Շատվան գյուղի մոտ 50 երիտասարդներ հնարավորություն չունեն ամուսնանալու
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը բնակեցված է 1988 թ. Ադրբեջանից բռնագաղթած հայերով: Մեզ հետ զրույցում շատվանցիները կես-լուրջ, կես-կատակ ասում էին, որ պետությունն իրենց գյուղի տեղը կորցրել է, քանի որ Երեւանից բավականին հեռու է եւ գտնվում է ծովի մակարդակից մոտ 2500 մետր բարձրության վրա:
Շատվան մտնող անծանոթ մարդը հենց գյուղի մուտքից զգում է ճանապարհների անանցանելիության, փողոցի փոսերում անձրեւաջրերից գոյացած լճակների պատկերի դառնությունը: Գյուղը նաեւ դեռեւս պատերազմական իրավիճակում գտնվողի տպավորություն է թողնում, քանի որ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նախկինում Շատվանում ապրած թուրքերի տների, որոնք այժմ ավերակի են վերածվել: «Մեր ճանապարհներով եկաք, տեսաք, թե ինչ ավերակ վիճակ է: Ասիական բանկի միջոցներով մրցույթ էր կայացել, որ գյուղի 7.5 կմ երկարության ճանապարհները վերանորոգվեին, բայց արդեն 5 տարի է իրականություն չի դառնում: Մտանք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մեջ, երկու անգամ մեզ այնտեղից դուրս շպրտեցին, հուսանք, որ այդ ճանապարհը մի օր կվերանորոգվի»,- «Հետքին» ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը: Համայնքապետի ասելով` թեեւ Շատվանը բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղ է, սակայն բազմաթիվ խնդիրներ ունի. «Լավագույն դեպքում մենք 7 ամիս ձմեռ ենք տեսնում, եւ գյուղացին առաջին հերթին պետք է վառելիքի հարցը լուծի: Շատվանցին իր եկամտի 40 տոկոսը տալիս է փայտին, քանի որ գյուղը գազիֆիկացված չէ: Մենք դիմել ենք մարզպետին, մարզպետն էլ միջնորդագիր է ներկայացրել կառավարությանը: Մեզ ասել են, որ 2010 թվականին կգազիֆիկացնեն, էլի սպասենք եւ հուսանք…Տեսեք, ինչ կուրիոզ հարց է. «ՀայՌուսգազարդը» ամենաշատ բաժանորդն ունի Գեղարքունիքի մարզում, բայց Վարդենիսի տարածաշրջանի 36 համայնքներից միայն 7-8 համայնքներն են գազիֆիկացված»: Մեր նախորդ համարներից մեկում (տես հոդվածը` «Դպրոցի տնօրենը տունն է վաճառում, կանայք էլ երեխա են ունենում, որ վարկերի գումարները փակեն», http://hetq.am/am/society/vark-12/) անդրադարձել էինք շատվանցիների վարկային խնդիրներին, որն այս օրերն անլուծելի հարց է դարձել իրենց համար: Շատվանցիների վատ կենսակերպի համար համայնքապետ Աբրահամյանը մի քանի պատճառ բերեց: «Հողի հարկն ամբողջ հանրապետությունում գանձվում է նույն չափանիշներով: Արարատյան հարթավայրում էլ նույն կարգի հողը նույն գինն ունի, մեզ մոտ էլ: Այնտեղ 2-3 բերք են ստանում, իսկ մեզ մոտ մի անգամ ենք ցանում, այն էլ կամ բերք կստանանք, կամ էլ` ոչ: Կառավարությունը շատ անելիք ունի, տարբերակված մոտեցում է պետք ցուցաբերել: Ալպիական գոտի ենք, ինչպե՞ս կարելի է մեր տարածքները հարկել այնպես, ինչպես հարթավայրերինը: Գյուղացին չի կարողանում տանել իր բերքը Երեւանում վաճառել, դրանից էլ միջնորդներն ավելի շատ են օգտվում, քան գյուղացիները: Նախ` փոխադրամիջոց չունենք, որ հասնենք Երեւան, բացի դա, եթե գնանք Երեւանում մեր բերքը վաճառենք, բա հողերում ո՞վ աշխատի: Սա կառավարության կողմից պետք է կարգավորվի: Մեծածախ շուկա է պետք ստեղծել եւ այդ շուկայի տիրոջը պետք է վարկավորել, որ գյուղացին ստեղից իր բերքը տանի, հանձնի մեծածախ շուկային, իր գումարը ստանա ու ետ գա: Իսկ մեծածախ շուկայում հնարավոր կլինի գները կարգավորել: Այստեղ արդեն միջնորդը 50/50 չի օգտվի: Գալիս ստեղից 30 դրամով կարտոշկեն առնում են, տանում Երեւանում 100 դրամով ծախում են, բա գյուղացին մեղք չի՞»,- ասում է Լյովա Աբրահամյանը: Շատվանի վարչական սահմանում 903 հա վարելահող կա, 35 հա խոտհարք, 75 հա էլ` արոտավայր: Համայնքապետն առաջարկում է, որ պետությունը գարնանը պայմանագիր կապի գյուղացու հետ եւ նրան «ավանս» տա կարտոֆիլ ցանելու համար, աշնանն էլ պայմանագրի համաձայն գան, գյուղացու դաշտից կարտոֆիլը տանեն: Շատվանցիները ոչ միայն բերքի իրացման, այլ նաեւ գյուղտեխնիկայի խիստ անհրաժեշտություն ունեն: Գյուղը ո'չ խոտհնձիչ տեխնիկա ունի, ո'չ էլ` էքսկավատոր, իսկ Շատվանում ամեն գարնան հեղեղներ են լինում, ու գետերի հունը մաքրելու հնարավորություն չունեն: Համայնքապետի ասելով` գյուղի մասին միայն վատը ասել ճիշտ չէ, քանի որ արտասահմանյան ընկերությունների օգնությամբ մի շարք խնդիրներ են լուծվել: 1988 թ.-ից կարգավորվել է ոռոգման համակարգը, փորվել են 4 խորքային հորեր, չնայած դրան` գյուղը ոռոգման ցանցի ընդլայնման կարիք ունի: Համաշխարհային բանկի օգնությամբ լուծվել է գյուղի խմելաջրի ցանցի անցկացման հարցը եւ հիմա, բանկի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գումարներ կհատկացվեն ներքին ցանցի վերանորոգման, կառուցման եւ ջրագծերի անցկացման համար: Գյուղի նախկին բաղնիքի շենքը վերանորոգվել եւ այժմ օգտագործվում է որպես ամբուլատորիա: Մի ժամանակ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն ամեն հարցով օգնել է համայնքին, բայց նրանք գյուղից հեռացել են, ու համայնքի բուժսպասարկման վիճակը վատացել է: «Դեղորայքը բավականին թանկ է, չենք կարողանում ձեռք բերել: Բուժօգնությունն էլ այսօր վճարովի է, եւ ամբուլատորիան չունի այն տեխնիկական հագեցվածությունը, որ մեր գյուղացուն անվճար սպասարկի»,- ասաց համայնքապետը: Շատվանցիների համար «աշխարհը մի փանջարա չի» Լ. Աբրահամյանի ասելով` երիտասարդները հեռանում են գյուղից, որովհետեւ 2 երեխա ունեցող ընտանիքը պետության կողմից ոչինչ չի ստանում: Ո'չ նպաստի բալն է հերիքում, որ նպաստ ստանան, ո'չ թոշակ են ստանում, ո'չ էլ աշխատանք ունեն: Վերջերս գյուղացիներից մեկը երիտասարդությանը գյուղի հետ կապելու համար գյուղամիջում մի սենյակ է վերցրել, վերանորոգել է, որպեսզի համակարգչային խաղերի, բիլիարդի ու նարդու խաղասրահ բացի, սակայն հարկայինի տեսուչները եկել ու ասել են, որ այդ սենյակի համար ամսական պետք է 150 հազար դրամ հարկ վճարի: Երիտասարդը հրաժարվել է այդ պայմաններից ու վերանորոգած սենյակը թողել դատարկ: «Կազինոներում միլիոններ են պտտվում, այստեղ թենիս, համակարգչային խաղեր, բիլիարդ դնելով` ի՞նչ եկամուտ պիտի ստանար այդ երիտասարդը, որ նույն չափ են հարկում` ամիսը մինչեւ 150 հազար դրամ, բայց ամբողջ տարին այդքան եկամուտ չէր ունենա այդ տղան, ուր մնաց ամիսը»,- դժգոհեց համայնքապետը: Շատվանի երիտասարդները, ապրելու հնարավորություն չունենալով, հեռանում են գյուղից: Շատվանում տարին 7-8 մարդ է մահանում, բայց մեկ հարսանիք կամ լինում է, կամ` ոչ: Գյուղում կան 25-30 տարեկան մոտ 25 տղաներ եւ մի փոքր ավելի նույն տարիքի աղջիկներ, որոնք, հնարավորություն չունենալով, չեն ամուսնանում: «Սահմանամերձ գյուղի համար այդ թիվը սարսափելի է: Մտածում են` որ ամուսնանան, ո՞նց են ապրելու: Այսօրվա հարսը որ գա, իր պահանջները կառաջադրի, մենակ պարֆումի համար գիտե՞ք արդեն ինչ թվեր են պտտվում: Կյանքն առաջ է գնում, արդեն զարգացել են եւ այսօրվա հարսնացուներն ավելի պահանջատիրական են: Ինֆորմացիան կա, հեռուստատեսությամբ նայում են, գիտեն, թե աշխարհում ինչ է կատարվում, հետեւաբար իրենք էլ են ուզում դրանցից ունենալ: Այսօր ոչ մեկի աչքերը փակ չի եւ աշխարհը մի փանջարա չի ջահելների համար: Էլի կանգնել ենք հին տաշտակի աջռեւ, անցյալ տարի ընդամենը 2 ծնունդ ենք ունեցել: Այս տարի 5-6 երեխա ունենք, որ առաջին դասարան են գնալու»,- նշեց Լյովա Աբրահամյանը: Շատվանցի Ռոզա Սահակյանը «Հետքին» պատմեց, որ երկու տղա ունի` 27 եւ 30 տարեկան, սակայն ռիսկ չի անում ամուսնացնել նրանցից գոնե մեկին: «Բալա ջան, մկավա խարսնացուները զուլում են: Մեր վախտ էր, որ բան չէինք խասկնում, խացը տանում էինք ականջներս, ամոթու կեսրարի մոտ խաց չէինք ուտում: Էնքան էինք սոված կուչ ու ձիգ ըլնում, մինչեւ մի տալդա տեղ գտնեինք, մի կտոր խաց ուտեինք: Մկավանները ուրիշ են, ընենց բաներ են գիդում, ընենց քսվելիքների անուններ ա կիտան, որ բերանս բաց ա կմնա: Բա ես որ 2 խարս բերեմ, ըտոնց իմա՞լ պախեմ, որ ժամանակակից ըլնեն ու իմ տունը կըռիվ չընգնի»,- ապագա հարսների մասին ասաց տիկին Ռոզան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել