HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյան. «Աշնանային թիվ մեկ իրադարձությունը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»

29_04-s-safaryan«Այսօր մի փոքր մտահոգության առիթ են դառնում Ադրբեջանի աճող ռազմատենչ հայտարարությունները, ու բավական ուշագրավ է, որ նմանատիպ մի քայլ արեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-Օղլին, երբ ասաց, թե Ղարաբաղում պետք է հայերին պարտադրել խաղաղություն: Սա պետք է հայկական դիվանագիտական միջավայրի կողմից անարձագանք չմնար, հատկապես, երբ Ադրբեջանը նման հայտարարություններով խախտում է ստորագրված Մայնդորֆյան պայմանագիրը»,- անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը` այսօր «Հայացք» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նրա կարծիքով` կարևոր է նաև Թուրքիայի աճող դերակատարությունը այս հարցում և այն կարգավիճակը, որ Ռուսաստանը նրան շնորհեց` վերջին համաձայնագրերը կնքելով: Ս. Սաֆարյանի բնորոշմամբ` այս տարիների ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը Արևմուտքին բավականին լուրջ կերպով ապացուցեցին, որ շանտաժն այդ երկրների քաղաքականության հիմնական բնութագրիչն է, ու նրանք չեն կարող լինել կանխատեսելի գործընկերներ: «Հայաստանը ստեղծված իրավիճակում մի փոքր մեծացող կարևորություն է ստանում այն իմաստով, որ թե' հայ-թուրքական, թե' հայ-ադրբեջանական առանցքով, կարծես թե, Հայաստանը դառնում է այս երկրներին զսպող ամենահիմնական գործոններից մեկը: Նման իրավիճակում, կարծում եմ, բաց թողնել այս հնարավորությունը ու չլուծել Հայաստանի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրները` ամենամեծ հանցագործությունը կլինի մեր երկրի շահերի առումով: Ու նման իրավիճակում, կարծում եմ, առաջիկայում հայկական քաղաքականությունը, եթե այն, իրոք, լինի նախաձեռնող, կարող է ուղղակի լուրջ հաջողություն բերել` տարածաշրջանում դիրքերի ամրապնդման առումով»,- ասաց նա: Պատգամավորի կարծիքով` Թուրքիան անթաքույց քայլեր էր անում` ներգրավվելու բանակցային գործընթացում. մերթ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի նախագահը խնդրել է իրեն միջամտել հայ-թուրքական գործընթացներին, հետո փորձեր արեց Մինսկի խմբի անդամ դառնալ ու այլ նմանատիպ քայլեր: «Բայց առաջին քայլը, որ արվեց Մինսկի խմբի կողմից, այն էր, որ հստակ մի քանի անգամ շարադրվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը զուգահեռ գործընթաց է լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Եվ եթե Թուրքիան ցանկանում է, որպեսզի բարերար ազդեցություն թողնի Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա, ուրեմն պետք է ինքն առաջ տանի հարաբերությունների բարելավումը»,- ասաց նա` նշելով, որ Թուրքիան բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի առջև, որովհետև նախկինում խոստացել է Ադրբեջանին օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը և պարտադրել Հայաստանին` գնալ զիջումների ադրբեջանական առանցքով: Սակայն այսօր Թուրքիայի համար բոլոր խողովակները փակվել են: «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշնանային թիվ մեկ իրադարձությունը լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այն հարցերը, թե սահմանը բաց կլինի՞, կամ թե Հայաստանի նախագահը կգնա՞ ֆուտբոլ դիտելու, թե՞ ոչ»,- ասաց նա` նշելով, որ իր կարծիքով` նախագահը կգնա Թուրքիա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի վերսկսմանը` Ս. Սաֆարյանը նշեց, որ Ադրբեջանը չունի այն հզորությունը, որ վստահ լինի, թե շահելու է ճակատամարտը: «Հետևաբար, կարծում եմ, որ Ադրբեջանը ներկա իրավիճակում պատերազմ հայտարարելու ո'չ հնարավորություն ունի, ո'չ թույլտվություն, և մտացածին են բոլոր այն սպառնալիքները, որ նետվում են Հայաստանի համար: Հետևաբար, չպետք է տուրք տալ այդ հայտարարություններին: Սակայն սսել, թե ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում, նույնպես սուտ է»,- ասաց նա: Այնուամենայնիվ, տեղեկատվություն կա, որ մեծ թվով զինվորական տեխնիկա է տեղափոխվում Երևան, անգամ պահեստազորի հավաքներ են սկսվել զորամասերում: Այս մասին, Ս. Սաֆարյանի խոսքով, իրենց կուսակցությունը տեղյակ չէ: Սակայն դա, նրա կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների պատասխանն է Հայաստանի կողմից: «Ի պատասխան Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների` Հայաստանը ևս կատարում է սիմետրիկ որոշակի քայլեր` փոխադարձ սպառնալիքներ անելով: Դա էլ այն սիմետրիկ պատասխանն է, դրան լուրջ մի վերաբերվեք: Ես չեմ կարծում` սա լավագույն պատասխանն է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter