HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդենիսի «Բանտերում» կոյուղագիծը վերգետնյա է

Մարզի կեղտաջրերն էլ թափվում են Սեւանա լիճը

 Վարդենիսի քաղաքի «Բանտեր» կոչվող թաղամասում ապրող բնակիչներն արդեն չեն հիշում, թե ինչքան ժամանակ է, որ կոյուղաջրերը լցվում են իրենց տներն ու նկուղները: Քաղաքի ամենախիտ բնակեցված թաղամասում, որտեղ մի քանի հազար մարդ է ապրում, կողուղի չկա: Կեղտաջրերը հոսում են առվակների տեսքով, քանի որ  այդ թաղամասը հիմնադրման օրից ջրահեռացման համակարգ չունի: Ստորգետնյա ջրերի մակարդակը նույնպես շատ բարձր է, եւ մարդիկ տարիներ շարունակ ապրում են խոնավության ու տիղմի մեջ:

«Բանտեր» թաղամասում ապրող Խաչիկ Բադեյանի երբեմնի ծաղկուն բոստանը մի քանի տարի է ճահճուտի է վերածվել եւ չի կարողանում որեւէ մշակաբույս ցանել: Նույնիսկ խոտը պիտանի չէ անասնակերի համար: Badeyan-home_14.08.09«Մշակովի հողամասն այսօր ճահիճ է եղել` ոչ կարանք բախենք, ոչ էլ կարանք ցանենք: Կարտոլին կարոտ ենք մացե, աշունը չկարանք կարտոշկա էլ առինք: Ջրերը սաղ դուս են տվել, լցվել են պադվալներն ու տները: Արդեն 2 տարի ա` ջրի մեջ ա կապրինք` էն էլ զուգարանի ջրի մեջ: Դիմել ենք քաղաքապետարան, ասել են, որ միջոցներ ձեռնարկենք, բայց քանի տարի է մնացել ա հարցը օդի մեջ»,-վրդովված ասաց Խ. Բադեյանը: Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սաշիկ Գինոյանը չգիտեր, որ այդ տարածքում կոյուղագիծ չկա: Ճշտելուց հետո մեզ փոխանցեց հետեւյալը. «Այդ տարածքով շատ եմ անցել, բայց այդ խնդրին երբեք ուշադրություն չեմ դարձրել: Դուք ճիշտ եք, իրոք այդ թաղամասի հիմնադրման օրվանից կոյուղագիծ չեն ունեցել: Փաստորեն, այդ թաղամասում ապրող մարդկանց կոյուղաջրերը խողովակներով լցվում են առվակները: Դրա պատասխանատուն քաղաքային իշխանություններն են, քանի որ քաղաքի ընդհանուր վիճակի մասին իրենց անընդհատ տեղյակ ենք պահել»: Երբ պարոն Գինոյանին հարցրինք` արդյոք վտանգ չի՞ սպառնում այդ տարածքում ապրող մարդկանց առողջությանը, քանի որ նույն կեղտաջրերը լցվում են տներն ու նկուղները, պատասխանեց. «Թաղամասի բնակիչները նպատակ ունեն կոյուղու համակարգ ունենան, եւ ճիշտ էլ անում են, բայց արհեստական աղմուկ են բարձրացնում, որ կեղտաջրերը նկուղներն են լցվում: Չեմ կարծում, որ մարդիկ իրենց տները առուների մոտ են կառուցել, եւ ջուրն էլ բարձրանում, լցվում է տունը: Ինչ վերաբերում է առողջությանը, ապա անմիջական վտանգ կսպառնա այն դեպքում, երբ կեղտաջրերը խառնվեն ջրամատակարարման համակարգի հետ: Իհարկե` չեմ բացառում, որ կեղտաջրերը դուրս գալով արտաքին աշխարհ, մարդիկ էլ իրենց բոստաններն այդ ջրով ոռոգեն ու ստացված բերքն անլվա ուտեն` հիվանդանան: Փառք Աստծո, մինչեւ օրս նման դեպք չենք ունեցել»: Քանի որ կենտրոնի պետը մի քանի տասնամյակ գոյություն ունեցող խնդրի մասին տեղյակ չի եղել, դժվար էլ նրան մտահոգեր` ջուրը մարդկանց տունն է լցվո՞ւմ, թե՞  նկուղը: celler_14.08.09 Վարդենիսի քաղաքապետարանը հարցի լուծման վերաբերյալ բոլորովին այլ մոտեցում ուներ: «Բազմաթիվ անգամներ ենք խնդրել տարբեր պետական մարմիններին: Հիշում եմ` 2005 թվականին այդ հարցն ընդգրկեցինք ինչ-որ ծրագրում, դրանից հետո 165 միլիոն դրամի նախահաշիվ կազմեցինք, բայց խնդիրը չլուծվեց եւ նախահաշիվն այդպես էլ մնաց որպես նախահաշիվ: Մի քանի օր առաջ թաղամասի ժողովուրդը քաղաքապետարան բողոքի էին եկել: Ճիշտն ասած` հանրապետության վարչապետին խնդրել ենք, որ միջոցներ ձեռնարկեն, որովհետեւ իրավիճակը պայթյունավտանգ է: Երեխաները գնում այդ ջրում լվացվում են` չիմանալով, որ կոյուղաջուր է»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Այն, որ այդ տարածքում համաճարակ չի լինում` օգնում են մակերեւթային ջրերը, որոնք խառնվելով կեղտաջրերի հետ, ինչ-որ չափով հիգիենիկ դեր են կատարում: «Մեր բախտը բերել է, որ սառը գոտում ենք ապրում: Կոյուղագծի հետ պետք է նաեւ ջրահեռացման համակարգ լինի: Եթե այդ տարածքում դրենաժ չանցկացնենք` կոյուղին չի աշխատի: Մի քանի տարի առաջ 165 միլիոնով կարելի էր հարցը լուծել, հիմա թանկացումներ եղան ու այդ տարածքում կոյուղագիծ անցկացնելը կարժենա 400 միլիոն դրամ»,-ավելացրեց Վարդենիսի քաղաքապետը: Գեղարքունիքի մարզն ամբողջությամբ ոչ մի գործող մաքրման կայան չունի եւ ամբողջ կեղտաջրերը լցվում են Սեւանա լիճը: «Ճիշտ չէ, որ կեղտաջրերը լցվում են լիճը, քանի որ Սեւանը մեր պետության քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է, բայց դուք լավ գիտեք իրավիճակը` բոլորը թալանեցին տարան: Ցավն այն է, որ թալանեցին այն մարդիկ, ովքեր պիտի պահպանեին»,-ասաց Սաշա Գինոյանը: Նրա ասելով, արդեն 5 տարի է աղիքային հիվանդությունների ցուպիկներ լճում չեն հայտնաբերել եւ լճում թափվող կոյուղաջրերը խուճապ չպետք է առաջացնեն: «Հատկապես լճի այն մասերը, որտեղ կոյուղաջրերն են թափվում, մեր մշտական վերհսկողության տակ է: Ամառվա սեզոնին շաբաթը մեկ անգամ ստուգումներ ենք անում եւ վտանգավոր ոչինչ չկա»,-նշեց  Ս. Գինոյանը: Տեղեկացնենք, որ այս տարի նախատեսված է նոր մաքրման կայաններ կառուցել Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում: Մրցույթն արդեն հայտարարված է, մնում է հայտ ներկայացնեն ու սկսեն շինարարական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter