20 տարի` առանց ջրի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» թաղամասն արդեն 20 տարուց ավելի մոռացված է ինչպես տեղական, այնպես էլ մարզային իշխանությունների կողմից: Թաղամասի 43 բազմաբնակարանային շենքերը խիստ վթարային վիճակում են: Շատ շենքեր մուտքի դռներ չունեն, եւ տարածքում թափառող շները, բնակիչների հետ միասին, օգտվում են ընդհանուր օգտագործման տարածքներից ու պատսպարվում միջանցքներում:
Չի աշխատում կոյուղին, իսկ 4-րդ եւ 5-րդ հարկի բնակիչները 20 տարի է զուգարանի, կենցաղային օգտագործման եւ խմելու համար ջուրը բերում են դաշտերից, որտեղ աղբյուրի ծորակ կա: Նշված շենքերի բնակիչներն անելանելի դրության մեջ են, քանի որ Վարդենիսի քաղաքապետարանի փոխանցմամբ` համատիրությունները լուծարման գործընթացում են գտնվում: «Բանավան» թաղամասի թիվ 20 շենքի բնակիչները, քաղաքային եւ մարզային իշխանություններից հույսը կտրելով, դիմեցին «Հետքին»` հուսալով, որ մամուլի հրապարակումը անարձագանք չի մնա պաշտոնյաների կողմից:
«Ստեղ սկի ապրելու տեղ չի, պայմաններն ահավոր են, բայց որ տեղ չունենք ապրելու` ստիպված յոլա ենք գնում, հո չե՞նք գնա չոլի մեջ ապրենք: Ամբողջ շենքը վթարային ա, սկի ջուր էլ չունենք, կոտորվում ենք հանդ ու չոլերից վեդրոներով ջուր կրելուց: Ջուր կրելով հաշմանդամ ենք դարձել: Ամբողջ ամառ ահավոր հոտ ենք շնչում, բա մենք մեղք չե՞նք: Շենքի կեսը դադարգյուն են եղել, տները թողել, գնացել են գյուղերում են ապրում: Ստեղ ապրելու տեղ չի, դրա համար էլ թողել-գնացել են: Քանի անգամ ենք քաղաքապետարան գնացել բողոք, որ գոնե ջրի հարցը կարգավորեն, ընդեղ էլ մեզ բանի տեղ չեն դնում»,- ասաց Սառա Աբրահամյանը: Տիկնոջ ասելով` անցյալ տարի ամբողջ շենքով միացել են, յուրաքանչյուր ընտանիք 15000 դրամ է վճարել համատիրությանը, որ ջրի հարցը լուծեն, սակայն մեկ տարի անց ոչ ջուրը կա, ոչ էլ` հավաքած գումարը: «Շան նման ենք ապրում, 2 հասուն տղա ունեմ, բայց ռիսկ չեմ անում պսակեմ, ես ջուր կրելով հիվանդանամ` հերիք չի, հիմա էլ հարսներին կրակը գցե՞մ»,- ասաց տիկին Սառան: Նրա չամուսնացած որդիներից մեկը` 30-ամյա Արմենը, բնակարանն էր վերանորոգում: Երբ ամուսնության մասին հարցրի, ասաց, որ առաջիկայում էլ չի պատրաստվում ամուսնանալ, քանի որ բնակարանային պայմանները թույլ չեն տալիս: «Ես էլ ստից-մտից տունն եմ ռեմոնտ անում, որ գարշահոտությունը գոնե մի քիչ վերանա: Արդեն հաց ուտելուց էլ ենք զզվում»,- ավելացրեց Արմենը:
Նույն շենքում է ապրում Ադրբեջանից բռնագաղթած Լուսիկ Տռուզյանը: Նա էլ ջուր չունի ու, չնայած պատկառելի տարիքին, դույլերով դաշտերից բերած ջրով է կարիքները հոգում: Վերջերս էլ, հերթական անգամ ջրի դույլերով տուն վերադառնալիս, Լուսիկ տատը սայթաքել է, ընկել է ու ձեռքը կոտրել: «Ապ ջան, բա սենց բան կըլի՞: Մեծ մարդ ու կնիկ ենք ապրում, էս տարիքիս գնում, ջուր եմ բերում, հենա վեր եմ ընկել, ձեռքս կոտրել եմ, ո՞վ ա մեր մասին մտածողը: 21 տարի ա ստեղ ենք ապրում, հլա ոչ մեկը չի եկել հարցնի` էս մարդիկ ո՞նց են ապրում»,- հուզված ասաց տարեց կինը: Նրա պատմելով` ամուսնու` Հայկ Տռուզյանի թոռը պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, բայց իրենց ոչ մի հարցով չի օգնում: «Պապու նկարը տարեք, իրան ցույց տվեք, որ դեմքը հիշի»,- ասաց Լուսիկ Տռուզյանը: Թիվ 20 շենքի բնակիչ Մանուշակ Գրիգորյանն էլ դժգոհեց համատիրությունից, որի «նախագահի երեսը ամիսներով չեն տեսնում»: «Համատիրությունը օրը մեջ մի նամակ ա ուղարկում, որ բնակարանի այսքան տարվա վարձ ունեք, բայց ոչ մի անգամ չեն եկել իմանան` մեր վիճակը ո՞նց ա, ի՞նչ պայմաններում ենք ապրում: Ամեն անգամ իրանց 500, 1000 դրամ ենք տվել, թե ի՞նչ են արել էդ փող ու փարան` չգիտենք: Անցյալ տարի էլի եկան, փող հավաքեցին, բայց ո'չ ջրի երես տեսանք, ո'չ էլ»,- ասաց տիկին Մանուշակը: Նրա փոխանցմամբ` երբ անձրեւ է գալիս, իրենք ահով են օրն անցկացնում, քանի որ տանիքն ամբողջությամբ վնասված է, եւ անձրեւաջրերը հինգերորդ հարկից անարգել իջնում են մինչեւ առաջին հարկ: «Արդեն քսան տարի ա` ջուր չունենք, էդ հալին էլ գալիս, ջրի վարձ են ուզում: Հողերս ձեր գլխին, ջուր տալի՞ս եք, որ ձեզ էլ ջրի վարձ տամ: Էս շենքը ոնց որ աշխարհի ցուցակից դուրս եկած լինի, ոչ մեկը մեզանով չի հետաքրքրվում»,- ավելացրեց Մանուշակը: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը չթաքցրեց, որ «Բանավան» թաղամասը խնդիրներով հագեցած է, սակայն նշեց, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շատ հարցերին լուծում տալ չեն կարող: «Նախկինում երկու անգամ քաղաքապետ եմ եղել, բացի իմ ղեկավարած տարիներից, որ շենքերի մուտքերին 10 դուռ դրեցի ու հաջորդ օրը գողացան տարան, ոչ մի բան չի արվել: Ժողովուրդն էլ մեղք ունի, պետք է պահպանեն շենքերը, վերջապես իրենց համար ենք անում: Այսօր իրենք սեփականատեր են, գալիս ասում են, թե` պետությունը մեզ չի օգնում, ու քաղաքապետին են կպնում: Իրենց սեփականությունն է, շենքի ժողովուրդը թող հավաքվեն, համատիրության համար ընդհանուր բյուջե ստեղծեն, ծախսումներն էլ վերահսկեն ու ըստ առաջնահերթության հարցերը լուծեն: Հիմա բոլորը պահանջատիրոջ կարգավիճակում են, քաղաքապետարանն էլ այդ հնարավորությունը չունի, որ ամբողջ շենքը վերանորոգի ու վթարայնության աստիճանը վերացնի: Մենք էլ մեր չափով հանգանակում կանենք, միայն թե իրենք էլ դրան մասնակից լինեն,- արդարացավ քաղաքապետը, բայց եւ ավելացրեց,-շենքի ժողովրդին էլ չենք կարող մեղադրել, էսքան փողեր են տվել համատիրությանը, թե ի՞նչ են արել` գլուխ չեմ հանում, սկի մի տանիքի թիթեղ չեն փոխել: «Հայջրմուղկոյուղի» ընկերության բաշխման վարչության պետ Հովիկ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «Բանավան» թաղամասում ջրի ճնշման հետ կապված խնդիրներ ունեն, եւ դա 20 տարվա պատմություն ունի: «Մինչեւ 3-րդ հարկ ջուրը նորմալ տալիս ենք, 4-րդ ու 5-րդ հարկերի բնակիչները բակային ծորակներից են օգտվում: Մեր ծրագրերում այդ շենքերի հարցն ընդգրկված է, եւ փուլային տարբերակով խնդիրը կկարգավորենք»,- պարզաբանեց Հ. Գասպարյանը: Թիվ 20 շենքի համատիրության նախագահին այդպես էլ չգտանք: Նրա հեռախոսահամարը ո'չ քաղաքապետարանն ուներ, ո'չ էլ` շենքի բնակիչները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել