HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշալույս Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգել են

14_08-A-HakobyanՀունիսի 5-ին սեփական բնակարանում անսթափ վիճակում ոստիկաններին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ձերբակալվել էր իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը: Օգոստոսի 5-ին որոշում է կայացվել` Ա. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգել ևս մեկ ամսով: «Հայացք» ակումբի հյուրերն այսօր Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ու փաստաբան Գայանե Խաչատրյանն էին: Փաստաբանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում: «Արշալույս Հակոբյանն այն փաստի առթիվ է ձերբակալվել, որ ոստիկանները նրան ծանուցագիր են բերել, և իր բնակարանում նա Կենտրոն բաժնի ոստիկաններին ծեծի է ենթարկել: Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ա. Հակոբյանը տանը գտնվել է հարբած վիճակում և հարձակվել է ոստիկանների վրա: Իրականում եղել է ճիշտ հակառակը,- ասաց Գ. Խաչատրյանը` շարունակելով,- երբ ոստիկանները ծանուցագիր են բերել, ըստ օրենքի` կամ պետք է անձամբ հանձնեն` ում ուղղված է, կամ էլ ընտանիքի անդամներից որևէ մեկին: Երբ Հակոբյանի կինն ասել է, որ նա քնած է, ոստիկանները պնդել են, թե անպայման պետք է անձամբ Հակոբյանին ներկայացնեն ծանուցագիրը ու ասել, որ վերջինիս անհրաժեշտ է արթնացնել: Նրանք մուտք են գործել վերջինի բնակարան` մինչև անգամ ննջարան: Քանի որ Հակոբյանը տեսողական խնդիրներ ունի, ծանուցագիրը ստորագրել է ոչ ճիշտ տեղում, ինչը ոստիկաններին զայրացրել է, և նրանք կոպիտ ձևով պահանջել են, որպեսզի ճիշտ տեղում ստորագրի»,- ասաց նա: Այնուհետև, փաստաբանի խոսքերով, Հակոբյանի այն պահանջին, թե քանի որ արդեն ծանուցագիրը հանձնել են, ոստիկանները պետք է ազատեն իր բնակարանը, վերջիններս զայրացել են դրա համար: Փաստաբանը նշում է, որ գործի քննության ընթացքում մի շարք խախտումներ են թույլ տրվել: «Գործով անցնում էին ընդամենը երկու վկա` ի դեմս «տուժած» ոստիկանների: Իսկ Հակոբյանի կնոջ ծնողները չեն հարցաքննվել, քանի որ Ամերիկա էին մեկնել»,- ասաց նա: Միքայել Դանիելյանն էլ նշեց, որ մայիսի 31-ի ընտրություններին ինքը և Արշալույս Հակոբյանը դիտորդություն են անցկացրել նույն տարածքում, որտեղ իրենց գործունեությանը խոչընդոտել են: «Մենք դրա համար դիմում ենք գրել հատուկ քննչական ծառայություն, բայց այդ պահին այդ հայտարարությունը ստորագրեց Արշալույսը, քանի որ ես հարցազրույց էի տալիս: Մի քանի նմանատիպ հայտարարություններ են եղել, ու բոլորին զանգելով են կանչել քննչական ծառայություն, ոչ ոքի ծանուցագիր չի ուղարկվել: Հետո` ուղղակի ծիծաղելի է. այդ ծանուցագիրը գրվել էր ֆաքսի թղթի վրա: Կարելի է գործ սարքել, Հայաստանում դա պրոբլեմ չի, բայց ոչ այդ մակարդակով: Վերջին անգամ երբ քնիչները դատարան մտան` ավելացնելու ժամկետը, հարց էր տրվել, թե ի՞նչ նոր փաստեր կան` կալանքի ժամկետը երկարացնելու համար, բայց քննիչը ոչինչ չասաց, որովհետև որևէ փաստ չուներ: Դատավորն էլ երեք ժամ մտածելուց հետո որոշեց բավարարել միջնորդությունը, երեք ժամ ինչի՞ մասին էր մտածում»,- ասաց նա: Մ. Դանիելյանը միանշանակ վստահ է, որ Ա. Հակոբյանի ձերբակալությունն ուղղված է իրենց կազմակերպութjան դեմ: Նա պատմեց հետևյալը. «Երբ Արշալույսը բերվել է Կենտրոնի ոստիկանություն, ոստիկանապետն իրեն հարցրել է` «էդ դու՞ ես իրավապաշտպանը, յա` դու, յա` քո շեֆը», ու թքել է Արշալույսի վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter