HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնապաշտպանվել է ինքնապաշտպանությունից

14_08-M-Danielyan2008-ի մայիսի 21-ին միջադեպ տեղի ունեցավ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի միջև, որը բավական լայն արձագանք գտավ մամուլում: Տ. Ուրիխանյանը գազային ատրճանակով կրակել էր Մ. Դանիելյանի վրա, թեև հավաստիացնում էր, որ օդ է կրակել: Այնուհետև նշում էր, թե Մ. Դանիելյանը խուլիգանական արարքներ է թույլ տվել իրեն փողոցում, ու ինքն ու իր ընկերները ստիպված են եղել միջամտել: Ինչևէ, կատարվածի առթիվ գործ հարուցվեց, որն այս տարվա մայիսին կարճվել է: Մ. Դանիելյանը, սակայն, որոշումը բողոքարկել է առաջին ատյանի դատարան: Այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մ. Դանիելյանը լրագրողներին պատմեց գործի մանրամասները: «Մամուլը հեղեղված էր նյութերով, թե ես ընկերներիս հետ ինձ խուլիգանական արարքներ եմ թույլ տվել փողոցում, իսկ Տ. Ուրիխանյանը, ցույց տալով տղամարդկությունը, փորձել է մեզ կարգի հրավիրել: Հետո նա անգամ հայտարարեց, որ ես շպիոն եմ: Ինչևէ, դա կարևոր չէ: Ի՞նչ պարզվեց գործից: Այն, որ ես մեղավոր չեմ, ես ինքնապաշտպանվում էի: Չեմ հասկանում խուլիգանական արարք անելն ու հետո ինքնապաշտպանվելը ո՞րն է: Պարզվում է, որ ես ինքնապաշտպանվում էի, Տ. Ուրիխանյանն էլ վատ էր տեսնում, և ինքնապաշտպանվում էր իմ ինքնապաշտպանությունից: Նա չի հասկացել, որ ես ինքնապաշտպանվում եմ, ու կարծել է, թե ես հարձակվում եմ: Լուրջ եմ ասում, այդպես գրված է գործի մեջ»,- ասաց նա` նշելով, որ քանի որ ՀՀ օրենսգրքում չկա այդպիսի հոդված` ինքնապաշտպանություն` ինքնապաշտպանությունից, գործը կարճվել է: «Աբսուրդը չգիտեմ` որտեղ է հասնում: Ասեմ նաև, որ մենք ընդհանրապես գործին ծանոթ չենք: Ես չգիտեի, որ քննիչը փոխվել է: Ես էի ամիսը մեկ անգամ զանգում, ինչ-որ բան իմանում ու վերջ: Երկու անգամ եմ մասնակցել գործին, ու այնտեղ պարզվել է, որ ես խուլիգանական արարք չեմ արել, արել է իմ հետի եղած մարդը: Այդ դեպքում, ինչո՞ւ Ուրիխանյանը ինձ կրակեց: Վերջին անգամ հունիսին Աղվան Հովսեփյանին նամակ ուղարկեցինք, թե ի՞նչ եղավ մեր գործի հետ: Հունիսի 19-ին ստանում ենք նամակ, որ մայիսի 25-ին գործը կարճվել է ու վերջ: Մենք այդպես էլ չծանոթացանք այդ գործի հետ: Երբ հարցնում ենք` այն որտե՞ղ է, ասում են` չկա, վերևներում ստուգում են: Էդ գործը երևի գնացել-կորել է»,- ասաց նա: Մ. Դանիելյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարան երկու որոշման դեմ` նախ այն որոշման, որ Տիգրան Ուրիխանյանը ինքնապաշտպանվել է ինքնապաշտպանությունից, երկրորդ` որ Տ. Ուրիխանյանի ընկերները, որոնք նույնպես գործով անցնում էին, զղջացել են: Մ. Դանիելյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը նշեց, որ Տ. Ուրիխանյանի ընկերները, զղջալով իրենց արարքի համար, պատճառված վնասը չեն փոխհատուցել: «Այս դեպքից հետո Ուրիխանյանը և իր ընկերները ԶԼՄ-ներով ասում էին, իբր պարոն Դանիելյանը խուլիգանություն է արել, սակայն հետագայում այդ հայտարարությունները հերքող որևէ հայտարարություն չի եղել»,- ասաց նա: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter