HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Պեղումները վկայում են, որ Տիգրանակերտը Կովկասի ամենահզոր լանդշաֆտային հուշարձաններից է

10_08-tigranakert-group Արցախի Տիգրանակերտում շարունակվում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի պեղումները, որոնք իրականացվում են ԼՂՀ պետբյուջեի միջոցներով: Պեղումներն այս տարի սկսվել են հունիսի կեսերին եւ կավարտվեն այս ամսվա վերջին:

10_08-H_PetrosyanՕգոստոսի 7-ին Տիգրանակերտ հրավիրված լրագրողների հետ հնավայրով շրջեց արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, Երեւանի պետհամալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը եւ ներկայացրեց աշխատանքների արդյունքները: Նրա խոսքերով` Տիգրանակերտի պեղումներն ընթանում են հիմնականում երեք տեղամասերում: Առաջինը այցելեցինք վաղքրիստոնեական բազիլիկ եկեղեցու տարածք, որտեղ եկեղեցու հիմնական կառույցի պեղումները մոտենում են ավարտին: Համլետ Պետրոսյանի ներկայացմամբ` այս տարվա պեղումների նորույթներից է եկեղեցու արեւելյան աբսիդի արտաքին նիստավոր պարագծի բացումը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ եկեղեցու նախնական կառույցն ավելի վաղ շրջանի է` 4-5-րդ դարերի: Եկեղեցու պեղումների ընթացքում գտնվել են նաեւ արծաթե դրամներ (12-13-րդ դարերի), որոնք վկայում են, որ եկեղեցու կործանումից հետո այդ տարածքում դեռ բնակվում էին: Գտնվել են նաեւ վաղմիջնադարյան ապակյա անոթների, հատկապես դամպարների բազմաթիվ բեկորների, խաչի հավելումով անոթի, խաչանշան վզնոցի, վաղ ջնարակի բազմաթիվ նմուշներ, սնդկամանի բեկորներ: 10_08-tigranakert-details Արշավախմբի ղեկավարի խոսքերով` եկեղեցու տարածքում ակնհայտորեն երեւում է խաչապաշտությունը, որի վկայություններն են հատուկ կճուճը, որի վրա վերադիր խաչ կա, փոքրիկ վզնոցի մասը, որի վրա նույնպես խաչ է փորագրված, խաչեր կան նաեւ եկեղեցու տարբեր մասերում: Հատկանշական են նաեւ հայերեն արձանագրությունները. այս տարի մի բեկոր են հայտնաբերել «Խ» տառով, որը, Հ. Պետրոսյանի խոսքերով, Արցախի ամենավաղ արձանագրությունների, ինչպես նաեւ այստեղ 6-րդ դարի սկզբին կամ գուցե 5-րդ դարի վերջերին հայերեն տառերի կիրառության ապացույցն է: Մեր երկրորդ կանգառը միջնաբերդի կետրոնական հատվածում էր, որտեղ անտիկ կառույցները համարյա ոչնչացվել են, եւ հիմնական մշակութային շերտը կազմում են վաղ (4-8-րդ դդ.), մասամբ էլ զարգացած (12-13-րդ դդ.) միջնադարյան անկանոն կացարանները` քարից եւ ցեխից սարքած ծուռումուռ պատերով, խոշոր կարասների եւ թոնիրների մնացորդներով: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ինեսա Կարապետյանը մեզ պատմեց, որ Տիգրանակերտի միջնաբերդի ամենավերեւի հատվածը, նախնական պատկերացումներով, ամենակարեւոր պաշտպանական հանգույցներից մեկն էր, որտեղ, ըստ ամենայնի, կային նաեւ հսկայական աշտարակ եւ մեծ հրապարակ: 10_08-tigranaert_gemma Միջնաբերդի մաքուր անտիկ շերտը վավերացվում է առայժմ միայն կղզյակների տեսքով` տալով մ.թ.ա. առաջին-մ.թ. առաջին դարերի գունազարդ խեցեղենի կատարյալ օրինակներ: Այստեղ գտնվել են անտիկ կնիք-գեմմա, որի վրա պատկերված է եղջերու` գավակին բազմած մի արծիվ եւ վաղմիջնադարյան կավե կնքադրոշմներ, որոնք վկայում են այն մասին, որ Տիգրանակերտը ոչ թե սովորական բնակավայր է եղել, այլ ունեցել է կարեւոր առեւտրա-վարչական դերակատարում: 10_08-tigranakert_nord-hallՄյուս կանգառում` միջնաբերդի հյուսիսային պարսպի հատվածում, ինչպես մեզ պատմեց արշավախմբի անդամ, Արցախի պետհամալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, այդ հատվածի պատասխանատու Վարդգես Սաֆարյանը, այս տարի շարունակվել է պարսպի բացումը, որի արդյունքում պարսպի երկարությունն ավելացել է շուրջ 25 մետրով (անցյալ տարի այն 60 մետր էր): Այս հատվածի հիմնական գտածոն ագաթե կնիքներից է, որոնք, Վ. Սաֆարյանի խոսքերով, կային մ.թ.ա. 4-րդ դարից մինչեւ հելլենիստական շրջանը: Խեցեղեն է հայտնաբերվել` ինչպես մ.թ.ա. եւ մ.թ. առաջին դարերի, այնպես էլ վաղ միջնադարյան` 4-8-րդ դարերի եւ 12-13-րդ դարերի, որոնք խոսում են այն մասին, որ այդ ժամանակաշրջաններում տարածքը բնակեցված է եղել: Նոր է նաեւ հում աղյուսից կառուցված կառույցը, որը դեռ մանրամասն ուսումնասիրության կարիք ունի: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքերով` այստեղ պարզ երեւում են փորված ժայռերը, կվադրերի հստակ մշակումը, ծիծեռնակապոչ կապերը: Նրա հավաստմամբ` հիմա այնպիսի շերտում են պեղումներն ընթանում, որ անընդհատ ինչ-որ բաներ են գտնում: 10_08-tigranakert_church Շրջագայությունից հետո Տիգրանակերտի տարածքում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, «Տիգրանակերտի արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեռնիկ Հովհաննիսյանը եւ արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը մամուլի ասուլիս հրավիրեցին, որի ընթացքում ներկայացվեցին նաեւ հետագա ծրագրերը: Արշավախմբի ղեկավարի պնդմամբ` ամրացված թաղամասի պեղումները վկայում են, որ ժայռափոր են եղել ոչ միայն միջնաբերդի պարիսպները, այլ անտիկ ցանկացած կառույցի հիմքերը: «Մոտ 10 հա կազմող թեք սարալանջի նման մշակումը հիմք է տալիս պնդելու, որ Տիգրանակերտը մի լանդշաֆտային հուշարձան է, որը Կովկասի ամենահզոր հուշարձաններից մեկն է»,- գտնում է նա: Պրն Պետրոսյանը նաեւ կարեւորում է Տիգրանակերտի պահպանումն ու աշխարհին ներկայացնելը, քանի որ քաղաքը տեսանելի եւ ընկալելի է տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից: Սակայն մի խնդիր կա այստեղ. Վանքասարի ամբողջ համալիրը պետք է անաղարտ մնա եւ որեւէ տնտեսական գործունեություն չպիտի խոչընդոտի դրան: Խոսքը, մասնավորապես, Վանքասարի մոտ գործող քարհանքի մասին է: Ցավով նշելով այդ մասին` Զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ, իհարկե, քարհանքն էլ է պետք, բայց կառավարությունը գտնում է, որ դա պետք է փակվի, սակայն մինչ այդ անհրաժեշտ է այլընտրանքի մասին մտածել: 10_08-tigranakert_museum Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ ընթանում են 18-րդ դարի (պարսկական ժամանակաշրջանում կառուցված) ամրոցի վերականգնողական աշխատանքները: Այստեղ նախատեսվում է ստեղծել Տիգրանակերտի թանգարանը, որի բացումն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ տարվա մայիսին: «Հիմա ընթանում են հնավայրի բարեկարգման նախագծի աշխատանքները, որոնք կավարտվեն տարեվերջին, իսկ հաջորդ տարի կսկսվեն լայնածավալ վերականգնողական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter