեգին Լեւոնյանը, Մարգարիտ Բաբայանը, Փանոս Թերլեմեզյանը, Ավետիք Իսահակյանը եւ ուրիշներ:
Այս ժողովածուն զգալի չափով լրացնում է Կոմիտասի մասին հուշագրության նախորդ հրապարակումները եւ փաստորեն առաջինն է 1960 թվականին տպագրված «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից հետո: Նկատենք, որ 1960 թվականի հրատարակության մի խումբ նյութեր տեղ են գտել նաեւ ներկայացվող ժողովածուի մեջ: Հատորը շարունակում է Երաժշտական մատենաշարի` Կոմիտասին նվիրված գրքերի շարքը: Այն հաջորդում է Կոմիտաս Վարդապետի ուսումնասիրությունների եւ հոդվածների երկհատորյակին. Գիրք Ա (2005) եւ Գիրք Բ (2007) եւ Նամականուն (2009):
Բայց սրանով չեն ավարտվում Կոմիտասին նվիրված հրապարակումները: Գրքի համառոտ ներածական խոսքում Գ. Գասպարյանը ընդգծում է, որ «Կոմիտասի մասին հուշագրական գրականության (թե հեղինակային հուշերի, թե մամուլում եղած վկայությունների) ամբողջական դասակարգումը, ուսումնասիրությունն ու ծանոթագրման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, եւ դրանց հրապարակումը երեք մեծադիր հատորներով կսկսվի մոտ ապագայում»:
Գրքերը կարելի ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Փրինթինֆո հրատարակչությունում՝ հրատարակչական գնով (հեռ.37410 46 53 80)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել