Դպրոց` գերեզմանոցի տարածքում
Իսկ Վաղուհաս գյուղի բնակիչները դեմ են դրան
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վաղուհասի գյուղապետարանը որոշել է գյուղի 100-ամյա գերեզմանոցը քանդել, և մոտ 10 օր է` բուլդոզերները գերեզմանոցը տակնուվրա են անում: Գյուղապետարանը պատճառաբանում է` իբր գերեզմանոցի տեղում ուզում են դպրոց կառուցել:

Սակայն, ինչպես վաղուհասցիներն են ասում. «Գյուղում արդեն կա նորմալ պայմաններով գործող դպրոց: Բացի այդ, Վաղուհասում այնքան ազատ տարածքներ կան, որ գյուղապետարանը կարող էր ազատ տարածքներն օգտագորել ու չորս դպրոց կառուցել, այլ ոչ թե հին գերեզմանոցը քանդել»:
Գյուղացիներն իրենց այս դիտարկումը ներկայացրել են նաև գյուղապետին, ինչին ի պատասխան` գյուղապետ Գարեգին Ղարախանյանն ասել է. «Սա ուրիշ դպրոց է լինելու, ժամանակակից` լողավազանով և այլ հարմարություններով»:
«Առավոտի» հետ զրույցում գյուղացիները պատմեցին, որ գյուղապետի տունը գտնվում է գերեզմանոցի հարևանությամբ, և նա որոշել է տան շրջակայքը «բարեկարգել» ու իր աչքից հեռու տանել գերեզմանոցը. «Մահանա` դպրոց են սարքում, բայց պետությունից հսկայական գումար են ստացել շինարարության համար: Գերեզմանոցի տարածքում ջրատար խողովակներ չկան, ոչ մի կոմունիկացիա չկա, գյուղապետի տանն էլ այդ ամենը բացակայում է: Դրա համար էլ որոշել է` դպրոց սարքի, դե պետք է, չէ՞, ջրագծեր քաշել դպրոցի համար, ճանապարհներ սարքել, դե քանի որ իր տունն էլ մոտ է այդ տարածքին, ձեռքի հետ իր համար էլ ճանապարհ կսարքի ու ջրատար խողովակներ կքաշի»:
Նշենք, որ գյուղում կա ևս մեկ գերզմանոց: Սակայն այդ տարածքում այլևս ազատ տեղ չկա, ուստի գյուղապետարանը թույլատրել է նոր հանգուցյալներին թաղել այժմ արդեն քանդվող գերեզմանոցի տարածքում:
Գյուղի մի քանի ընտանիքներ քանդվող գերեզմանոցի տարածքում հարազատներ ունեն թաղված և չեն համաձայնում գերեզմանները տեղափոխել այնտեղ:
Կներկայացվի փաստահավաքի չորրորդ զեկույցը
«Մարտի 1-ի» դեպքերն ուսումնասիրող և արդել լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը պատրաստվում են ներկայացնել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իրենց չորրորդ զեկույցը: Երեկ այդ մասին ասել է խմբի անդամ Ա. Քոչարյանը:
Նա վաղ է համարել զեկույցի մանրամասների մասին խոսելը` նշելով միայն, որ թեև այն չի վերաբերելու սպանությունների հանգամանքներին, այդուհանդերձ շատ կարևոր է ու վերաբերում է մարտիմեկյան կոնկրետ մի գործընթացի:
Ոչ նախարարը տուն ունի, ոչ` Բաղմանյանը
Նոր Նորքում անցյալ ամսվա կեսերին շահագործման հանձնվեց աչքի ընկնող, շքեղ շենքը, որ կառուցվել է բյուջեի միջոցների հաշվին, նախատեսված է զինվորականների համար: Այսինքն` շենքում պետք է ապրեին հայկական բանակի այն սպաները, ովքեր տուն չունեն, անապահով են:
Բայց, ինչպես փոխանցում են պաշտպանության նախարարության «ՀԺ» աղբյուրերը, որևէ անապահով սպա այստեղ բնակարան չի ստացել: Փոխարենը, այդ շենքի մի բնակարանում է հաստատվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քարտուղարուհին, մեկ այլ բնակարանում` նախարարի քարտուղարուհու ծնողները և այսպես շարունակ: Ամբողջ շենքում, թեև այն շահագործման է հանձնվել դեռ մեկ ամիս առաջ, առայսօր ընդամենը մի հինգ ընտանիք է ապրում:
Ժամանակին «ՀԺ»-ն տեղեկացրել է, որ բնակարան ստանալու համար ՊՆ-ում հերթագրված անապահովների ցուցակի առաջին տեղում նշված է եղել գեներալ Հայկազ Բաղմանյանի անունը, ով 2008 թվականի մարտի մեկից հետո նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Երեկ, երբ ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանից հարցրինք, թե ինչու է Բաղմանյանի անունը նշված անապահովների ցուցակում, նա ասաց. «Երևի տուն չուներ»:
Մտածել, թե Բաղմանյանը տուն չունի, առնվազն ծիծաղելի է: Նրա միայն մի մեքենայով հնարավոր է մեկ-երկու նորմալ բնակարան գնել Երևանում: ՊՆ մամուլի քարտուղարը, սակայն, այդ կապակցությամբ նկատեց. «Կարող է` իր անունով ոչ մի բան չունի»:
Ատամներով պաշտպանում են բժշկին
Հուլիսի 14-ին «Մարգարյան» ծննդատանը զույգ երեխաներ ծննդաբերելուց հետո մահացած 26-ամյա Ալլա Խաչատրյանի մահվան պատճառը նախնական փորձաքննությամբ արդեն որոշվել է: «Հրապարակի» տվյալներով` փորձագետները պատճառը համարում են արյան անոթների խցանումը:
Գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանն ասաց, որ ինքն արձակուրդում է, սակայն կենտրոնի փորձագետներն արդեն ներկայացրել են նախնական փորձաքննության արդյունքները, որով որոշվել է մահվան պատճառը, ինչն իրենք հրապարակելու իրավունք չունեն, իսկ բժշկական սխալի հարցը որոշվելու է երկրորդ փորձաքննությամբ` հանրապետության առաջատար մասնագետներից կազմված հանձնաժողովում:
Իսկ նման դեպքերում, հայտնի է` բժիշկները, որպես կանոն, ատամներով պաշտպանում են բժշկին և աշխատում նրա գործողությունների մեջ հանցակազմ չտեսնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել