HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՍպանողին ազատել են Երևանի ավագանու ընտրություններից առաջ ՀՀԿ համամասնական ցուցակի 101-րդ համարին սպանած 43-րդ համարը, ով դատապարտվել էր անազատության, ազատ է արձակվել: Նրա մեղադրանքը վերաորակվել է, և նա ազատ է արձակվել համաներմամբ: HJՔաղաքական այս սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ի գիշերը, ՀՀԿ ցուցակի տեղերի համար: ՀՀԿ ցուցակի 43-րդ համարը` Արթուր Սեդրակյանը, մի քանի անգամ կրակել էր 101-րդ համարի` Կարեն Հակոբյանի վրա, երբ վերջինս «խանդի տեսարան» էր սարքել ցուցակի տեղերի համար: 43-րդ համարին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն: Երեկ, երբ թերթը փորձում էր ճշտել ոստիկանությունից, թե արդյո՞ք սույն անձը դեռ մեկուսարանում է, ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե նրա մեղադրանքը վերաորակվել է 116 հոդվածով` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցություն, և նա համաներմամբ ազատ է արձակվել: Նշենք, որ ըստ թերթի տեղեկությունների` ավագանու ընտրություններից առաջ Լֆիկ Սամոն մեկուսարան էր այցելել և 43 համարին խոստացել, որ եթե նրա մարդիկ ավագանու ընտրությունների ժամանակ աշխատեն Չոռնի Գագոյի համար, ապա ինքը ազատ կարձակվի: Արքեպիսկոպոս Կճոյանն ու Լֆիկ Սամոն Ուրբաթ գիշեր Երևանի կենտրոնում էլի կրակոցներ են հնչել: Այս անգամ կրակողները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Լֆիկ Սամոյի մարդիկ են եղել ու ռոստովցի քրեական հեղինակություն Սամվելի որդիները: Ի դեպ, Լֆիկի մարդկանցից մեկը եղել է նրա քրոջ որդին` Գևորիկ անունով, ով շուրջ երկու տարի նստած էր Արաբական Միացյալ Էմիրությունների բանտերից մեկում` մանր գողության համար, և ըստ մեր տեղեկությունների` ազատ է արձակվել մոտ 1,5 միլիոն դոլարի դիմաց ու տասն օր առաջ վերադարձել Հայաստան: Գևորիկի վերադարձը նշվել է Լֆիկի «Փարվանա» ռեստորանում, իսկ արդեն ուրբաթ գիշեր, ավելի «նեղ կռուգով»` «Ջիանի» ռեստորանում, որտեղ էլ տեղի է ունեցել ընդհարումը ռոստովցի Սամոյի որդիների հետ: Վերջիններս, ըստ մեր աղբյուրների, արյունլվա են արել Գևորիկին ու Լֆիկի մյուս ջահելներին: Վեճը շարունակվել է նաև ռեստորանից դուրս, որտեղ էլ հնչել են նաև կրակոցները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ռոստովցի Սամվելի որդիներին, իսկ Լֆիկի յուրայինները դիմել են փախուստի: «ՀԺ»-ին հաջողվեց ճշտել, որ սույն գործին խառնվել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջինս քավոր-սանիկական հարաբերություններ ունի ռոստովցի Սամվելի ընտանիքի հետ: Այնպես որ, էս գլխից արդեն ակնհայտ է, որ հերթական անգամ վիճաբանած կողմերից և ոչ մեկը չի պատժվելու: Միակ մխիթարական բանն այստեղ, թերևս, այն է, որ կրակոցներից մարդիկ չեն տուժել: Խուճապ են ուզում Երեկ թերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՊՆ-ն մտադիր է տագնապ հայտարարել և Պուշկինոյի հրթիռային զորամասի զինվորական տեխնիկան ցուցադրաբար անցկացնել մայրաքաղաքի միջով ու կայանել Հրազդան քաղաքի մոտի զորամասում: ՊՆ` թերթի աղբյուրները նշում են, որ այս օրերին զինկոմիսարիատից իրենց մոտ են կանչում զորակոչի ոչ ենթակա բժիշկներին, բացատրում, որ ՊՆ-ն նոր դաշտային հիվանդանոցներ է ստացել, որոնք կարող են գործել պատերազմի ժամանակ, և հարկ է, որ բժիշկները տեղում ծանոթանան այդ վրանային հիվանդանոցներին: Ներկայումս ընթանում է նաև պահեստազորային զինծառայողներին զինկոմիսարիատներ հրավիրելու և պատերազմական իրավիճակում իրենց պարտականությունների մասին հիշեցնելու գործընթաց: AravotԵրեք դրույթ ԼՂ Հանրապետության Ասկերան քաղաքում կայացած  «Արցախի Հանրապետության» նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովում որոշում է ընդունվել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերանվանվի Արցախի Հանրապետություն: Ազատագրված տարածքները պետք է հայտարարվեն ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի: Պետք է ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ` ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և դրանով իսկ Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար: Առաջարկ Ռոբերտ Քոչարյանից «Ես կլինեմ Հայ ազգային կոնգրեսի կողքին, և թերթը («Ժամանակը») նույնպես կծառայեցնեմ ՀԱԿ-ի նպատակներին»,- երեկ հայտարարել է ավելի քան 3 տարի անազատության մեջ անցկացրած և անցած շաբաթ, առողջական վիճակի վատթարացման պատճառով մոտ 40 օր շուտ ազատ արձակված «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը: Արդեն այսօր նա կմեկնի արտասահման, որտեղ չորեքշաբթի օրը կենթարկվի վիրահատության: Բաբաջանյանը չի ցանկացել նշել երկիրը, ուր պատրաստվում է մեկնել: Արման Բաբաջանյանը հայտարարել է նաև, որ իշխանություններն իրեն գործարքներ են առաջարկել անազատության պայմաններում գտնվելու ընթացքում, ու հավելել` դրանք «ինքին փաստում էին, որ իշխանությունը` ինքը ևս հասկանում է, որ այն պատժաչափը և այն հանցանքը, որ ինձ վերագրվել է, ուղղակի ֆարս է»: Նա նաև օրինակներ է ներկայացրել. «Միջազգային կազմակերպությունների, հատկապես Միացյալ Նահանգների պետքարտուղարության զեկույցի նախօրեին ինձ առաջարկ բերվեց անվտանգության մարմիններից` թերթը փակելու և Հայաստանը լքելու դիմաց ազատություն շնորհել: Եվ ասվեց, որ առաջարկը բերվում է ուղղակի Ռոբերտ Քոչարյանից: Ես, իհարկե, հրաժարվեցի: Դրանից հետո եղել են բազմաթիվ առաջարկներ` իշխանության հետ աշխատելու, իշխանության մեջ աշխատելու, այդ գնով ազատություն շնորհելու ինձ»: Թուրքիան դեռ ցանկանում է ՀՀ-ի հետ հարաբերությունները բարելավել Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում: Կիրակի օրը «Կանալ 7» մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա ասել է, թե Կովկասում Թուրքիայի քաղաքականության հեռանկարն է` բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի միջև, ինչպես նաև նորմալացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ըստ թուրք պաշտոնյայի` հայ-թուրքական հարաբերությունների  նորմալացումը կնպաստի նաև Հայաստան-Ադրբեջան խնդրի կարգավորմանը: Անդրադառնալով ռուս-թուրքական վերջին հանդիպումներին` Դավութօղլուն նկատել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը որոշակիորեն կնպաստի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվացմանը. «Մենք պետք է խուսափենք տարածաշրջանային ու գլոբալ հակամարտությունների ռիսկերից` Սև ծովի ու Կովկասի տարածաշրջաններում»: Բրայզան նշանակվեց դեսպան Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տեղեկատվությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, որը երեկ ժամանել է Թբիլիսի, նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան: Հիշեցնենք, որ այս հնարավոր նշանակման մասին տեղեկությունները ԶԼՄ-ներում շրջանառվում էին դեռ շաբաթներ առաջ, Բրայզան ոչ հաստատում, ոչ էլ հերքում էր դրանք: HraparakՓակ, թե բաց` մեկ է Հայաստանում քրեակատարողական հիմնարկները չնչին բացառությամբ խորհրդային ժամանակների կառույցներ են, որտեղ չկան տարրական պայմաններ, եղածն էլ խնամքի պակասից, տարիների ընթացքում քայքայվել է: Վիճակը նույնն է գրեթե բոլոր կալանավայրերում, հատկապես հանրակացարանային տիպի հիմնարկներում: Դրանց թվին չեն պատկանում «Արթիկ» և «Վարդաշեն» ՔԿՀ-ները, որոնք խցային կառուցվածք ունեն: Այստեղ կողք կողքի գործում են մի քանի տիպի կալանավայրեր` կիսաբաց` խցերում մինչև 6 հոգի պահելու հնարավորությամբ: «Վարդաշենում» կա նաև «կալանք» պատժատեսակ: Կիսափակ տիպի կալանավայրում պահվողն ունի խցից դուրս գալու 3 ժամվա հնարավորություն, կիսաբացում` ցերեկվա ժամերին: Դատապարտյալները պատմում են, որ որոշումը, թե որ տիպում պետք է պահվի դատապարտյալը, հիմնականում կախված է նրա վճարողունակությունից: Նրանք պատմում են, որ որոշակի մարդիկ արտոնյալ են. «Դրանք կամ իրենց մարդիկ են, կամ փողատերեր, մնացածի հետ վարվում են` ոնց անասունների հետ, նրանց գոմն անելու պես փակում են ու պրագուլկի ժամին` 1 ժամով, խուց առ խուց բաց թողնում իրենց ասած զբոսահրապարակը, որտեղ նստելու տեղ անգամ չկա: Նրանց չի էլ հետաքրքրում` փակ ես, կիսափակ ես, ասում են` մարդ չունենք հսկողություն կազմակերպելու, ու վերջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter