Վարչապետի փոխհատուցումը
Մոտ մեկ ամիս առաջ կառավարության որոշմամբ մշակույթի փոխնախարար նշանակվեց Արև Սամուելյանը: Պարզվում է` Գյուրջինյանին փոխարինած Արև Սամուելյանը, որի անունը ոչ մեկին հայտնի չէր, թեև երբևէ պետական «պոստերում» չի ծառայել, սակայն մի շարք ծառայություններ է մատուցել վարչապետին, որն էլ գնահատել է դրանք:

Նա Տիգրան Սարգսյանի` Աբովյան քաղաքում գտնվող բնակարանի դիզայներն է եղել: Մոտ մեկ տարի է` Արև Սամուելյանի գեղագիտական ճաշակով և մասնակցությամբ վերանորոգվում է վարչապետի բնակարանը:
Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանը նրա աշխատանքների դիմաց վճարե՞լ է, թե՞ «վճարել է» փոխնախարարի պաշտոնով: Եթե այդպես է, ապա գործ ունենք դասական կոռուպցիայի երևույթի հետ:
Քաղաքապետը վարձահատույց է եղել
Երևանի կառուցապատման ու ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանին օրերս փոխել են նոր տնօրենով` Լևոն Հակոբյանով:
Ռոբերտ Հարությունյանը, թերթի տեղեկություններով, Երևանի ճանապարհային հանգույցների և այլ շինությունների կառուցապատող «Գրիար» ընկերության սեփականատեր Գրիշա Հարությունյանի ազգականն էր: Այս պաշտոնում, փաստորեն, կարկառունների ազգանունների տեղափոխություն է եղել:
Նորանշանակ տնօրենն էլ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հարություն Փամբուկյանի ազգականն է: Նշենք նաև, որ այս ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու գործը քաղաքապետարանի իրավասության սահմաններում է: Հավանաբար, ԾԻԳ-ի պետով վարձահատույց են եղել Փամբուկյանին` ընտրություններում ցուցաբերած գերազանց առաջադիմության համար:
Ուզում են կոծկել
Թերթի տեղեկություններով` Առողջապահության նախարարությունը պատրաստվում է կոծկել հուլիսի 14-ին «Մարգարյան» ծննդատանը զույգ երեխաների ծննդաբերությունից հետո մահացած Ալլա Խաչատրյանի մահվան պատճառը: ԱՆ-ում մտադիր են այնպիսի եզրակացություն հրապարակել, ուր կնշվի, որ 26-ամյա աղջիկը մահացել է էմբոլիայից (արյունատար անոթների խցանում):
Այս կերպ Առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը փորձելու է փրկել ծննդատան ղեկավար, իր կուսակից Գեորգի Օկոևի մասնագիտական պատիվը:
Ալլա Խաչատրյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կոծկելու գործին է լծվելու նաև Դատաբժշկական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը, ով սույն գործում, ինչպես հայտնի է, պարզապես «աս» է:
Միևնույն ժամանակ, թերթի աղբյուրները փոխանցում են, որ 26-ամյա կնոջ մահը փորձ է արվելու օգտագործել ԲՀԿ-ի դեմ: Թերևս, սրանով էր պայմանավորված, որ ոստիկանությունը շտապեց հայտարարել, թե Ալլա Խաչատրյանի մահվան համար մեղավոր են հիվանդանոցի բժիշկները:
Ճշտի բազար 1
Ինչպես տեղեկացրել էինք, մոտ 15 օր առաջ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն, ծեծի էր ենթարկել Նոր Նորքի ոստիկանապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդուն` Արսեն Աբրահամյանին:
Երեկ սույն լուրի կապակցությամբ «ՀԺ»-ն գրություն է ստացել Ռուբեն Հայրապետյանից, որտեղ վերջինս, բնականաբար, հերքել է տեղի ունեցածը: «Հոդվածում նշված այն հանգամանքը, թե իբր իմ և Նոր Նորքի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ես ծեծի եմ ենթարկել ոստիկանապետին, բացարձակ սուտ է»,-գրել է Ռուբեն Հայրապետյանը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, Ռուբեն Հայրապետյանի և Նոր Նորքի ոստիկանապետի միջև «հակասությունը» ծագել է այն բանից հետո, երբ Հայրապետյանը Աբրահամյանի նշանակությունից հետո նվերներով գնացել է վերջինիս մոտ: Աբրահամյանը որոշել է, որ նման նվերներ Հայրապետյանից «որպես նալոգ» պետք է ստանա ամեն ամիս: Փոխարենը, սակայն, նա նվեր է ստացել ծեծ, երբ Նեմեց Ռուբոյին հայտնի են դարձել նրա ակնկալիքները:
Խաղատներ` ծառերի հաշվի՞ն
Չնայած բնապահպանները վստահեցնում են, որ մարզերում խաղատների կառուցումն ուղեկցվելու է կանաչ տարածքների հատմամբ, մարզային ղեկավարները միայն ողջունում են կառավարության այդ օրինագիծը
Ջերմուկ քաղաքում խիտ անտառից մի լայն հատված «խուզել են»` նոր ճոպանուղի կառուցելու համար, որը նախատեսված է Ջերմուկում տուրիզմի զարգացման ծրագրով: Ծառահատումը հարուցել է մի շարք բնապահպանների դժգոհությունը: Նրանց խոսքերով` կառավարությունը Երևանում այլևս կանաչ տարածք չթողնելով, հիմա էլ մարզերում է ծառաջարդ անում` մի քանի հոգու գրպանի համար` ապականելով Ջերմուկի հրաշք բնությունը:
Բնապահպանության նախարարությունը կատարվածի մասին իր տեսակետն ունի, ըստ որի` Ջերմուկում ոչ մի ծառաջարդ չի եղել, պարզապես կառավարությունը որոշ ծառեր հանել է, հետագայում այն Ջերմուկի մի այլ հատվածում տնկելու պայմանով:
Նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանի խոսքերով` «մենք էլ ենք հասկանում, որ ծառերն արժեք ունեն, դրանք քուչից չենք գտել, որ կտրեն, անտառը ոչնչացնեն, ամեն ինչ վերականգնվելու է»:
Բացի ճոպանուղու կառուցումից, բնապահպաններն անհանգստացած են, որ Ջերմուկի կանաչ տարածքներից շատերը «զոհվելու» են նաև շուտով այնտեղ կառուցվելիք խաղատների համար:
Հայտնի է, որ կառավարության մշակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի նախագծով, 2013 թ. հունվարի մեկից թույլատրվում է խաղատներ կառուցել Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում: Դա, ըստ բնապահպանների, անպայման ուղեկցվելու է ծառերի ու կանաչ տարածքների հատմամբ:
Սակայն Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Առավոտի» հետ զրույցում բացառել է Ծաղկաձորում որևէ ծառահատում` խաղատների կառուցման նպատակով. «Միևնույն է, Ծաղկաձորի անտառային մասը պետական սեփականություն է, այն չենք կարող հողհատկացում անել կամ աճուրդով վաճառել խաղատների սեփականատերերին: Այնպես որ, Ծաղկաձորի կանաչ տարածքները դրանից բացարձակ չեն տուժի: Ծաղկաձորի գլխավոր հատակագծում կան լիքը ազատ տարածքներ, որոնք նախատեսված են քաղաքաշինական նպատակների համար, կարող են այնտեղ կառուցել...»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել