HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Սիրո խոստովանություն` ինտելիգենտորեն

Մեր լրագրությունը, համարյա անխտիր բոլորը, կուլ տալով իշխանական խայծը, ինտելիգենցիայի որոնման ճանապարհին գնում են դեպի դերասանն ու երգիչը: Ու, չգիտես ինչու, դեռ չպարզած այդ անձանց տեղն ու դերը` սկսում են վերլուծել, մեկնաբանել թվացյալ մտավորականի վարքն ու բարքը, հանրային հարցերում նրա դիրքորոշումն ու պահվածքը, դրան էլ վրադիր` փորձում են վերծանել նրանց քայլերի` ասես շատ բարդ ու գաղտնի ներքին խորքային դրդապատճառները:

Բովանդակային առումով ինտելիգենցիան շատ ավելի պարզունակ ու ընդգրկուն շերտ է, քան պատկերացնում են մեր երիտասարդ լրագրողուհիները. ոչ միայն երգիչ-երգչուհիներին ներառող, այլ շատ-շատ ավելի լայն ու մարդաշատ շերտ: Մարդու այդ տեսակի պոպուլյացիան քանակական առումով իր մաքսիմալ ծավալին հասավ սովետների երկրում: Փողկապավորն ավելի շատ էր, քան բանվորական արտահագուստով իրական արժեք ստեղծողը: Դա քանդեց Խորհրդային Միությունը: Այն համակարգի հեգեմոնին պետք էր իր ինստիտուցիոնալ կառույցի վերնաշենքում ունենալ նման տպավորիչ քանակներով մարդու այդ տեսակը երևի թե, որ բուծել էին այդքան: Ինչևէ, սովետները չկան հիմա, այն համակարգը քանդվեց…

Հայկական կապիտալիստական ազատականության արշավանքը շատ մարդ սրբեց ու տարավ… Բայց մարդու այդ տեսակը, կարծես թե, դեռ բազմացվում է` նորից զգալի քանակներով, և ընդսմին պարզվում է` դեռ հանրային արժեք ու հետաքրքրություն է ներկայացնում իրենից: Ահավասիկ, անխնամ վարվեցին իրենց տեսակի հանդեպ հհշ-ական լիդերները, որոնք, ըստ իս, իրենք էլ ինտելիգենտ էին: Ինտելիգենտին հատուկ յուրատեսակ ցինիզմով նրանք իրենց տեսակը մաքրեցին ասպարեզից:

Վայրի էին պայմանները, իսկ ինտելիգենտը միշտ էլ եղել է փափուկ ու հարմարվող, ըստ այդմ էլ` այդ տարիներին չպահանջված: Եթե, բախտի բերմամբ, իմ այս վերլուծականն ընկնի առջին նախագահի ձեռքը, միգուցե ինչ-որ բան հուշի նրան` հանրությունը կոնսոլիդացնելու այս նոր փորձի ընթացքում: Ինտելիգենցիան Երևանը ողողած գովազդային պաստառներից սառը ժպիտով իր վրեժն է լուծում նրանից` չապրած մի կյանքի համար:

Հիմա ասում են` այսինչ մտավորականը իշխանամետ է, այնինչը իշխանամետ չի: Չկա նման բան: Բոլորն են իշխանամետ, մեկը` բացահայտ, մյուսը` թաքնված: Իմ դիտարկմամբ` ինտելիգենտ հասկացությունը խորհրդային ժամանակի մնացուկ է, որն էլ ժամանակի մեջ կավարտվի: Ես չեմ կարող պատկերացնել Էգոն Շիլեի ապշանքը, եթե լրագրողուհին դիմեր նրան որպես ավստրիական ինտելիգենցիայի ներկայացուցիչ ու փորձեր պարզել նրա քաղաքական հայացքները, կամ` ինչ հիմար վիճակի մեջ կընկներ Ահմադ Ջամալը, եթե փորձեին նրան ստիպել մտածել ամերիկյան ինտելիգենցիայի պահվածքի մասին:

Բայց մեր նկարիչներն ու երաժիշտները, որոնք, անշուշտ, զիջում են իրենց մասնագիտական պատրաստվածությամբ վերոհիշյալ անհատներին, ջահել լրագրողուհիների սադրանքով մի առանձին եռանդով են ձեռնամուխ լինում «հայ մտավորականություն», «հայ ինտելիգենցիա», «հայ արվեստագետ» հասկացությունները շարքային քաղաքացուն մատչելի դարձնելու գործին:

Պարզվում է` մեր հիվանդություները շատ ավելի խորն են, քան կարող ենք ենթադրել: Այսօրվա իշխանավորին, այսօրվա ունևորին պետք է, որ լինի այդ ինտելիգենցիա կոչվածը, որպեսզի, թերևս, իր հնարած սուտը բեմի ու հեռուստասերիալի միջոցով մտցնի շարքային մարդու գլուխը ու աղքատության մեջ ժամանակը անիմաստ վատնող սոցիումին հեռու պահի իր բուն պրոբլեմից:

Դրա համար նրանց գովազդում են, նրանց փառասիրությունն են շոյում, բարձրացնում են պլակատների վրա` սիրո զուտ դեկլարատիվ խոստովանությամբ: Ես կարծում եմ` պետք չի փնտրել իշխանամետ կամ ընդդիմադիր ինտելիգենտ: Կա ինտելիգենտ տեսակ` բացառապես միատարր իր հատկանիշերով (առավել ևս, եթե այդ տեսակի մեջ մեր լրագրությունը մտցրել է դերասաններին ու երգիչներին):

Եվ բողոքողի բողոքը իշխանության դեմ չէ, բողոքողի բողոքը իր տեսակի դեմ է`այն մարդկանց, որոնք առաջ են ընկել ու շուտ են հասել իրենց որոնյալ տեղին: Այն տեղին, ինչին կոչված են: Հանգրվանել են այնտեղ, ուր տարել է նրանց բնականոն հոսքը:

Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ անցել են այն ժամանակները, երբ շարքային մարդը շարժվում էր մտավորական կոչվածի խոսքով: Մի անգամ արդեն հհշ-ականության ոտքի տակ ընկած շարքային քաղաքացին հասկացել է վաղուց, որ իշխանության ձգտող ցանկացած հայ մարդ` ինչ անուն կուզեք տվեք նրան`մտավորական, ինտելիգենտ, արտիստ, գիտնական, հետամուտ է իր անձնական շահին` լինի ընդդիմադիր ճամբարում, թե իշխանության մեջ, եւ թե այդ երկուսից էլ դուրս:

Իսկ գործող առաջնորդակազմը և գործադիր աթոռին ձգտող կոնգրեսական առաջնորդակազմը շատ լավ գիտեն, որ ինստիտուցիոնալ վերնաշենքի միջանցքներում թափառող մտավորականությունը ապավեն չէ իր համար:

Բոլորին էլ ակնհայտ է, որ ինտելիգենցիան այն միջոցն է, այն զենքն է (պատմականության մեջ ժամանակավոր), ում միջոցով հեգեմոնը իր ինստիտուցիոնալ սուտը տեղավորում է իր կողմից շահագործվող մարդու գլխում: Եվ մայրաքաղաքով մեկ բարձրադիր պաստառներից ճոճվող արտիստիկ զինատեսակների շոուն, ըստ իս, հետապնդում է նույն նպատակը:

Իսկ եթե փորձենք ավելի համարձակ գնահատել կատարվողը, ապա գովազդային պաստառներից մեր անվանի հայրենակիցների ինտելիգենտական ցինիկ ժպիտով հագեցած սիրո դեկլարատիվ խոստովանությունն ու անմեղ թվացող նրանց զենքերը, ի վերջո, ուղղված են մեր` շարքային քաղաքացիներիս դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter