Կարկուտը մարդկանց թողել է անօթևան
Օգոստոսի 8-ին Արագածոտնի մարզից հայտնել են, որ Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, Ռյա Թազա, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Մելիք, Սվաշեն եւ Սանգյառ գյուղական համայնքներում տեղացել է ուժեղ կարկուտ, իսկ Միրաք գյուղում նաեւ ուժեղ քամու հետեւանքով շրջվել են ծառեր, էլեկտրական հենասյուներ, եւ համայնքը հոսանքազրկված է:
Վնասի հետեւանքները ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որն այցելելով Միրաք գյուղ պարզել է, որ վնասվել է 33 սեփական տան տանիք, կոտրվել են ապակիներ, իսկ մի շարք տներում` նաեւ տան գույքը:
Պատճառված վնասը կազմել է շուրջ 10,5 մլն դրամ, իսկ վնասված տների բնակիչները` մնացել են անօթեւան:
ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանի հրամանով հատուկ փրկարարական, Ծաղկահովիտի եւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատները մեկնել են Միրաք գյուղ` վրանային ավան կազմակերպելու համար:
Միրաք գյուղ են մեկնել նաեւ ՀՓԾ տնօրեն - ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, ՀՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ս. Ազարյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանը:
Փրկարարները գյուղում տեղադրել են 5 վրան:
***
Նույն օրը Տավուշի մարզում տեղացած խոշոր կարկուտից (մոտ 3 սմ տրամագծով) եւ ուժեղ քամուց տուժել են մարզի Սեւ Քար գյուղական համայնքի ցանքատարածքները: Քամին վնասել է անտառտնտեսության շենքի եւ մի շարք անասնապահական ֆերմաների տանիքները:
Վնասի չափերը պարզելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով:
Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից էլ տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 7-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած հորդ անձրեւի ու կարկտի հետեւանքով սարերից իջնող սելավաջրերը վնասել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել հինգ սեփական տան նկուղ եւ երկու անասնագոմ:
Օգոստոսի 7-ին Արագածոտնի մարզում ժամը 19.53-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են Ծաղկահովիտ, Սանգյառ, Ալագյազ, Լուսակն, Ռյա Թազա, Միրաք, Մելիքգյուղ, Դերեկ, Օրթաճյա, Սիփան, Ամրե թազա եւ Վարդաբլուր գյուղերի մշակաբույսերը:
Նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկտի հետեւանքով վնասվել են Բայանդուր, Նոր կյանք, Տուֆաշեն, ուսանագյուղ, Անուշավան, Հայկասար, Սարալանջ գյուղերի ցանքատարածքներն ու տնամերձ հողատարածքները:
Նույն օրը, ժամը 18.00-ից մինչեւ 18.40-ը Լոռու մարզում տեղացած հորդառատ անձրեւի ու կարկտի հետեւանքով սելավաջրերը լցվել են Վանաձորի Բաղրամյան պողոտա եւ այն դարձրել դժվարանցանելի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ջրահեռացման ուղիների մաքրման ու բացման ուղղությամբ:
Ժամը 20.00-ի դրությամբ ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է:
Լոռու մարզում տեղացած հորդ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են Կողես, Ծաթեր, Վարդաբլուր, Ահնիձոր գյուղերի ցանքատարածքներն ու պտղատու այգիները:
«Բոլոր տեղամասերում վնասների չափերը ճշտվում են»,-հայտնում է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել