Ընկերությունների միացումները չեն սահմանափակի մրցակցությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են ապահովագրական եւ ապակյա տարաների արտադրության շուկաներում տեղի ունեցող հնարավոր համակենտրոնացման, դեղերի, բենզինի շուկաներում հարուցված վարույթների, կենցաղում օգտագործվող լամպերի շուկայի կառուցվածքի ուսումնասիրության մասին եւ մի շարք այլ հարցեր:
Համակենտրոնացման հայտարարագրեր
«ՌԳՍ–Ստոլիցա» եւ «Ար-Ջի-Էս Ասեթս Լիմիթեդ» ընկերությունները հանձնաժողով են ներկայացրել երկու ընկերությունների համակենտրոնացման հայտարարագրերը, խնդրելով համապատասխան թույլտվություն կամ եզրակացություն: Ըստ հայտարարագրերի` «Ար-Ջի-Էս Ասեթսը» ստեղծվել է Կիպրոսում: «ՌԳՍ–Ստոլիցան» ռուսաստանյան ընկերություն է եւ իրականացնում է ապահովագրական գործունեություն: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ար-Ջի-Էս Ասեթս» եւ «ՌԳՍ–Ստոլիցա» ընկերությունները գործում են ՀՀ տարածքից դուրս եւ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ են, հետեւաբար տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության համաձայն, գործարքը Հանձնաժողովում հայտարարագրման ենթակա չէ: Վարույթը դադարեցվել է:
«Սարանիստ» եւ «Արմ-Գլաս» ընկերությունները եւս դիմել են Հանձնաժողով հայտնելով, որ ընկերությունների միակ հիմնադիր Մելիք Մանուկյանը, որոշում է կայացրել միացնել իրեն պատկանող ընկերությունները, որով հիմնադիրը նպատակ ունի ավելացնել արտադրության եւ արտահանման ծավալները, աշխատողների թիվը, ներթափանցել միջազգային շուկաներ մեկ անվամբ: Ըստ ընկերությունների, համակենտրոնացման արդյունքում ապրանքային շուկայի մրցակցային իրավիճակը էականորեն չի փոխվի: Ելնելով վարույթի արդյունքներից, Հանձնաժողովը համարեց, որ ընկերությունները, որոնք մեկ սեփականատեր ունեն, համաձայն օրենքի, հանդիսանում են անձանց խումբ` մեկ տնտեսվարող սուբյեկտ, ուստի հնարավոր չէ դիտարկել մեկ տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացման հայտարարագրման հարցը, հետեւաբար վարույթը դադարեցվել է:
Բենզինի շուկայում մեծածախ իրացման գները չեն փոխվել
Հանձնաժողովը բենզինի իրացման շուկայում հունիսին վարույթ էր հարուցել, որի համար հիմք էր հանդիսացել «CPS» ապրանքանշանով բենզալցակայաններում (պատկանում են շուկայում տվյալ ժամանակատվածում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությանը) բենզինի մարածախ գների բարձրացման փաստը: «Քաղ Պետրոլ Սերվիսը» մինչ այդ Հանձնաժողովին գրությամբ տեղեկացրել էր, որ այլեւս բենզինի իրացմամբ չի զբաղվում, եւ շուկայում սկսել է գործել նոր` «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը: Վարույթի արդյունքում պարզվել է, որ բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Քաղ Պետրոլ Սերվիսը» 2009 թ. առաջին կիսամյակում մանրածախ իրացում չի իրականացրել, իսկ մեծածախ իրացման գները չեն փոփոխվել (պետական գնումների մատակարարումն էլ մեծածախ իրացմամբ է ապահովել): Ապրիլից շուկա մուտք գործած «Սիթի Պետրոլ Գրուպը» գերիշխողների ռեեստրում գրանցված չէ: 2009 թ. հունիսի 15-ին այս ընկերության մոտ բարձրացել են բենզինի մանրածախ իրացման գները, ինչի արդյունքում ավելացել է ընկերության շահույթը: Եվ չնայած այն հանգամանքին, որ նշված ընկերությունների հիմնադիրը եղել է միեւնույն անձը, 2009 թ. ապրիլի մեկից փոխվել է դրանցից մեկի հիմնադիրը եւ գործադիր տնօրենը, հետեւաբար այդ երկու ընկերությունները, ըստ օրենսդրության, չեն հանդիսանում անձանց խումբ: Այդպիսով, ուսումնասիրության արդյունքում օրենքի խախտման բավարար հիմքեր չեն հայտնաբերվել: Որոշում է կայացվել բենզինի շուկայի կառուցվածքն ուսումնասիրել այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով:
Դեղատներում օրինական պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ «սեւ հաշվապահություն» է վարվում
Դեղերի շուկայում հարուցված վարույթի եւ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դեղերի շրջանառության ոլորտում առանձնացված 23 ապրանքային շուկաներից 7-ում գերիշխող դիրք ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից 2009 թ. փետրվարի 28-ի նկատմամբ մարտի 5-ին դրամի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված մատակարարման գների բարձրացում է արձանագրվել 2 տնտեսվարողի մոտ. «Ամիկուսի» մոտ` 12-18 տոկոսի եւ «Վագա Ֆարմի» մոտ` 5,8-16,8 տոկոսի չափով: Ստուգումները ցույց են տվել, որ դեղերի գների շեշտակի աճ արձանագրվել է մանրածախ ցանցում` դեղատներում: Ընդ որում` տարբեր դեղատներում միեւնույն դեղի գները տարբեր չափերով են բարձրացել: Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ դեղատներում օրինական պաշտոնական հաշվապահությանը զուգահեռ, այսպես ասած, «սեւ հաշվապահություն» է վարվում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը Կառավարության որոշման համաձայն, դադարեցրել է ստուգումները: Ստուգումների դադարեցումը, օրենսդրական «սողանքցքները» կապված փաստաթղթաշրջանառության ոչ լիարժեք կիրառության հետ, Հանձնաժողովում մասնագետների ոչ բավարար քանակը հնարավորություն չեն տվել շուկայում օրենքի խախտման բավարար հիմքեր ի հայտ բերել: Հարուցված վարույթը դադարեցվել է, որոշվել է ուսումնասիրության արդյունքները տրամադրել Պետական եկամուտների կոմիտեին եւ Առողջապահության նախարարությանը` համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
«Գրանդ Սանը» հանվել է գերիշխողների գրանցամատյանից
Կենցաղում օգտագործվող լամպերի շուկայի կառուցվածքի ուսումնասիրության համաձայն, «Գրանդ Սանը» հանվել է գերիշխողների գրանցամատյանից, «Սոֆ-Սուսը» կենցաղում օգտագործվող շիկացման լամպերի շուկայում համարվել է գերիշխող (գրավում է շուկայի 56 տոկոսը) եւ գրանցվել ռեեստրում: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել