
«Յունիբանկ»-ը և ոստիկանության 6-րդ վարչությունը
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հարկ է համարում հանրությանը տեղեկացնել ներքոշարադրյալի վերաբերյալ.
«Յունիբանկ» ՓԲ ընկերության և «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) միջև 2007թ. և 2008թ. կնքվել են վարկային պայմանագրեր:
2009թ. մայիսի 25-ին բանկի և ընկերության միջև բանակցությունների արդյունքում կնքվել են երկու համաձայնագրեր, որոնցով այլ գրաֆիկ է նախատեսվել վարկի վերադարձման համար: Նույն օրը, բանկի և ընկերության ղեկավարների բանակցության արդյունքում այդ համաձայնագրերը փոխարինվել են այլ համաձայնագրերով, որոնցով գրաֆիկները կրկին փոխվել են հօգուտ ընկերության:
Ըստ այդ համաձայնագրերի` 2011թ. մայիսի 25-ից ընկերությունը սկսելու էր մարումներ կատարել:
25.05.2011թ. ընկերությունը կատարել է իր մարումը` վճարելով վերջին համաձայնագրերի գրաֆիկով նախատեսված վարկը և տոկոսը:
Ընկերության ներկայացուցիչների և Բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարվելու բանակցությունների ժամանակ, Ընկերության ներկայացուցիչը խնդրել է տրամադրել նաև հաշվարկված տոկոսների հետ կապված հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք, կասկածելով, որ բանկը երկու տարվա տոկոսները չի կապիտալիզացրել և այդ մասով հարկ չի վճարել:
Բանկի ղեկավար Վարդան Աթայանը տեղեկանք տրամադրելու փոխարեն հարձակման գործընթաց է սկսել ընկերության դեմ` ընկերությունից պահանջելով ամբողջ վարկի գումարը, իբրև թե ընկերությունը սխալ համաձայնագրերի գրաֆիկով է ղեկավարվել: Բանկի հաջորդ գործողությունն ուղղված է եղել Հին Էրիվան ռեստորանային համալիրի շենքը արտադատական բռնագանձելուն:
Ընկերությունը դիմել է դատարան ընդդեմ Բանկի, ըստ էության խնդրելով ճանաչել նույն օրվա մեջ կնքված երկրորդ համաձայնագրերը:
Բանկի ղեկավար Վարդան Աթայանը դիմել է ՀՀ ոստիկանությանը (6-րդ վարչությանը)` մեղադրելով ընկերության ղեկավար Մանվել Տեր-Առաքելյանին համաձայնագրեր կեղծելու մեջ:
ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը սկսել է լայնածավալ հետաքննական գործունեություն` միջամտելով նաև Ընկերության տնտեսական գործունեությանը:
Բանկի նախաձեռնությամբ սկսված գործընթացով 6-րդ վարչությունը հարկային մարմնից պահանջել է ստուգումներ անցկացնել ընկերությունում:
23.08.2011թ. 6-րդ վարչության 1-ին վարչության աշխատակից Էդգար Մնացականյանը բացատրություններ ստանալու պատրվակով կանչել է Մանվել Տեր-Առաքելյանին և մինչև գիշեր (ժամը 22-ի սահմաններում) չէին թույլատրում դուրս գալ ոստիկանատնից, մինչև չգրի, որ պարտք է «Յունիբանկ»-ին: Ընդ որում, Մանվել Տեր-Առաքելյանի գրած յուրաքանչյուր նախադասության համար, ոստիկանը դուրս էր գալիս հեռախոսազանգի միջոցով ճշտումներ անելու Բանկի ղեկավար Վարդան Աթայանից:
Մանվել Տեր-Առաքելյանը, բազմիցս հայտարարելով, որ բանկի և ընկերության վեճը զուտ քաղաքացիաիրավական է, փաստաբանի միջոցով 6-րդ վարչությանը ներկայացնելով փորձագետի եզրակացությունը նշված համաձայնագրերի իրական լինելու վերաբերյալ, կրկին չի կարողանում ազատվել «Յունիբանկ»-ի Վարդան Աթայանի միջոցով ոստիկանության ճնշումներից:
1. «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը պաշտոնապես կոչ է անում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 1-ին վարչությանը (Ս.Ջեյրանյան) հեռու մնալ ընկերության տնտեսական գործունեությանը միջամտելուց և խստորեն պահպանել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված պարտականությունները ու ծառայել հասարակությանը և ոչ թե միայն «Յունիբանկ»-ին:
2. «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերությունը պաշտոնապես կոչ է անում «Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերին` ստուգեք բանկի ղեկավար Վարդան Աթայանի գործունեությունը, քանի որ նա բանկի հաճախորդների հետ կապված հարցերը լուծում է ոստիկանության և հարկային մարմինների միջոցով (մեր տեղեկություններով, մենք առաջին դեպքը չենք, իսկ գաղտնիք չէ, որ վարկ վերցնելիս վարկառուները բանկին հայտնում են նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ), և իր անձնական ամբիցիաների համար օգտագործում է Բանկի ռեսուրսները:
Հ.Գ. Մեր ընկերությունը մոտ ապագայում հանրության սեփականությունը կդարձնի «Յունիբանկ»-ի ղեկավար Վարդան Աթայանի և ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության հետ կապված այլ հետաքրքիր տեղեկություններ:
«Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրեն Մնացական Իսպիրյան
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել