Իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են զանգահարել քաղաքացիներ և հայտնել, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցները քաղաքացի Ա. Ե.-ին 2009 թ. օգոստոսի 13-ին տարել են բաժին և պահելով այնտեղ` ծեծի են ենթարկում:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետը Պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ հեռախեսազրույցի ժամանակ հայտնել է, որ քաղաքացիների հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ քաղաքացիները, հրաժարվելով հանդերձ գրավոր բողոք ներկայացնել Պաշտպանին, կրկին պնդել են , որ ոստիկանության աշխատակիցները քաղաքացի Ա. Ե.-ին, 2009 թվականի օգոստոսի 13-ից պահելով բաժնում, ծեծի են ենթարկում:
Հաշվի առնելով վերոգրյալը` Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն անմիջապես այցելել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժին:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ Վ. Մինասյանը և հետաքննիչ Վ. Տիգրանյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ 12.08.2009 թվականին, ժամը 10:35-ին բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քաղաքացի Ա. Ե.-ն 12.08.2009 թվականին, ժամը 01:30-ի սահմաններում ծեծի է ենթարկել քաղաքացի Թ. Մ.-ին:
Ստացված հաղորդման հիման վրա դեռևս քրեական գործ հարուցված չէ, նախապատրաստվում են նյութեր: Հայտնել են նաև, որ քաղաքացի Ա. Ե.-ն 2009 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20:50-ին իրոք բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, սակայն գիշերը չի պահվել, այլ, բացատրություններ տալուց հետո, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, գնացել է բաժնից:
Լրացուցիչ բացատրություններ տալու անհրաժեշտությամբ պայմանավորված` 14.08.2009 թվականին հեռախոսազանգի միջոցով քաղաքացուն հրավիրել են, և նա իր կամքով ներկայացել է բաժին:
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են անձին բերման ենթարկելու մասին կազմված արձանագրությանը, հաղորդում ընդունելու մասին կազմված թիվ 003666 արձանագրությանը, որը սահմանված կարգով գրանցված է եղել թիվ 1 գրքի 76-րդ համարի տակ, ուսումնասիրել են ոստիկանության մարմին բերման ենթարկվածների հաշվառման գիրքը /թիվ25/, որի 89 համարի տակ գրանցված էր, որ քաղաքացի Ա. Ե.-ն բերման է ենթարկվել 2009 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20:50-ին և բաց է թողնվել ժամը 23:10-ին, այդպիսով պահպանված է եղել բերման ենթարկելուց հետո ոստիկանության բաժնում պահելու ժամկետը:
Այնուհետև Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել և մեկուսի զրուցել են քաղաքացի Ա. Ե.-ի հետ: Պաշտպանի ներկայացուցիչներին վերջինս հայտնել է, որ 2009 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցներն իրեն բերել են բաժին, որտեղ ինքը բացատրություններ է տվել, բաժին բերելուց մոտ երկու ժամ անց ինքը բաժնից գնացել և գիշերել է Արմավիր քաղաքում, այնուհետև 14.08.2009 թվականին զանգահարել են իրեն և կանչել բաժին:
Պաշտպանի ներկայացուցիչների հարցին պատասխանել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, իսկ թե ինչով է պայմանավորված Պաշտպանի աշխատակազմին նման տեղեկություններ հայտնելը, ինքը չի կարող բացատրել, քանի որ որևէ մեկին նման խնդրանքով չի դիմել:
Ստիպված ենք արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում հաճախակիացել են իրավապահ մարմինների աշխատակիցների` իբր ապօրինի գործողությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելու դեպքերը, որի արդյունքում ոչ արդյունավետ են օգտագործվում աշխատակազմի նյութական, ֆինանսական և մարդկային ռեսուրսները` որոնք անսպառ չեն:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելուց:
Առաջնորդվելով քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների առավել արդյունավետ պաշտպանության նկատառումով` հայտարարում ենք, որ այսուհետ ստիպված ենք լինելու հրապարակել իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող տեղեկություններ հաղորդող անձանց տվյալները:
ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել