HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցի հակերները կրկին գրոհում են հայկական կայքերը

Անցյալ ուրբաթ օրվանից ադրբեջանցի հակերները զանգվածային հարձակում են սկսել հայկական կայքերի վրա: Վնասվել են շատ կայքեր, մի մասը` պետական: Մնացածն այն կայքերն են, որոնք գրանցված են «.am» տիրույթում: Այս մասին «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց «Smart Systems» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը: Վերջինիս խոսքով` ադրբեջանցի հակերների ուղղվածությունը եղել է հենց «.am» տիրույթը, քանի որ իրենց ընկերության սերվերի վրա տեղադրված են մի շարք կայքեր, որոնք, թեպետ, հայկական են, բայց «.ru»-ով կամ «.com»-ով են վերջանում. դրանց ձեռք չեն տվել: «Կայք պատրաստող յուրաքանչյուր կազմակերպություն կամ անհատ պաշտպանական համակարգ ունի: Դրա համար մենք ստեղծել ենք հայկական կայքերի անվտանգության խումբ` երկու օր առաջ, որն արդեն 72 անդամ ունի: Այն պետք է փորձի մշակել ինչ-որ քաղաքականություն, թե ո՞նց է կարելի պայքարել հակերների դեմ ու մեծացնել կայքերի անվտանգությունը»,- ասաց նա: Հայ հակերները նույնպես հակահարվածներ են կատարում ադրբեջանական կայքերի վրա, սակայն, Ս. Ասլանյանի կարծիքով, դա լուծում չէ. առաջին հերթին պետք է լավ պաշտպանված լինենք: «Մեր խնդիրը մեր կայքերի որակի բարձրացումն ու անվտանգության մեծացումն է»,- ասաց նա: Վերջին մի քանի օրում ադրբեջանական երեք-չորս հակերային խմբեր են հայտնաբերել, որոնք միայն հայկական կայքեր չէ, որ կոտրում են: Հետաքրքիրն այն է, որ այդ հակերների մեծ մասը բացահայտ է գործում, չի թաքնվում: «Հայկական կայքեր կան, որոնք երեք տարեկան երեխան էլ կարող է կոտրել: Նույնն էլ ադրբեջանական կայքերի մասին կարելի է ասել: Ավելի ցավոտն այն է, որ կան հայկական պետական կայքեր, որ ուրբաթ օրվանից կոտրված են ու մինչ օրս չեն վերականգնվել, օրինակ` Էկոնոմիկայի նախարարության կայքը: Ցանկության դեպքում ցանկացած կայք կարելի է կոտրել, Պենտագոնի կայքն էլ են կոտրում: Այստեղ ավելի շատ խնդիրն այն է, թե ինչքան ժամանակում արձագանք կլինի: Պենտագոնի կայքը կոտրում են, մի քանի վայրկյան հետո վերականգնվում է»,- ասաց Ս. Ասլանյանը` նշելով, որ վերջին հարձակման ընթացքում իրենց հաճախորդներից շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կայքերը կոտրվել են, քանի որ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ վերականգնվել է: «Երկու ձև կա կայք կոտրելու: Առաջինը, երբ կայքի տեսքը փոփոխվում է` դրոշ են դնում, ինչ-որ տողեր են գրում կամ հղում են անում իրենց կայքին: Դա, բնականաբար, դուք կտեսնեք: Մյուսը, երբ վիրուս է տեղադրվում և վնասում ձեր համակարգիչը»,- ասաց Ս. Ասլանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter