HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզպետարանի իրավաբանը ծանոթ չէ համայնքապետի դեմ հարուցված քրեական գործի նյութերին

20_04-genprocՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2009 թ. մարտի 27-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում ստուգման արդյունքներով կազմած արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերի քննարկման արդյունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Արմավիրի մարզպետարանի Իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ քրական գործի մասին, ծանոթ չէ նաեւ փաստաթղթերին: «Անկեղծ եմ ասում, ծանոթ չեմ եւ կարծիք հայտնել չեմ կարող: Իրականում միայն դատարանը կարող է փաստերն ապացուցել եւ ասել` անձը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Ես էլ շատ բան կարող եմ ասել, բայց ես ո՞վ եմ, որ մեղադրական կամ արդարացման խոսք ասեմ»,- նշեց Յ. Մանվելյանը: Նրա ասելով՝ երկար ժամանակ է, ինչ մարզպետարանը Տալվորիկում ստուգումներ չի արել, եւ իրենք տեղյակ չեն եղել, թե այնտեղ ինչ է կատարվել: «Ախր եթե իմ ձեռքի տակ նյութերը լինեին, կկարողանայի էլի ինչ-որ չափով կարծիք հայտնել»,- ասաց մարզպետարանի իրավաբանը: Նրան փոխանցեցինք, որ «Տագգատէ» և «Վրույր և Ագապի» ՍՊ ընկերությունների հետ կնքված պայմանագրերով Տալվորիկի գյուղապետարանի վարչական շենքի շինարարության, համայնքի ջրամատակարարման ցանցի նորոգման և գրունտային ճանապարհի կառուցման համար չկատարված աշխատանքների դիմաց Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանն ավել է վճարել ընդհանուր առմամբ 5.939,2 հազար դրամ: Բացի այդ` համայնքի բնակիչներից հավաքած 1.237,0 հազար դրամի վարձավճարները համայնքի բյուջե չի մուտքագրել և կատարել է ոչ նպատակային ծախսեր, որով  7.176,2 հազար դրամի վնաս է պատճառել համայնքի շահերին: «Լավ կլիներ, որ իմ ձեռքի տակ լինեին նյութերը: Դրանք շինարարական հարցեր են եւ հատուկ գիտելիքներ են պետք: Չգիտեմ էլ՝ արդյոք փորձաքննություն արվե՞լ է, թե ոչ, պարտադիր պետք է փորձաքննության արդյունքները լինեն»,-  պատասխանեց Յուրի Մանվելյանը: Փորձեցինք զրուցել նաեւ Տալվորիկի համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանի հետ: «Թող իրավապահ մարմիններն ապացուցեն՝ մեղավո՞ր եմ, թե՞ ոչ»,- ասաց պրն Սաղաթելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter