Սերժ Սարգսյանի այցը Ջերմուկ. 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ առողջարանային համալիրի համար
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում: Նա մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային եւ զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը: Չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ: Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաեւ` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի:
Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Գլխավոր ճարտարապետը Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է եւ կավարտվի 2011թ.:
Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: Երկրի ղեկավարին են ներկայացվել նաեւ քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթեւեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգւյցի եւ ավտոճանապարհի նախագծերը: Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:
Երկրի ղեկավարը հանդիպել է նաեւ «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի հաղթող Ջերմուկի թիվ 1 դպրոցի հավաքականի անդամներին: Սերժ Սարգսյանը շնորհավորել է երեխաներին եւ ասել, որ հիացած է ուսման եւ գիտելիքի հանդեպ նրանց սիրով ու տարած գեղեցիկ հաղթանակով: Նախագահը նշել է, որ նաեւ այսպիսի օրինակները կոգեւորեն դպրոցականներին ու կօգնեն գիտակցելու լավ սովորելու եւ կյանքում իրենց արժանի տեղը գտնելու համար գիտելիքին ապավինելու անհրաժեշտությունը: Հավաքականի անդամները երկրի ղեկավարին պատմել են մրցույթի ընթացքում իրենց ունեցած զգացումների եւ տպավորությունների, նաեւ` հայրենի քաղաքում որպես փոքրիկ հերոսներ ընդունվելու մասին: Սերժ Սարգսյանը բարի ճանապարհ է մաղթել երեխաներին, ովքեր նույն օրվա երեկոյան ուղեւորվում էին դեպի պատմական Արեւմտյան Հայաստան, նշելով, որ այդ ուղեւորությունը յուրօրինակ հնարավորություն է` համալրելու հայոց պատմության մասին նրանց գիտելիքները: Երեխաները երկրի նախագահի եւ «Փյունիկ» հիմնադրամի կողմից որպես պարգեւ ստացել են «նոութբուք» համակարգիչներ:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով: Շախմատային խաղերը մեկնարկել են օգոստոսի 9-ին` Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ խաղազույգի խաղատախտակ վրա ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդարացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կատարած առաջին խորհրդանշական քայլերով: Մինչ բոլոր 7 խաղատախտակների վրա կատարվում էին առաջին քայլերը, 8-րդ խաղատախտակի վրա իրենց ուժերն են չափել ՀՀ նախագահը եւ ՖԻԴԵ-ի նախագահը` գրանցելով ոչ-ոքի արդյունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել