HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

«Մի երազանք ունեմ. ուզում եմ գորգագործության սեփական դպրոց ունենալ»

13_08-narineՆարինե Բադալյանը խուլ ու համր է: Հասարակությունից օտարացած, 2-րդ կարգի հաշմանդամ աղջիկը մորը կորցնելուց հետո ինքնամփոփ ու աշխարհից խռովված էլ կմնար, եթե 2003 թ. մի օր, երջանիկ պատահականությամբ, չհայտնվեր «Հայ միասնության խաչ» հ/կ-ի Էջմիածնի արհեստակենտրոնում: Նարինեի երկրորդ մոր` Վերա Բադալյանի պատմելով` երբ աղջիկը կազմակերպությունում հայկական նախշազարդերով գորգերի էսքիզներ է տեսել, տրամադրությունը միանգամից փոխվել է:

«Հորը հասկացնել է տվել, որ իրեն գորգագործության դասերի ուղարկի»,- ասաց տիկին Վերան: Արդեն վեց տարի է` Նարինեն գորգ է գործում: Գորգագործության նրբությունները յուրացրած աղջիկը կարճ ժամանակում այնպես հմտացավ, որ չնկատեց էլ, թե ինչպես դարձավ ուսուցիչ: Հարցին, թե` ինչպես է հաղորդակցվում աշակերտների հետ, տիկին Վերայի օգնությամբ ասաց. «Ես բարդ մարդ չեմ, երևի դրա համար էլ ինձ շուտ են հասկանում: Իրենց հետ ես ինձ լիարժեք եմ զգում: Նույնիսկ սկսել եմ հնչյուններ արտասանել, իրենք էլ ժեստերի լեզուն են սովորել: Այնպես որ, միմյանց լավ ենք հասկանում»: Տիկին Վերան պատմում է, որ գորգագործության դասերի ուղարկելով` աղջկա հայրը նրան բարդույթներից ազատելու և հասարակությանն ինտեգրելու նպատակ է ունեցել: «Բայց երբեք մտքով չի անցել, որ աղջկա գորգագործական հաջողությունները միջազգային մասշտաբների կհասնեն»,- ներկայացնելով Իտալիայում, Իրանում, Թուրքիայում և Իսրայելում Նարինեի հեղինակած գորգերի ցուցահանդեսների բուկլետները` ասաց մայրը եւ հավելեց, որ անհատական մի ցուցահանդես էլ Երևանում` Նարեկացի արվեստի միությունում է ունեցել: Իսկ Թեհրանում` «Արարատ» միությունում, Նարինեի աշխատանքների ցուցադրությունը նոր հեռանկարներ բացեց 24-ամյա աղջկա առջև. ամիսներ առաջ Նարինեն Թեհրանի «Ակունք» կենտրոնից աշխատանքի առաջարկ ստացավ: «Այնքան շփոթված էի, որ միանգամից չհասկացա` ով է կանչում, ուր են կանչում: Իսկ ուշքի գալուց հետո դժվարանում էի հավատալ, որ իմ նմանների ստեղծածով էլ կարող են հետաքրքրվել»,- ասաց Նարինեն: «Առաջին անգամ նրան տնից մենակ դուրս թողնելու որոշում թեև այնքան էլ հեշտ չկայացրինք, բայց ուրախացանք, որ աղջիկս նկատվեց ու գնահատվեց: Մտածեցինք` ինչքան շփման եզրերը մեծացնի, այնքան շուտ կազատվի բարդույթներից: Հետո, վստահ էի, որ օտար երկրի և օտար մշակույթի հետ շփումը կօգնեն երեխայիս` կյանքին այլ աչքերով նայել»,- ասաց Նարինեի հայրը`Հակոբ Բադալյանը: Նարինեն օրերս է վերադարձել Թեհրանից, որտեղ շուրջ երեք ամիս գորգագործություն էր դասավանդում մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների «Ակունք» կենտրոնում: Ասում է, որ շփումն արհեստի լեզվով էր, դրա համար էլ իրանահայ երեխաներն իրեն հեշտությամբ հասկացան: 13_08-narine.jpg-1Դասավանդելուց բացի, Նարինեն հասցրել է նաև աստվածաշնչյան թեմայով գորգ հյուսել ու նվիրել իրեն աշխատանքի հրավիրած ընկերությանը: Թեհրանում Նարինեն ոչ միայն սովորեցրել է, այլև` սովորել. «Աշխատանքից հետո հետը պարապում էի, որ բառեր արտասանի. շատ դժվարությամբ, բայց մի քանի բառ սովորեցրի»,- ասաց Թեհրանի «Ակունք» կենտրոնի տնօրեն Մարթա Հովսեփյանը, ում կարծիքով` Նարինեի նմաններին ոչ թե խղճալ ու անընդհատ օգնել է պետք, այլ հավասարը հավասարի վերաբերվել և տալ հնարավորություն, որ աշխատեն ու ինքնադրսևորվեն: Թեհրանում ստացած վարձատրությունից Նարինեն դժգոհ չէ: Ասաց, որ այդ գումարը որոշ ժամանակ կօգնի ընտանիքին, որի եկամուտը հոր աշխատավարձն ու իր 9500 դրամ հաշմանդամության թոշակն է: «Մի երազանք ունեմ, որով ապրում եմ. ուզում եմ գորգագործության սեփական դպրոց ունենալ և այնքան աշխատել, որ ստեղծած հնարավորություններով գնամ Ֆրանսիա: Ասում են` իմ նմաններն այնտեղ հասարակության լիիրավ անդամ են»,- ասաց Նարինեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter