HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Մարգինալացման և վերափոխման խաչմերուկում

«Իրավիճակի փոփոխություն եղավ մայիս-հունիսին, երկրորդ փոփոխությունը լինելու է աշնանը: Մի քիչ համբերություն»,- անցած շաբաթ Հրազդան կատարած այցի ընթացքում Վանատուր թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Թե կոնկրետ ինչ փոփոխության մասին է խոսքը, ՀԱԿ առաջնորդը չասաց, թեև մայիս-հունիս ամիսներին իրավիճակի փոփոխության մասին հիշատակումը հուշում է, որ խոսքը վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հետ կապված իշխանության պարտադրված քայլերին:

«Հետքի» հետ ունեցած զրույցում «Սասուն» ջոկատի անդամ, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը վերահաստատել էր նախկինում իր արած այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը և մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ են վարում Սասուն Միքայելյանին և ազատազրկված ՀԱԿ մյուս ակտիվիստներին ազատ արձակելու ուղղությամբ: «Նախագահը եկավ, ահագին զրուցեցինք, հիմա բանակցությունները շարունակվում են, սեպտեմբերին մեր բոլոր տղաներին` քաղբանտարկյալներին, Սասունի գլխավորությամբ, ազատ արձակելու պայմանավորվածություն կա, հույս ունենք, տեսնենք»,- ասել էր Բոզինյանը: Այս պարզաբանումները որոշակիորեն լույս են սփռում Տեր-Պետրոսյանի` աշնանը սպասվող իրավիճակի փոփոխության մասին ակնարկների վրա: Ըստ այդմ` կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ն իր հիմնական ռեսուրսներն ուղղել է մարտի 1-ի գործով մնացած կալանավորվածներին աշնանը ազատ արձակված տեսնելու գործին: Այլ կերպ ասած` հենց դա է հանդիսանում արմատական ընդդիմության կոնկրետ, քիչ թե շատ շոշափելի միակ ակտիվ ձեռնարկումը: ՀԱԿ-ը հենց այս գերխնդրին է փորձում ծառայեցնել իրականացվող մարզային այցելությունները: Այդ այցելություններին սկզբնական շրջանում քաղաքական նշանակություն էր տրվում, որի նպատակն էր համարվում մարզային էլեկտորատի ակտիվացումը և ՀԱԿ-ի մարզային կառույցների հզորացումը: Մինչդեռ արդեն Լոռու, Կոտայքի մարզեր կատարած մի քանի «գործուղումներ» կազմակերպվեցին հենց քաղբանտարկյալների հարազատներին այցելելու, նրանց զորակցելու մոտիվացիայով: Տակտիկական այս փոփոխությունը հստակ ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը միտումնավոր կերպով այցելությունները զուտ PR նպատակների համար է իրականացնում: Դրա նպատակն է ամրապնդել և մեծացնել ազատազրկված յուրայիններին ազատ արձակելու հասարակական պահանջը: Հենվելով այդ պահանջին` ՀԱԿ-ը փորձում է միջնորդավորված կերպով ճնշում գործադրել իշխանությունների վրա: Իսկ միջնորդի դերում հանդես է գալիս Եվրախորհուրդը, կոնկրետ` ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը, որն աշնանը կրկին քննարկման առարկա է դարձնելու Հայաստանի կողմից 1677 բանաձևի իրականացման ընթացքը: Ինչպես հայտնի է, դրա պահանջներից մեկը մնացած քաղբանտարկյալներին ազատելն է: Այս իրողությունը ցույց է տալիս, որ ՀԱԿ-ը տեսանելի ապագայի կտրվածքով քաղաքական պայքարի հիմնական զենքը դարձրել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների վերականգնումը, կամ ավելի ճիշտ` այս չափազանց խոցելի ոլորտները քաղաքականացնելու միտումը: Պատահական չէ, որ համաներումից հետո նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությամբ ՀԱԿ-ը ձեռնամուխ եղավ, այսպես կոչված, մարդու իրավունքների խախտման դեպքերի ցուցակագրման, շտեմարանավորման գործընթացին: Դրանով, փաստորեն, ՀԱԿ-ը փորձ է անում մտնել իշխանությունների գործողություններից տուժած յուրաքանչյուր քաղաքացու շահերի ոլորտ` ստանձնելով նրանց խախտված իրավունքների պաշտպանությունը: Այս գործառույթի հաջող կենսագործումը կարող է նպաստել ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական ավելի ամուր ու խորը վստահության վերականգնմանը: Սակայն դրա համար անհրաժեշտ է մի շատ կարևոր, հանգուցային դետալ, որը, սակայն, Կոնգրեսի պարագայում դեռևս տեսանելի չէ: Խոսքը վերաբերում է այն իրական գործիքներին, լծակներին, որոնցով ՀԱԿ-ն իրականացնելու է այդ խնդիրները: Այն հանգամանքը, որ արդեն 2 ամիս շարունակ ՀԱԿ-ը չի կարողանում գոնե հրապարակել կամ ներկայացնել այդ միջոցները, ինքնին վկայում է, որ դա չափազանց դժվար իրագործելի է: Խնդիրն այն է, որ դրան հասնելու համար ՀԱԿ-ից գուցե պահանջվի իրավաբանական-խորհրդատվական յուրօրինակ կենտրոնի դեր ստանձնել: Սակայն, դա կարող է նվազեցնել Կոնգրեսի քաղաքական նշանակությունը: Բացի դրանից, վարչական ու իրավական լծակներից զերծ, զուտ մասնագիտական կարողությունների վրա հիմնված ծառայությունները լիարժեք արդյունք չեն կարող ապահովել, և դա կարող է ավելի ուշ նոր հիասթափության տեղիք տալ: Այս իմաստով ՀԱԿ-ի խնդիրը պետք է լինի ոչ այնքան յուրաքանչյուր քաղաքացու հիմնահարցերով զբաղվելը, որքան ընդհանրացված կերպով դրանց քաղաքական կշիռ հաղորդելը: Ըստ էության, միայն այդ դեպքում ՀԱԿ-ը կարող է խուսափել մարգինալացումից, որ նրան պարտադրվում է իշխանական ճամբարից` ընդդիմադիր դաշտը վերջինիս կողմից «ուզուրպացնելու» փորձերի շնորհիվ: Օգտվելով ՀԱԿ-ի տակտիկայի փոփոխությունից` իշխանությունն ակտիվորեն սկսեց արհեստականորեն ձևափոխել, իրեն հարմարեցնել քաղաքական օրակարգը` դրա հիման վրա ընդդիմադիր դաշտում «առաջացնելով» նոր որակի սպասելիքներ և հասարակական պահանջարկ: Կենսական նշանակություն ունեցող ներքին հասարակական-քաղաքացիական բնույթի հիմնահարցերից հասարակական ուշադրությունը շեղվեց դեպի ազգային նշանակության հիմնահարցերը, ավելի շուտ` դրանց թմբկահարումը: Եվ դա տեղի ունեցավ ոչ առանց ՀԱԿ-ի անուղղակի մասնակցության: ԼՂ հիմնախնդրի կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացների հետ կապված` ՀԱԿ-ը գրեթե որևէ առարկություն չի արտահայտում իշխանության որդեգրած կուրսի վերաբերյալ: Նույնիսկ հակառակը: Դիրքորոշումների ու մոտեցումների այս համընկնումը ՀԱԿ-ին ինքնաբերաբար դրդում է չեզոքության, ինչն առաջին հերթին նրան ապահովագրում է ծավալվող գործընթացների հետևանքների համար ուղղակի պատասխանատվությունից: Դրան գումարած` ՀԱԿ-ում որոշակի հակասություններ են ի հայտ եկել ԼՂ հիմնահարցի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շրջանակներում: Ազգային-պահպանողական, երկրապահական թևերը սկզբունքորեն չեն ընդունում ո'չ ՀԱԿ-ի և ո'չ էլ իշխանության դիրքորոշումը: Դա լրջորեն հարվածում է ՀԱԿ-ի ամբողջականությանը: Ստեղծված իրավիճակում Կոնգրեսի կողմից որևէ ակտիվ գործունեություն շղթայական ռեակցիայով կարող է ներքին անջատողականություն հրահրել, և դա Կոնգրեսի համար կարող է ճակատագրական լինել: Մինչդեռ ժողովրդական շարժման ղեկավարների համար հիմա շատ ավելի կարևոր է պահպանել Կոնգրեսի ամբողջականությունը, քան ավելորդ նախաձեռնողականություն ցուցաբերելով` ընդհանրապես դադարել գոյություն ունենալուց կամ մարգինալացվել: Դա է, թերևս, կոնկրետ ներքին խնդիրների վրա կենտրոնանալու` ՀԱԿ-ի գլխավոր պատճառը, որը մի կողմից դրանում ներգրավված բոլոր ուժերին առժամանակ ձերբազատում է ներքին առճակատումների գնալուց, մյուս կողմից Կոնգրեսին մանևրելու հնարավորություն է տալիս արտաքին անորոշ ազդակների պայմաններում: Այս իմաստով ճիշտ է` ՀԱԿ-ի որդեգրած նոր մարտավարությունը հիմնված է ավելի քիչ հրապարակայնություն ենթադրող միջոցառումների վրա, սակայն ճիշտ կազմակերպման դեպքում նույնպիսի այնպիսի լուրջ էֆեկտ կարող է ունենալ, ինչպիսին ունեցավ արհմիությունների շարժումը Լեհաստանում: Այսինքն` մեծ հաշվով ՀԱԿ-ի նոր տակտիկան բավականին խոհեմ և քաղաքականապես հիմնավորված է: Մնում է չօտարվել քաղաքական գործընթացներից, որը, սակայն, առայժմ ՀԱԿ-ին այնքան էլ չի հաջողվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter