Ադրբեջանի հասարակության անգամ «ինտելեկտուալ» հատվածը հայատյաց է
Իսկ ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի Արցախի Հանրապետության մայրաքաղաքում
Հայաստանի Հանրապետության հավաքականը նվաճել է ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 11-րդ առաջնության գավաթը: Առաջնությունն անցկացվել է հուլիսի 24-26-ին Վրաստանում: Առաջնությանը մասնակցած թիմերի քանակն աննախադեպ է` 47, որից 5-ը հայկական թիմ է, 28-ը` վրացական և 14-ը` ադրբեջանական:
Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են «Հայեր-Քաշաթաղ», «Վարանդա», «Սենատորներ», «Հայաստան» և «Պերեզագրուզկա» թիմերը, որոնցից առաջին երկուսը Արցախից են` Բերձորի «Հայեր-Քաշաթաղն» ու Ստեփանակերտի «Վարանդան»: Առաջնությունը կազմակերպվել է 4 հիմնական մրցաշարով` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Սեփական խաղ» և «Էրուդիտ-սեկստետ»: Հայաստանի հավաքականը հաղթող է ճանաչվել «Էրուդիտ-սեկստետ» մրցաշարում: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարում երևանյան «Պերեզագրուզկա» թիմը երկրորդ տեղն է կիսել Ադրբեջանի «Զանգեզուր» թիմի հետ: «Ցավոք սրտի, այս տարի Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը` Հայաստանի առաջնության բազմակի հաղթող «Դաֆ» թիմը, չկարողացավ գալ: Դա, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ ընդհանուր արդյունքների վրա: Չորս մրցաշարից մենք հաղթեցինք մեկում, իսկ գլխավոր մրցաշարում` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում, կիսեցինք երկրորդ տեղը: Այդքան էլ լավ արդյունք չէ` համեմատած անցյալ տարվա հետ, երբ մենք նվաճեցինք 3 ոսկի 4 մրցաշարից»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ինտելեկտուլ խաղերի Հարավային Կովկասի առաջնության հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը: Պատասխանելով «Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի թիմը «Զանգեզուր» կոչվում, և արդյո՞ք խաղը քաղաքական ենթատեքստ ունի` Տիգրան Քոչարյանն ասաց, որ «Հայեր-Քաշաթաղ» թիմը առաջնությանը մասնակցել է նաև անցյալ տարի, և ադրբեջանցիները Քաշաթաղ բառին չեն արձագանքել: Իսկ այս տարի` դեռ առաջնությունից առաջ, խաղի կազմակերպիչը «Հայեր-Քաշաթաղ» թիմին խնդրել է հանել Քաշաթաղ բառը, «քանի որ դա կարող է բողոքների տաղիք տալ հակառակ կողմում»: «Մենք մեր բոլոր հայկական թիմերով խորհրդակցեցինք և մերժողական պատասխան ուղարկեցինք, քանի որ դա աբսուրդ է: Ցավոք սրտի, պատմությունը շարունակություն ունեցավ: Առաջնության հենց սկզբին ինձ մոտեցավ իրենց պատվիրակության ղեկավարը և ևս մեկ անգամ հորդորեց Քաշաթաղ անունը հանել: Եվս մեկ անգամ մերժումներ ստանալուց հետո ինքն ասաց. «Իսկ եթե մենք դնենք, ենթադրենք, «Զանգեզուր», դուք չե՞ք նեղանա»: Ես ասացի. «Չենք նեղանա, քանի որ դա էլի Հայաստանին է պատկանում. հանգիստ դրեք, խաղացեք»: Նույնիսկ զավեշտալի դեպքեր էին լինում, որ անընդհատ հաղորդավարը, որը ռուսաստանցի էր, հարցնում էր. «Իսկ ինչու՞ եք դուք Զանգեզուր կոչվում»: Իրենք սկսում էին բացատրել, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք է: Հաղորդավարը պատասխանում էր. «Բա եթե ՀՀ տարածք է, ինչու՞ եք Զանգեզուր կոչվում»: Ի վերջո, այդպես էլ չկարողացան բացատրել` ինչու են իրենք Զանգեզուր կոչվում»,- ասաց Տիգրան Քոչարյանը: Ասուլիսի մյուս բանախոսը` Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի ասոցիացիայի փոխնախագահ Արա Ավետիսյանը, նշեց, որ ադրբեջանական թիմերի ներկայացուցիչները թշնամաբար են տրամադրված հայ խաղացողների նկատմամբ, ընդ որում` այդ ադրբեջանցիները «իրենց հասարակության կրթված և ամենագիտակից մասն են»: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նախկինում մասնակցել է Երևանի ինտելեկտուալների ակումբի միջոցառումներին և Հայաստանը ներկայացրել մի քանի առաջնությունում, նշեց, որ ադրբեջանցիների հետ շփվելը բավականին բարդ է: «Եվ եթե դա իրենց ինտելեկտուալ հատվածն է, ապա դժվար է պատկերացնել` ինչ է կատարվում այդ ժողովրդի ոչ ինտելեկտուալ` հիմնական հատվածում: Ինձ բերեցին մամուլի հաղորդագրությունը, որում իրենց խաղացողներից մեկը գրել էր, որ «ես աննկարագրելի հաճույք եմ ստանում, երբ հաղթում եմ հայի, և որևէ հաճույք չեմ ստանում, երբ հաղթում եմ վրացու»»,- ասաց նախարարը: Անդրադառնալով «Հետքի» հարցին` Արմեն Աշոտյանը նշեց, որ Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի առաջնությունը ոչ թե 3, այլ փաստացի 4 հանրապետությունների առաջնություն է. թեև Հայաստանի դրոշի ներքո, բայց դրան մասնակցում են նաև Արցախի Հանրապետության թիմերը: «Բացառիկ առաջնություն է, որտեղ Ադրբեջանի թիմերը հանդուրժում են (և այլ տարբերակ էլ չունեն) Արցախից առանձին թիմերի մասնակցությունը: Քաղաքական ենթատեքստը շատ մեծ է: Հակառակ պարագայում մեր հարևան երկրում չէին ծախսի տասնյակ հազարավոր դոլարներ, որ «ОРТ»-ով գովազդեին ադրբեջանական «ինտելեկտը»»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով` իրենք ուզում են միջոցներ գտնել, որ հայկական թիմը ևս Մոսկվայում ուղիղ եթերով հանդես գա և Մոսկվայի տաղավարում խաղա: «Բայց ինչպես շատ-շատ երևույթներ Մոսկվայում, դա նույնպես շաղկապված է բավականին մեծ գումարների հետ, որի հնարավորությունը պետությունը չունի, իսկ մասնավորը լծված չէ ինտելեկտուալ շարժման զարգացմանը Հայաստանում: Իրենք ունեցել են այս ընթացքում աշխարհի չեմպիոն ադրբեջանական թիմ, որին մեր թիմը 3 տարի առաջ ջախջախել է Հարավկովկասյան առաջնությունում: Իրենք ունեն լավագույն վեցնյակ, որը Մոսկվայում խաղում է, և որին էլի մերոնք կարողանում են հաղթել, երբ այդ ամենը «ОРТ»-ի եթերից դուրս է: «ОРТ»-ի եթերը բավականին թանկ է»,- ասաց Արմեն Աշոտյանը: Արա Ավետիսյանն էլ նշեց, որ Վրաստանում և Ադրբեջանում ինտելեկտուալ խաղերին մեծ ուշադրություն է դարձնում ոչ միայն պետությունը, այլև մասնավոր սեկտորը, օրինակ` բանկերը և խոշոր գործարարները: Մինչդեռ Հայաստանում ինտելեկտուալ խաղերին տրամադրվում է միայն պետական աջակցություն, իսկ մասնավոր սեկտորը աջակցում է այլ սպորտաձևերի: Արմեն Աշոտյանի խոսքերով` ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերում ինտելեկտուալ խաղերի Հայաստանի ուժեղագույն թիմերին: Այս տարի արդեն կազմակերպվել են Երևանի բաց առաջնությունը, ինչպես նաև Հայաստանի առաջնությունը` առաջին անգամ Գյումրիում, որը Հայաստանում ինտելեկտուալ խաղերի Երևանին համազոր կենտրոն է: «Բոլորովին վերջերս մենք աջակցեցինք հայկական մանկական թիմին, որ մասնակցի Կալինինգրադում աշխարհի գավաթի խաղարկությանը, և կսպասենք իրենց վերադարձին: Սերնդափոխությունը թիվ մեկ կարևորության խնդիրներից մեկն է այս շարժման համար: Պետք է բերել նոր մարդկանց: Մենք հաջորդ տարի կփորձենք երիտասարդ մեկ թիմ էլ հավելյալ ֆինանսավորել: Մեր նախարարությունը աջակցելու է այս շարժմանը հաջորդ տարի և բոլոր այն միջոցները, որոնք տրամադրված են եղել այս տարի, անկախ ֆինանսական ճգնաժամի առկայությունից, հաջորդ տարի նույնպես մենք փորձելու ենք պահպանել: Մինչև տարվա վերջ ունենք ևս մեկ միջոցառում: Դա մեր Հայաստանի առաջնության հաղթող «Դաֆ» թիմի մասնակցությունն է աշխարհի չեմպիոնատին»,- ասաց Արմեն Աշոտյանը: Հայաստանում գործում են բազմաթիվ ինտելեկտուալ ակումբներ, որոնք առանձին և մասնատված են: Արդեն մեկ տարի է, գիտակների գաղափարն է այդ ակումբները միավորվել մեկ ընդհանուր կոնֆեդերացիայի մեջ և մեկ միասնական ակումբ ստեղծել: Ներկայումս բանակցություններ են վարվում նաև հայկական տարբեր հեռուստաալիքների հետ` «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հեռուստատեսային ցուցադրությունը վերսկսելու համար: Պետությունը աջակցում է, որ այս տարի Հայաստանը ձեռք բերի խաղի արտոնագիրը: «Գումարը արդեն հատկացված է»,- ասաց ԿԳ նախարարը: Այս տարի ԿԳՆ-ն նախատեսում է նաև մինչև տարեվերջ կազմակերպել միջգերատեսչական ինտելեկտուալ խաղերի փառատոն` Հայաստանի նախարարությունների, պատկան մարմինների միջև: Կարեն Քոչարյանի խոսքերով` Հայաստանում կազմակերպվելու է նաև խաղարկություն, որի անվանումը դեռևս որոշված չէ: Խաղարկությանը մասնակցելու են հրավիրվելու նաև Վրաստանի ուժեղագույն թիմերը: Իսկ Հայաստանի հաջորդ բաց առաջնությունը, Արմեն Աշոտյանի խոսքերով, կանցկացվի Արցախի մայրաքաղաքում: «Բնականաբար, կհամագործակցենք ԼՂՀ Գիտության և կրթության նախարարության հետ, և կարծում եմ` ԼՂՀ իշխանությունները նույնպես իրենց հովանու տակ կվերցնեն այս փառատոնը, մանավանդ բոլոր հեռանկարները կան, որ ԼՂՀ-ն առանձին, հստակ խաղացող լինի հարավկովկասյան դաշտում` ինտելեկտուալ ասպարեզի տեսակետից»,- ասաց Արմեն Աշոտյանը: Լուս.` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել