HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաժնետերերն ուզում են վերականգնել իրենց սեփականության իրավունքը

 «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը, երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը»,- Սահմանադրության 8-րդ հոդվածի այս պահանջն ապահովելու համար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 4 բաժնետերեր դիմել են դատարան:

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը և վերականգնել իրենց սեփականության իրավունքը: Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի արտահերթ ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) կոմբինատի  բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Կոմբինատի այն բաժնետերերը, որոնց ունեցած բաժնետոմսերը չեն բավարարել գոնե մեկ նորը ձեռք բերելու համար, պետք է վաճառեին իրենց բաժնեմասը կամ առաջացած կոտորակային բաժնետոմսերը խոշոր սեփականատիրոջը` Գագիկ Ծառուկյանին, կամ նրա «Մուլտի Գրուպ» ընկերությանը: Վերջինիս են պատկանում «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի  բաժնետոմսերի 90 %-ից ավելին: Մնացած մասը համախմբումից հետո դեռևս ենթակա է մարման:

«Հետքն» արդեն անդրադարձել է «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» («ԱԿԳՕԿ»-ի) բաժնետերերից մեկի` գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության պատմությանը (Տես` Օտարերկրյա ներդրողը կորցնում է իր բաժնետոմսերը Հայաստանում), որը նույն խնդրին էր բախվել: Վերոնշյալ 4 բաժնետերերը չեն ցանկանում, որ հրապարակենք իրենց անունները` հիմնավորելով, որ աշխատում են պետական հաստատություններում և չեն ուզում ավելորդ խնդիրներ ունենալ:

Նրանցից յուրաքանչյուրին համապատասխանաբար պատկանում է` 20, 56, 20 և 63 հատ հասարակ բաժնետոմս, որի անվանական արժեքը 8 000 դրամ է: 4 բաժնետերերը չեն ցանկանում վաճառել իրենց բաժնեմասը, առավել ևս հետգնման համար «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ի գնահատած 28 000 դրամով: Նրանք գտնում են, որ ընկերության բաժնետերերի որոշումը պետք է անվավեր ճանաչվի, քանի որ այն խախտել է 4 բաժնետերերի սեփականության իրավունքը նրանց պատկանող բաժնետոմսերի նկատմամբ և հակասում է Սահմանադրության ոչ միայն 8-րդ հոդվածի պահանջներին, այլև 31-րդ հոդվածին, այն է` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը:...Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, 2009 թ.-ի մայիսի 6-ին մերժել է 4 բաժնետերերի հայցն ընդդեմ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի»` հիմնավորելով, որ Բաժնետերերի ժողովն առաջնորդվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, օրենքով սահմանված կարգով սահմանել է հետգնման կարգը ու գումարը: «...Բաժնետերերի ժողովը մտադրություն չունի բաժնետերերին զրկել սեփականությունից, այլ նպատակ է հետապնդում ձևավորել այնպիսի նախադրյալներ, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը համագործակցել ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող և Ընկերության անընդհատ զարգացման մեջ շահագրգիռ անձանց հետ: Այդպիսի նախադրյալներից մեկը ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացումն է, որը հնարավորություն կտա ցուցադրել Ընկերությունում ֆինանսական ներդրումների ծավալների և ընկերության հետ համագործակցության լրջության աստիճանը: Վերջինս այս պահին հնարավոր է միայն Ընկերության բաժնետոմսերի համախմբում կատարելու եղանակով»,- պատասխան հայցադիմումում պարզաբանում է «ԱԿԳՕԿ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը: «Անունն է համախմբում, արդյունքում ստացվում է, որ մարդիկ զրկվում են իրենց սեփականությունից: Պետք է լինի մի իրավաչափ նպատակ, որը թույլ տար անձի սեփականությունը նրա կամքին հակառակ վերցնել, որը այս դեպքում չկա»,- «Հետքի» հետ զրույցում նշեց 4 բաժնետերերի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանը: 10_08-a_grigoryanԱրթուր Գրիգորյանի մեկնաբանմամբ` համախմբման ամբողջ գործընթացը հակասահմանադրական է, և իրենք նույնիսկ չեն վիճարկում «Էն-Աուդիտ» ընկերության գնահատականը:

«Եթե նրանք այդ իրավունքը չունեին` կոնսոլիդացնել բաժնետոմսերը, գնահատումը ինքնին անօրինական զբաղմունք էր»,- ասում է փաստաբանը և հավելում, որ կոնսոլիդացման նպատակն էր ամենը համակենտրոնացնել խոշոր բաժնետիրոջ ձեռքերում և ազատվել փոքր բաժնետերերից:

«...Ընկերությունը նախ և առաջ պետք է ղեկավարվի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող հիմնարար նորմերի պահանջներով: ...Փաստորեն, պատասխանողը իր հայեցողությամբ զրկել է իմ վստահորդներին սեփական գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքներից և այն չի կատարել դատական կարգով»,- Վերքաննիչ քաղաքացիական դատարանի հայցադիմումում հիմնավորում է Արթուր Գրիգորյանը:

Փաստաբանի գնահատմամբ` ընդհանուր իրավասության դատարանը բավարարվել է միայն կողմերի փաստարկները արձանագրելով, խուսափել է ներկայացված փաստարկները համադրելուց և գնահատական չի տվել, թե ինչու չեն կիրառվել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի պահանջները: Ավելին` դատարանը իր վճռում ընդամենը հաստատել է պատասխանող կողմի փաստարկները:

«Մենք չենք ասում, որ իրենք օրենքով չեն ղեկավարվել, բայց երբ որևէ օրենք հակասում է Սահմանադրությանը, ապա դատարանի պարտականությունն է ղեկավարվել անմիջականորեն Սահմանադրությամբ:Դատարանը կարող էր կասեցնել գործը և դիմել Սահմանադրական դատարան, որ վերջինս որոշեր տվյալ օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը և ՍԴ համապատասխան որոշումից հետո շարունակեր գործի քննությունը, բայց մեր դատավորները, ցավոք, «հանդուգն» քայլերի աշխատում են չդիմել»,- ամփոփում է փաստաբան Արթուր Գրիգորյանը: 4 բաժնետերերը դիմելու են բոլոր ատյաններին, հասնելու են մինչև Սահմանադրական դատարան:

Եթե ՍԴ-ն դրական որոշում կայացնի` բոլոր գործարքներն անվավեր կճանաչվեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այս օրերին լսվում է 4 բաժնետերերի բողոքը: Օգոստոսի 29-ին նշանակված է հաջորդ դատալսումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter