HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Նորամուծություն» Վարդենիսի քաղաքապետարանում

Հարկային պարտավորությունը չկատարած քաղաքացուն տեղեկանք չեն տրամադրում

Տեւական ժամանակ է, ինչ վարդենիսցիները քաղաքապետարանի հետ գործ ունենալու դեպքում պետք է իրենց դրամապանակում գումար ունենան, քանի որ քաղաքապետարանի հետ ցանկացած գործարքի դեպքում քաղաքապետարանի աշխատակիցները նախ համոզվում են` քաղաքացին չմուծված հարկեր ունի՞, թե ՞ ոչ: Եթե պարտքեր ունի, ապա մինչեւ դրանք չվճարի, նրա հետ գործարք չեն կատարում, ինչը լուրջ դժգոհությունների առիթ է տալիս:

Վերջերս Վարդենիսի քաղաքապետի ընդունարանի հարեւանությամբ հայտնվել է մի հայտարարություն, որը քաղաքացիներին հորդորում է նախ մտնել հարկային բաժին, վճարել ունեցած պարտքերը, ապա մոտենալ քարտուղարություն` անհրաժեշտ տեղեկանքը վերցնելու համար: «Եթե քաղաքացու նկատմամբ մեր ստանձնած պարտավորությունը կատարում ենք, քաղաքացին էլ պարտավոր է իր պարտավորությունները կատարի: Այսօր քաղաքացին հողի կամ գույքահարկի պարտքեր ունի, չէ ՞ որ այդ հարկերի վճարումով է քաղաքապետարանը գոյատեւում: Իրենք իրենց պարտավորությունը չեն կատարում ու ասում են` ցանկացած տեղեկանքը պիտի տաս: Բա մենք ո ՞ նց աշխատենք: Ես էլ գրել եմ` եթե քաղաքացին պարտք է, պետք է իր պարտավորությունները կատարի: Դուք ասեք, ինձ ուղություն ցույց տվեք, ես էլ աշխատեմ»,- քաղաքապետարանի նորամուծությունը «Հետքին» պարզաբանեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Քաղաքապետարանում մեր գտնվելու պահին տեղեկանք վերցնելու համար այնտեղ էր եկել վարդենիսցի Ռիմա Խաչատրյանը: Նրա համար անակնկալ էր ընդունարանի հարեւանությամբ փակցված հայտարարությունը: Մի քանի անգամ կարդալուց ու համոզվելուց հետո, որ անպայման պետք է հարկերը վճարի, նոր տեղեկանք վերցնի, առանց քարտուղարություն մտնելու տարեց կինը ձեռնունայն հեռացավ քաղաքապետարանից: «Բալա ջան, ես ի՞նչ գիտենայի, որ ստեղ էլ են փարա ուզում տեղեկանք տալու համար: Հողերը մեր գլխին, սաղ եղան փող աշխատող, մինակ մենք մացինք չոր ու ցամաք»,- դժգոհեց տիկին Ռիման: Քաղաքապետի ասելով` ինքն առաջարկել է քաղաքացիներին` եթե ունեցած պարտքերը միանգամից չեն կարողանում վճարել, համամասնորեն վճարեն կամ էլ պարտավորագիր գրեն, որ քաղաքապետարան հաջորդ գալուց` պարտքը մարեն: «Դուք ինձ հասկացեք, մենք էլ պլան ենք կատարելու, աշխատավարձ պետք է տանք, եթե ոչ, ուրեմն անհնարին է աշխատել: Քաղաքացուն այսօր պետք է բերել իրավական դաշտ, որպեսզի քեզ հաշվետու լինեն: Եթե որեւէ մեկը տեղեկանքի համար ավելորդ փող ուզի, կբռնեմ ականջները կկտրեմ: Մենք պարզապես ասում ենք` քո պարտավորությունը կատարիր: Շատ դեպքերում քաղաքացիներին չենք կարողանում տանը բռնացնել, վերջապես գալիս են քաղաքապետարան, մեզ հետ գործ են ունենում, խնդրում ենք, որ հարկերը վճարեն, իրենց վրա չենք բռնանում»,-ավելացրեց քաղաքապետը: Վ. Խլոյանի փոխանցմամբ` բազմաթիվ դատական գործեր ունեն, որոնք վերաբերում են քաղաքացիների կողմից հարկային պարտավորությունների չկատարմանը: «Խո չե՞մ հաշվել, թե ինչքան դատական գործ ունենք, բայց դատարան դիմելն էլ հեշտ բան չի: Եկեք մի կողմն էլ նայենք, մեր ժողովուրդն են, սոցիալական վատ պայմաններում են ապրում, եթե հնարավորություն ունենան, կվճարեն, էլի, ոչ մեկին էլ հաճելի չի, որ իրան անընդհատ ասեն` դու պարտք ես, պիտի վճարես: Քաղաքացիներն էլ մեղք չունեն»,- ասաց քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter