Շինարարը պատասխանատու է, իսկ օբյեկտն ընդունողը` ոչ
Այսօր ԼՂՀ Վերաքննիչ դատարանը հրապարակեց Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի ղեկավար, «Տրանսքար» ընկերության տնօրեն Ժորա Գրիգորյանի գործով որոշումը. դատարանը մասնակիորեն բեկանեց եւ փոփոխեց ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Էականորեն ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել Վերաքննիչի այս որոշմամբ, միայն փոքր-ինչ նվազեցվել է Ժորա Գրիգորյանից հօգուտ «Տրանսքար» ընկերությանը բռնագանձման ենթակա գումարի չափը, իսկ ազատազրկման ժամկետը` 5 տարին, մնացել է անփոփոխ: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ժորա Գրիգորյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացում կամ վատնում` առանձնապես խոշոր չափերով»): Ժորա Գրիգորյանը մեղադրվում է Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ եւ Նոր Մանաշիդ գյուղերի ջրագծերի կառուցման ժամանակ խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ: Մեղադրողը դատական նիստերի ժամանակ պնդում էր, որ շինարարությունն անորակ է կատարվել, եւ պետությունը պետք է լրացուցիչ գումարներ հատկացնի սխալները շտկելու համար: Բանը այն է, որ նշված երկու օբյեկտներն էլ ժամանակին ընդունվել են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության մասնագետների կողմից, ստորագրել են համապատասխան ակտեր, սակայն նրանցից ոչ մեկն էլ պատասխանատվության չի ենթարկվել: «Հետքը» հետաքրքրվեց, թե որպես պետական շահերը պաշտպանող մարմին` Շահումյանի դատախազությունն արդյոք չի՞ պատրաստվում պատասխանատվության ենթարկել նաեւ այն անձանց, ովքեր ընդունել են «այդ անորակ շինարարությամբ օբյեկտները»: Շրջդատախազ, սույն գործով մեղադրող Սերգեյ Բաղրամյանը, հիշեցնելով երկու գյուղերի ջրագծերի հսկողությունն իրականացնող ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների` Արմեն Աղաջանյանի եւ Կոնստանտին Իվանիդիսի մասին, շեշտեց, թե այս գործով նրանց գործողությունների գնահատականը տրվել է: Դատախազի որակմամբ` նրանց «հանցագործության հատկանիշները ձեւական բնույթ են ունեցել», այդ իսկ պատճառով էլ դատախազությունը որոշել է այդ տեխհսկիչների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Ս. Բաղրամյանը միաժամանակ նշեց. «Քաղաքաշինության նախարարության տեխհսկիչը` Արմեն Աղաջանյանը, այդ օբյեկտի ընդունմանը չի մասնակցել, վերջնական ընդունման ակտը, որը ստորագրվել է 2007 թ. դեկտեմբերին, ստորագրել է անմիջապես Շինարարության նախարարությունում»: Դատախազի հավաստմամբ` մասնագետները օբյեկտի ընդունման փաստաթղթերի իրենց կողմից ստորագրումը պատճառաբանել են նրանով, թե դրանք ստորագրել են նաեւ այդ երկու համայնքների ղեկավարները: «Շինարարի կողմից կատարողականները սխալ են ներկայացվել, իրենք էլ օրենքով սահմանված կարգով չեն ստուգել: Մենք, որպես քննչական մարմին, որոշում ենք ընդունել իրենց նկատմամբ քրեական գործ չհարուցել: Իրենք պատասխանատու են, բայց որոշել ենք քրեական գործ չհարուցել, քանի որ նրանց հանցագործության հատկանիշները ձեւական բնույթ են ունեցել»,-ավելացրել է շրջդատախազը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել