Մոլորված համայնքապետեր եւ անօթեւան ընտանիքներ` Արագածոտնի մարզում
Այս տարին, կարծես թե, բարենպաստ չէր գյուղատնտեսության համար, եւ գյուղացիները տարվա ընթացքում ուժեղ քամիների, հորդառատ անձրեւների ու կարկտի պակաս չեն զգացել: Oգոստոսի 8-ին Արագածոտնի մարզից հայտնել էին, որ Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, Ռյա Թազա, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Մելիք, Սվաշեն եւ Սանգյառ գյուղական համայնքներում տեղացել է ուժեղ կարկուտ, իսկ Միրաք գյուղում նաեւ ուժեղ քամու հետեւանքով շրջվել են ծառեր, էլեկտրական հենասյուներ, քամին քշել է տանիքներ:
«Հետքի» հետ զրույցում բնական աղետից տուժած համայնքապետերը նշեցին, որ կառավարությունից օգնություն չեն սպասում եւ իրենք պետք է իրենց գլխի ճարը տեսնեն: Ծաղկահովտի համայնքապետ Նորաին Հակոբյանի ասելով` իրենց համայնքի ամբողջ ցանքատարածությունները` մոտ 400 հեկտար, կարկտից վնասվել են: «Կառավարությունից հույս չունենք, որ վնասների հատուցում կտան, որովհետեւ մենակ մեր մոտ կարկուտը չի խփել, շատ տեղերում է վնաս տվել: Փաստորեն, էլ ճար չկա, մարդիկ պետք է սոված նստեն: Ես էլ եմ մոլորվել, չգիտեմ` ինչ անեմ»,- ասաց Ն. Հակոբյանը: Համայնքապետի ասելով` վնասների չափը ներկայացվել է մարզպետարան, եւ սպասում են պատասխանի: Անելանելի դրության մեջ են հայտնվել նաեւ եզդիաբնակ Ռյա Թազա գյուղում: Այստեղ էլ բերքի 50 տոկոսն է վնասվել: Միայն 250 հեկտար գարու ցանքատարածություն գետնին է հավասարվել: Հորդառատ անձրեւներից խոտն ամբողջությամբ փտել է, ու կասկածի տակ է նաեւ անասունների ներկայիս գլխաքանակը պահելը: Այս համայնքում անասունները չոր խոտով սնվում են 7 ամիս, եւ դժվար այսօր գյուղացին կարողանա ձմռան համար խոտ գնել: Համայնքապետ Ահմադ Բրոյանի ասելով` եթե եղանակային այս պայմանները շարունակվեն, գյուղում անասունի ոչ մի գլխաքանակ չի մնա: Նշենք, որ 533 բնակիչ ունեցող Ռյա Թազայում այս պահին կա 1450 գլուխ խոշոր եւ 1000 գլուխ մանր եղջերավոր անասուն: «Գյուղացիները սպասում էին, որ իրենց բերքով վառելիք առնեին, բայց ոչ մեկը չի կարող փայտ առնել: Ով գազ ունի` ուրախ է, չունեցողներն էլ չգիտեն` ինչ անեն: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, մեր գյուղացիների վիճակն ահավոր է»,- ասաց համայնքապետը: Պարոն Բրոյանին հարցրինք` արդյոք հույս ունի՞, որ կառավարությունից վնասների փոխհատուցում կստանան: «Եթե այսպես շարունակվի, ոչ մի օգնություն էլ չեն տա: Վերջերս գյուղնախարարը մեր մարզում էր եւ պարզ հասկացրեց, որ օգնության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի պետք է մարդիկ իրենց բերքն ապահովագրեն: Ես` որպես մարդ, նախարարի ասածից հասկացա, որ մեզ չեն օգնելու: Դուք լրագրող եք, գիտե՞ք մի ընկերություն, որը գյուղացու բերքը կապահովագրի: Ես նման ընկերության տեղը չգիտեմ ու նախարարին էլ նույնը փոխանցել եմ»,- նշեց համայնքապետը: Մոտ 100 հեկտար ցորենի ու գարու ցանքատարածություն էլ կարկուտը վնասել է մարզի Նորաշեն համայնքում: Վնասի չափի մասին մարզպետարանը տեղեկացվել է, եւ սպասում են արձաքանքին: «Իհարկե, հույս չունենք, որ վնասների հատուցում կլինի, որովհետեւ ֆինանսական ճգնաժամ է: Նախորդ տարիներին, ճիշտ է, գյուղացիներին վնասի հատուցման համար գումար չտվեցին, բայց բնամթերք են տվել: Իհարկե, դա էլ համարժեք չի եղել վնասի չափերին: Այսօր գյուղացին անպաշտպան է, ու ոչ մի ելք չի մնում, բացի դիմադրելուց: Բնական աղետ է, ամբողջ աշխարհն է ավերվում, մենք ի՞նչ անենք»,- ասաց Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը: Մարզի համայնքներից արտակարգ դրություն է եղել հատկապես Միրաքում: Այստեղ ուժեղ քամին պոկել-տարել է տների տանիքները, վնաս է հասցրել նաեւ դպրոցին` կոտրվել են պատուհանների ապակիները: 129 բնակիչ ունեցող Միրաքում կա ընդամենը 45 տուն, որոնց 80 տոկոսի տանիքները օգոստոսի 8-ին քամին քշել է: Ամբողջությամբ պոկվել է դպրոցի հարավային մասի տանիքը, իսկ վերջին օրերի հորդառատ անձրեւները ամբողջությամբ լցվել են մարդկանց տներն ու դպրոցի շենքը: Քանի որ Միրաքի համայնքապետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, զրուցեցինք գյուղի դպրոցի տնօրեն Ժորա Կիրակոսյանի հետ: «Քանի որ ապակիները կոտրվել էին, քամին մտնելով ներս` դպրոցից քշել-տարել է կարեւոր փաստաթղթեր: Հիմա այս ու այն կողմից փաստաթուղթ ենք գտնում»,- պատմեց դպրոցի տնօրենը: Քամին այնքան ուժեղ է եղել, որ կոտրելով գյուղի բնակիչ Յուրիկ Նամոյանի տան ապակիները` մտել է ներս ու ամբողջությամբ ավերել տան կահույքը` շրջել է հեռուստացույցը, կոտրել է սպասքը եւ այլն: «Գյուղին օգնության ձեռք է պետք մեկնել. գյուղացիների մի մասի տանիքներն ամբողջությամբ քամին քշել-տարել է: Հիմա էլ հորդառատ անձրեւներ են գալիս, փրկարարները 6-7 վրան են բերել-տեղադրել գյուղում, որպեսզի անձրեւ գալու դեպքում մարդիկ այնտեղ պատսպարվեն, մինչեւ տեսնեն` ի՞նչ է լինում»,- ավելացրեց պարոն Կիրակոսյանը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ փոխանցեց, որ աղետի օրը մարզպետարանի համապատասխան վարչության պետերի հետ ինքն անձամբ է եղել Միրաք համայնքում: «Քանի որ, իսկապես, արտակարգ դրություն էր Միրաքում, անմիջապես ահազանգել եմ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: 33 տուն մասնակի կամ ամբողջությամբ վնաս է կրել: Այս պահի հաշվարկներով` Միրաքին հասցված վնասը կազմում է 10.5 միլիոն դրամ: Ակնկալում ենք, որ կառավարությունը կօգնի գյուղացիներին»,- ասաց մարզպետը: Նշենք, որ Տարածքային կառավարման նախարարության, Քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների ու Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներից կազմվել է հանձնաժողով` բնակչությանը հասցված վնասի չափը հաշվարկելու համար: Թե կառավարությունը ի՞նչ չափով կօգնի տուժած գյուղացիներին, եւ կօգնի՞ արդյոք, դժվար է ասել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել