HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Արտակարգ» զորավարժություններ` Արագածոտնի մարզում

Օգոստոսի 13-14-ը արտակարգ դրություն է հայտարարվելու Արագածոտնի մարզում: Խոսքն ամենեւին էլ աղետի կամ դժբախտ պատահարի մասին չէ: Պարզապես մարզում 2 օր իրականացվելու է  ուսումնավարժություն` երկրաշարժերի ժամանակ բնակչության իրազեկման եւ պաշտպանության վերաբերյալ: Վարժանքն իրականացվելու է 2 փուլով: 1-ին փուլում իրականացվելու է «Բնակչության պաշտպանության համակարգի պատրաստականության բերում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության  կազմակերպման պլանի» գործարկումը: 2-րդ փուլի ժամանակ` «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» ծրագիրն է իրականացվելու: Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի  և Թալինի տարածաշրջանները: Մարզն ունի երեք քաղաք և 111 գյուղական բնակավայրեր: Այդ տարածքներով են անցնում միջպետական նշանակության երկու ավտոխճուղիները` Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ և մեկ հանրապետական նշանակության` Երևան-Աշտարակ-Քարակերտ-Գյումրի: Մարզի տարածքում ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է 787 կմ, կան ավելի քան 110 երկաթբետոնե կամուրջներ: Արագածոտնի մարզի տարածքով անցնում է մոտ 30 կմ երկաթգիծ` թվով 11 կամուրջներով: Մարզի տարածքում են գտնվում Ապարանի, Հալավարի, Կաքավաձորի, Վ. Բազմաբերդի, Ն. Սասնաշենի թվով 17 խոշոր ջրամբարներ, որոնք ընդգրկում են 11,2 կմ.քառ. հնարավոր ջրածածկման տարածք: Մարզում կան 3 թունավոր նյութեր օգտագործող օբյեկտներ` «Աշտարակ կաթ», «Թամարա-ֆրուտ», «Աշտարակի պտուղ-բանջարեղենի պահեստ», որոնց վթարի դեպքում ամոնիակի ամպի ծածկման գոտին կազմում է 6,2 կմ.քառ. և բազմաթիվ հրդեհապայթյունավտանգ և պայթյունավտանգ օբյեկտներ: Արագածոտնի մարզի տարածքը բնորոշվում է միջին սեյսմիկ ակտիվությամբ: Սակայն պատմական փաստերն ապացուցում են, որ այստեղ տեղի են ունեցել ուժեղ երկրաշարժեր, որի օջախը կհարի երևանյան ակտիվ բեկվածքին: Երկրաշարժի հետևանքով հնարավոր են բազմաթիվ երկրորդական երկրաբանական երևույթներ` փլուզումներ, սողանքներ, սելավներ, որոնք իրենց հերթին կստեղծեն լրացուցիչ խոցելի գործոններ: Առաջին իսկ ցնցումներից 4 և 5 վնասվածության աստիճաններով կվթարվի Աշտարակ, Թալին, Ապարան  համայնքների տարբեր դասերին պատկանող շենքերի 50-90%: Հրդեհների քանակը կհասնի 37-ի, իսկ կոմունալ-էներգետիկ ցանցում վթարների թիվը կլինի 1.193 , բնակչության ընդհանուր կորուստը կկազմի  36 500 մարդ, որից մոտ  18 200-ը` անվերադարձ: Այս ամենը հաշվի առնելով` մարզպետարանի եւ համապատասխան մարմինների նախաձեռնությամբ օգոստոսի 13-14-ը կիրականացվի ուսուցողական վարժանքը: Իբր ՄՓՎ հերթապահ ուժերի ղեկավարը ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության  հերթապահից  հաղորդագրություն է ստանում այն մասին. որ Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: ՄՓՎ անձնակազմն ազդարարում է հավաք` համապատասխան պետական կառավարման տարածքային մարմինների ղեկավարների  մասնակցությամբ: Պետական կառավարման տարածքային ՏԻՄ  մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարները իրենց հերթին իրականացնում  են ենթակա անձնակազմի ազդարարում և հավաք մշտական աշխատավայրերում: Արագածոտնի  մարզային փրկարարական վարչության դիսպետչերը իրականացնում է ՀՀ Արագածոտնի մարզի, ՄՓՎ պետի, մարզի ԱԻ հանձնաժողովների, «ԱրմենՏել» տարածքային ստորաբաժանման ղեկավարի ազդարարում, որն իր հերթին ազդարարում է Արագածոտնի մարզի ղեկավար կազմին: Ամբողջ ծավալով գործողության մեջ է դրվում «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանության կազմակերպման պլան»-ը: Երկրաշարժի սկիզբը կազդարարվի օգոստոսի 13-ին ժամը 09.05-ին: Էպիկենտրոնը գտնվում է Աշտարակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, ըստ վարժանքի, ուժգնությունը էպիկենտրոնում կազմելու է 9 բալ: Նախնական տվյալներով կան զոհեր և ավերածություններ: Ստեղծվել է ծանր ինժեներական, բժշկական եւ հրդեհային իրավիճակ: Համաձայն ստացված նախնական տվյալների` փրկարարական եւ այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է  ընդհանուր թվով 10682 մարդ (տարբեր պրոֆիլի փրկարարներ) եւ շուրջ 126 ինժեներական տեխնիկա: Ստեղծվելու է մի իրավիճակ, երբ աղետից չտուժած բնակչությունը փորձում է ձեռքի տակ եղած գործիքներով փլատակների տակից դուրս բերել հարազատներին: Հանրապետության այլ մարզերից ավտոմեքենաներով մարդիկ փորձում են հասնել աղետի գոտի և իմանալ տեղեկություններ իրենց հարազատների մասին: Օգոստոսի 14-ին տեղի է ունենալու մեկ այլ փրկարարական վարժանք: Իբր ժ.11:00-ին տեղի է ունեցել ավտովթար Աշտարակ քաղաքում: 5 տոննա տարողությամբ ամոնիակով բեռնված ավտոբակը վթարվել է, տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք: Երկու օրերի ուսումնավարժությանը մասնակցելու են Մարզային փրկարարական վարչությունը, ՀՀ Արագածոտնի մարզպետարանը, Աշտարակի, Ապարանի և Թալինի քաղաքապետարանները,արտակարգ իրավիճակներում մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը: Վարժանքը կանցկացվի Արագածոտնի մարզպետարանի  վարչական շենքում, ինչպես նաեւ Աշտարակի, Ապարանի, Թալինի քաղաքապետարաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter