«Իրավապահ եւ դատական մարմինները պետք է հասկանան, որ հանրային պաշտպանի գրասենյակը չի ստեղծվել նրանց ապահովագրելու համար»
Հարցազրույց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանի հետ Պարոն Ղազանչյան, հանրային պաշտպաններից հրաժարումների թիվը վերջին ամիսներին կտրուկ նվազել է, ինչո՞վ է դա պայմանավորված:
Դա պայմանավորված է մի շարք գործոններով. առաջին` այժմ հանրային պաշտպանները քրեական գործով ներգրավվում են միայն նախաքննությունն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, մինչդեռ նախկինում շատ էին դեպքերը, երբ հանրային պաշտպանները (հ/պ) ներգրավվում էին առանց օրենքով սահմանված բավարար հիմքերի:
Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է, որպեսզի հանրային պաշտպան ներգրավելու համար վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանված որոշում կայացնի կասկածյալին, մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին: Օրենքի այս պահանջը կատարելու համար վարույթ իրականացնող մարմինները պետք է պարզեն` կասկածյալը, մեղադրյալը ցանկանո՞ւմ է ունենալ պաշտպան, թե` ոչ, պարզեն նրա գույքային դրությունը, որից հետո միայն որոշում կայացնեն հ/պ հրավիրելու մասին եւ դիմեն Հանրային պաշտպանի գրասենյակին (ՀՊԳ): Երկրորդ` փոխվել է հանրության տեղեկացվածության աստիճանը: Երրորդ` հանրության իրավագիտակցության եւ իրավական կուլտուրայի աճն է իր նկատելի դրական միտումներով: Չորրորդը, կարծում եմ, պայմանավորված է հանրային պաշտպանների մասնագիտական որակների աճով, որն աննկատ չի մնում, ինչպես նաեւ մի շարք գործերով այդ որակների լավագույն դրսեւորմամբ: ՀՊԳ-ում գիտակցում են նաեւ, որ իրավաբանական օգնությունը, որը տրամադրվում է մարդկանց, որոնք զրկված են իրենց իրավունքները իրականացնելու համար վճարովի իրավաբանական օգնության համար դիմելու հնարավորությունից, ունի նաեւ բարոյական կողմ: Այդ մարդկանց տրամադրվող անվճար իրավաբանական օգնությունը պետք է լինի որակյալ, լիարժեք եւ իրական, որ, գոնե այս առումով, անվճարունակ քաղաքացիներն իրենց հասարակությունից անտեսված ու օտարված չզգան: Փաստաբանների պալատը հ/պ-ներից պահանջում է իրավական օգնության մակարդակը եւ որակը ապահովել, բոլոր դեպքերում, ոչ պակաս, քան վարձատրությամբ մատուցվող իրավաբանական օգնութուններն են: Երեւան քաղաքում այս իմաստով վիճակը կարելի է բավարար գնահատել, ինչը չեմ կարող ասել մարզերի մասին: Մարզերում կան հանրային պաշտպաններ, որոնք վատ են պատկերացնում, թե ինչ է նշանակում փաստաբան, քրեական գործով պաշտպան, հանրային պաշտպան եւ որն է նրանց գործառույթը, որն է հ/պ-ի, ավելի լայն իմաստով, փաստաբանության գործունեության նպատակն ու իմաստը: Առանձին դեպքերում, որոշ հ/պ-ներ իրենց «պաշտպանական ճառում» վերարտադրում են մեղադրողի դիրքորոշումը ու այն ներկայացնում որպես պաշտպանական կողմի հաղթանակ:
Մարզերում գործող փաստաբանների մասնագիտական ցածր որակը միշտ էլ նկատելի է եղել, ՀՊԳ-ն ներկայումս ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է հանրային պաշտպանների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար:
Հ/պ-ների մոտ նկատվող թերություններնն ու թերացումները բացահայտելու եւ շտկելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, այդ թվում կազմակերպվում են քննարկումներ, սեմինարներ, դասախոսություններ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ միջազգային կազմակերպությունների (օրինակ, ABA/ROLI) հետ համագործակցության շրջանակներում: Պաշտպանի եւ պաշտպանյալի հարաբերությունների հարցը շատ նուրբ հարց է, եւ դա միայն հանրային պաշտպանի գրասենյակի խնդիրը չէ: Փաստաբանությունը թեեւ վերջին մի քանի տարիներին լուրջ աշխատանքներ է իրականացրել գրեթե բոլոր ուղղություններով, բայց, միեւնույն է, դեռ շատ անելիքներ կան տեսական, փաստաբանական պրակտիկայի ուսումնասիրության եւ ամփոփման հետ կապված: Շատ որոշիչ է կրթական, թերեւս նաեւ, աշխատանքային միջավայրը: Ինձ այնքան չի հուզում հրաժարումների խնդիրը, որքան այն, թե փաստաբանները որքանով են որակյալ, իրական իրավաբանական օգնություն ապահովում իրենց վստահորդներին: Բացի այդ, անհրաժեշտ է, որ իրավապահ եւ դատական մարմիններում, ի վերջո հասկանան, որ հանրային պաշտպանի գրասենյակը կամ ընդհանրապես փաստաբանությունը չեն ստեղծվել, որ ձեւական ներկայությամբ ապահովագրեն ոմանց: Պաշտպանը նրա համար չէ, որ պաշտպանության ներկայացում խաղա ինչ-ինչ փաստաթղթերի տակ ստորագրելով, փաստաբան-պաշտպանը մի առաքելություն ունի` վստահորդի, ում պաշտպանությունը ստանձնել է, իրավունքները պաշտպանել օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով` լինի նա կասկածյալ, մեղադրյալ թե ամբաստանյալ:
Երբ այդ արհեստական հրաժարումներին վերջ տրվեց, արդյոք մեծացա՞վ հանրային պաշտպանների մասնակցությամբ գործերի քննության քանակը:
Չեմ կարծում, որ վերջ է տրվել, նախաքննության մարմիններում վերոնշյալ հոգեբանությունը շարունակվում է պահպանվել: Ի դեպ, նախաքննական մարմինները նույնպես վերապատրաստման մեծ կարիք ունեն, նրանցից ոմանք, որպես քննիչ, ձեւավորված չեն: Հիմա շատերն առանց համապատասխան պատրաստվածության են ընդունվում համակարգ, իսկ որոշ քննիչներ պրոֆեսիոնալիզմի պակասը փորձում են կամ լրացնում են կոպտությամբ կասկածյալի մեղադրյալի դատավարական իրավունքների անտեսմամբ, շանտաժով: Ինչ վերաբերում է հ/պ-ների ունեցած գործերի քանակին, այն բացարձակ թվերով գրեթե անփոփոխ է, իսկ հրաժարումների տարբերության հաշվարկով իրական գործերով աճ է արձանագրվել:
Իսկ դա գործո՞ն է, որ քննիչներն ամեն ինչ անեն, որպեսզի հանրային պաշտպանը չներգրավվի գործում:
Այն գործողությունները, որոնց դիմում են ոմանք, ուղղված չէ միայն հանրային պաշտպանների դեմ, այն ուղղված է ընդհանրապես պաշտպանության, վերջին հաշվով մարդու պաշտպանության իրավունքի դեմ: Այդ գործողություններն ուղղված են անձին իրական պաշտպանությունից զրկելուն եւ պաշտպանությունից նրա ներկայությամբ հրաժարումը արձանագրելուն: Նման գործողությունների, որպես կանոն, դիմում են այն քննիչները, որոնք իբրեւ մասնագետ չեն կայացել:
Բայց նախաքննական մարմինները օրենքի պահանջը հենց այդպես էլ մեկնաբանում են:
Կարծում եմ, որեւէ օրենք չի նախատեսում, որ նախաքննության մարմինը կարող է խաբեության էլեմենտ պարունակող փաստարկներով համոզել մարդուն հրաժարվելու պաշտպանից, հետո պաշտպան հրավիրել հրաժարումը արձանագրելու համար: Երկրորդ` ՀՊԳ-ի միջոցով հ/պ ներգրավելու կարգի մասին ձեր նախորդ հարցին ի պատասխան ասել եմ, նորից կրկնում եմ, վարույթ իրականացնող մարմինը սահմանված կարգով պետք է որոշում կայացնի եւ դիմի մեզ: Այդ կարգի պահպանումը ենթադրում է, որ հանրային պաշտպան ներգրավվում է կասկածյալի, մեղադրյալի ցանկությամբ, կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է:
Մինչեւ վերջերս թե հանրային պաշտպանի գրասենյակի պատասխանատուները եւ թե ոստիկանության աշխատակիցները խոսում էին այն մասին, որ որոշ մարզերում հանրային պաշտպանների թիվն ավելացնելու կարիք կա, նրանց պահանջարկը մեծ է: Ներկա վիճակագրական տվյալներով, իրո՞ք, հանրային պաշտպանների քանակն ավելացնելու անհրաժեշտություն կա:
Այո, կա, իսկ առանձին մարզերում դա առանձնակի հրատապություն ունի: Ի դեպ, այժմ մշակվում է «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որը մշակող հանձնաժողովում ներգրավված են փորձառու եւ բարձր որակավորում ունեցող իրավաբաններ, նաեւ` ամերիկացի փորձագետ: Նախագիծն, ըստ էության, հիմնարար սկզբունքների եւ գործառույթների առումով բավականին նորություններ է պարունակելու: Մասնավորապես, հանրային պաշտպանի գրասենյակի գործառույթները քաղաքացիական գործերի մասով նախատեսվում է ընդլայնել: Հետեւաբար, օրենքի փոփոխություններն ընդունելուց հանրային պաշտպանների թիվը, համապատասխանաբար պետք է ավելանա, ե՛ւ Երեւան քաղաքում, ե՛ւ մարզերում:
Բազմաթիվ գործերի ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ հանրային պաշտպանից հրաժարվում են նախաքննության կեսից, քննության ավարտին, անգամ` դատաքննության փուլում: Ձեր կարծիքով, հանրությունը վերապահում ունի՞ անվճար կատարված ծառայության նկատմամբ, թե՞ արդյունավետ չի համարում հանրային պաշտպանի գործունեությունը, այդ պատճառով է նաեւ ընթացքում հրաժարվում:
Պատկերացնենք այն անձի վիճակը, ում ձերբակալել են ու պետք է լուծեն կալանավորման հարցը, քննիչը նրան առաջարկում է պաշտպան, նա արդեն անազատության մեջ է, հարազատները դեռ չեն կողմնորոշվել, քննիչն էլ պետք է մեղադրանք առաջադրի` սահմանված ժամկետներում: Հեշտ ճանապարհը հանրային պաշտպանի գրասենյակին դիմելն է, արդյունքում ստացվում է, որ քննիչը այդ պաշտպանին հրավիրելով որոշակի գործողություն է կատարում, բայց այդ գործողության ընթացքում հարազատները, որոնք վճարունակ են, պայմանագիր են կնքում իրենց ծանոթ եւ իրենց վստահությունը վայելող վճարվող պաշտպանի հետ: Այդ պահից հանրային պաշտպանի մասնակցության հիմքը դադարում է, հետեւաբար, հանրային պաշտպանն ինքը կարող է իր լիազորությունները դադարեցրած ճանաչելու պահանջ ներկայացնել: Ի դեպ, արձանագրվել են դեպքեր, երբ տեսնելով հանրային պաշտպանի ավելի արդյունավետ աշխատանքը, մարդիկ հրաժարվել են վճարովի պաշտպանից:
Մի հանգամանք էլ կա, հ/պ-ներն ասում են, երբ մեզ քննիչն է կանչում` այդ հանգամանքով պայմանավորված մեզ արդեն դիտում են որպես «քննիչի մարդ»:
Ճիշտն ասած, «քննիչն է կանչում» արտահայտությունը ինձ համար անհասկանալի է, քննիչը ընդամենը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ՀՊԳ դիմելու համար: Այո, անվստահության էլեմենտ կա: Ենթադրելով, որ պաշտպանը «քննիչի մարդն է», մարդիկ կասկածով են վերաբերում նաեւ հ/պ-ին, որովհետեւ չեն պատկերացնում հ/պ նշանակելու մեխանիզմը, եւ որ քննիչը կոնկրետ պաշտպան չի հրավիրում: Այս անվստահությունը ավելի շուտ անվստահություն է հենց քննիչի եւ որոշ վայ փաստաբանների նկատմամբ, որոնք իրենց թույլ են տալիս իջնել գործիք դառնալու մակարդակի:
Մեր ուսումնասիրության շրջանակում ընդգրկված մարզերում` Գեղարքունիք, Կոտայք, Արագածոտն վերջին ամիսներին, հիմնականում, հանրային պաշտպաններին հրավիրել են այն դեպքերում, երբ պաշտպանի մասնակցությունը քննությանը պարտադիր է օրենքով` հոգեկան հիվանդ, զինվորական ծառայության մեջ գտնվող, անչափահաս եւ այլն...
Ցանկացած գործով կասկածյալը, մեղադրյալը հենց որ ցանկություն են հայտնում պաշտպան ունենալու` պաշտպանի մասնակցությունը դառնում է պարտադիր: Եթե չկա տվյալ մարզի տվյալ ժամանակահատվածի գործերի ամբողջական պատկերը` ըստ քանակի, բնույթի եւ փաստաբանի մասնակցության, որեւէ եզրակացություն անել չի կարելի: Մենք մարզերում ունենք փաստաբաններ, որոնք կես դրույքով նաեւ հանրային պաշտպաններ են աշխատում, եւ չի բացառվում, որ նրանք գործերին մասնակցեն վճարովիության սկզբունքով: Այս տարվա առաջին կիսամյակում, եթե նկատի ունենանք հրաժարումների տարբերությունը նախորդ տարվա համեմատությամբ, առկա է քրեական գործերով հ/պ-ների իրական մասնակցության աճ: Նույն մարզի պաշտպանները, ունեն տարբեր քանակի գործեր: Մեկը ունի տասից ավելի գործ, իսկ մյուսը` 2-3: Դա կախված է նաեւ նրանից, թե ինչ բնույթի գործ է եւ ինչպիսի ընթացք է ունենում
Հնարավո՞ր է վերահսկել հ/պ-ների գործունեությունը արդյունավետության առումով:
Եթե ուզում ենք, որ նախաքննության մարմինները, դատախազությունը, փաստաբանները իրենց գործառույթների շրջանակներում արդյունավետ աշխատեն, ապա ամեն ջանք պետք է գործադրել ունենալու այնպիսի դատական համակարգ, որը չհանդուրժի գոնե ակնհայտ ապօրինի, չհիմնավորված դատական ակտերը: Իմ կարծիքով, այսօր ամենակարեւոր իրավական սկզբունքը, այն է` բոլոր չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի, ամբաստանյալի, ցավոք, չի գործում, որովհետեւ դատարանների կողմից չի կիրառվում: Այդ սկզբունքը մեզ մոտ ոչ միայն չի գործում, այլեւ կիրառվում է ճիշտ հակառակ մեկնաբանությամբ` այն ամենը ինչ կասկածելի է գնահատվում է ի վնաս մեղադրյալի, ամբաստանյալի: Դատարանները, եթե տարաբնույթ եւ տարատեսակ ճնշումներին եւ ազդեցություններին դիմակայելու ուժ գտնեն եւ ապահովեն գոնե այս սկզբունքի կիրառությունը, ապա բավականին լուրջ հարցեր ինքնին կգտնեն իրենց լուծումը` մինչդատական վարույթ իրականացնող մարմինները ստիպված կլինեն աշխատել առանց դատավարական նորմերի կոպիտ խախտումների, դատախազությունը ստիպված կլինի ավելի ուշադիր եւ լուրջ հսկողություն իրականացնել, գուցեեւ հավասար մրցակցության հնարավորության հեռանկարը նոր հույսեր արթնացնի Հայաստանի Հանրապետությունում:
Հարցազրույցը` Բելլա Հովհաննիսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել