
«Մենք էս պահին ձեռքի տակ ունենք երգիծական մանրապատումների շարքից մի օրինակ, հեղինակն էլ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Բարսեղյանն է,- «Ասպարեզ» ակումբում այսօր հրավիրված ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց Շիրակի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը,- խոսքը տեղեկատվություն ստանալու իմ հարցմանը հիշյալ պաշտոնյայի տված պատասխանի մասին է»:
Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի անունից հուլիսի 27-ին Լեւոն Բարսեղյանը հարցում էր հղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին եւ խնդրել իրեն տրամադրել 2009 թ.-ի մայիսի 6-ին ՀՀ վարչապետի մասնակցությամբ մարզպետների հետ անցկացրած խորհրդակցության վայրում, այսինքն` Գոգհովիտ գյուղի մոտակայքում գտնվող «Երեքնուկ» ռեստորանում կայացած ճաշկերույթի ֆինանսավորման աղբյուրները, ռեստորանին վճարված գումարի չափը եւ հայտնել` արդյոք այն եղել է պետական բյուջեից:
Այս հարցմանը Տիգրան Բարսեղյանը պատասխանել էր, որ «Երեքնուկ» ռեստորանում պաշտոնական ճաշ չի մատուցվել, եւ որեւէ պաշտոնական միջոցառում չի իրականացվել, հետեւաբար հարցադրումներում նշված տվյալները «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված համաձայն` տեղեկատվություն չի համարում:
Ահա այս պատասխանն է Լեւոն Բարսեղյանը որակում մանրապատում` նշելով, որ հիշյալ այցը լուսաբանող տեղական երեք հեռուստաընկերություններ եւ «Ազատություն» ռադիոկայանը, նաեւ մի քանի վեբ կայքեր տարածել են տեղեկատվություն նույն այդ խորհրդակցության եւ խորհրդակցության վերջում տրված ճաշկերույթի մասին:
Մայիսի 6-ին վարչապետի Գյումրի կատարած այցի եւ քաղաքից դուրս կայացած խորհրդակցության մանրամասները նկարագրված են նաեւ կառավարության պաշտոնական կայքում: «Մնում է զարմանալ, որ աշխատակազմի ղեկավարի տեղակալը զլանում է անգամ իրենց կայքէջը կարդալ, այնտեղ անգամ մեծ լուսանկար է դրված` արված «Երեքնուկ» ռեստորանում»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
Օգոստոսի 10-ին կենտրոնի ղեկավար Լեւոն Բարսեղյանը կրկին նամակ է հղել Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին, որտեղ, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը եւ մատնացույց անելով www.gov.am կայքում տեղադրված տեղեկատվությունը, խնդրել է պարզաբանել, թե որտեղ է տեղի ունեցել հիշյալ խորհրդակցությունը, լուսանկարում պատկերված տարածքը որտեղ է գտնվում, եւ արդյոք խորհրդակցության վերջում սնունդ եւ ըմպելիք է մատուցվել պաշտոնյաներին:
Կենտրոնի տնօրեն Լեւոն Բարսեղյանը խոսեց նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի` մարզի դպրոցների տնօրեններին ուղղված հարցումների մասին: «Մենք մարզի` պետությունից ֆինանսավորվող 165 դպրոցներից փորձել ենք տեղեկատվություն ստանալ նրանց բյուջեների, մանկավարժական խորհրդի կազմի, գումարած նիստերի, աշակերտների թվաքանակի մասին,սակայն ընդամենը 45 տնօրեն է կատարել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները, մնացածը հրաժարվել են, եւ մենք արդեն 120 դատական հայց ենք նախապատրաստել, առաջիկայում դատարանում 20 հայց կլսվի»,- տեղեկացրեց Լեւոն Բարսեղյանը:
Պ. Բարսեղյանն ասաց, որ իրենք առանձնահատուկ ուշադրությամբ հետեւում են Ողջի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի շուրջ ծավալվող իրադարձություններին: Կենտրոնին են դիմել նշված դպրոցի ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Գյուլնարա Սահակյանն ու նույն խորհրդի անդամներ Ազատ Սարգսյանը, Վարդան Պետրոսյանն ու Սաթենիկ Մելքոնյանը:
Վերջիններս տեղեկացրել են, որ տարբեր պատճառաբանություններով արդեն որերորդ անգամ տապալվում է դպրոցի նոր տնօրենի ընտրությունը, եւ արդյունքում Ողջիի դպրոցն արդեն երրորդ ամիսն է կառավարում է մի մարդ, ում դպրոցում հնարավոր չէ տեսնել եւ ով համառորեն չի կամենում մանկավարժական խորհրդի նիստ գումարել:
Լեւոն Բարսեղյանն ասաց, որ Ողջիի դպրոցի նկատմամբ մազի Կրթության վարչությունը նույն մարտավարությունն է ընտրել, ինչ Գյումրիի թիվ 19 դպրոցի նկատմամբ. «Միայն թե` մինի տարբերակով, եւ կենտրոնը պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 3-ին Ողջիի դպրոցի տնօրենի ընտրություններին ու, եթե հետագայում խնդիր առաջանա, պաշտպանել կենտրոն դիմած ուսուցիչների շահերը»:
Ինչ վերաբերում է շահերի պաշտպանությանը, ապա հակակոռուպցիոն կենտրոնը եւ, ըստ Լ. Բարսեղյանի, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից խաբված 13 շինարարները պատրաստվում են դատական հայցով մտնել դատարան: «Լրատվամիջոցներին իրականությանը ճշգրտորեն համապատասխանող տեղեկություններով իրազեկելու նպատակով»,- հայտնեց Լեւոն Բարսեղյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել