HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ցանկացած մարդ ունի 60-ից ավել հիվանդություններ, որոնց մասին չգիտի»,- ասում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահը

17_08-h_baghdasaryanՀայաստանի յոգայի ֆեդերացիան հիմնադրվել է 2009 թ.: Ֆեդերացիան ունի յոգայի 3 ուսուցիչ և մոտ 50 անդամ, որոնք մասնակցում են յոգայի պարապմունքների: Յոգայի պարապմունքը բաղկացած է 3 մասից. սկզբում կատարվում են շնչառություններ, այնուհետև ասանաներ և մեդիտացիաներ: «Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ, յոգայի ուսուցիչ, յոգ Հակոբ Բաղդասարյանը:

Ի՞նչ է յոգան:

Յոգա բառը սանսկրիտի (սանսկրիտը հին հնդկերենն է, որ համարվում է լեզուների մայրը) «յուջ» բառից է ծագել, որն ունի մի քանի բացատրություններ: Դրա ամենադասական բացատրությունն է «միություն»: Այսինքն` մարդու ես-ը կապակցվում է տիեզերական անսահման էներգիայի հետ: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ ձևով: Յոգան ունի 3 բաղադրիչ մասեր` ասանաներ, պրանայամաներ և մեդիտացիաներ: Մեդիտացիա բառը ես ընդհանրապես քիչ եմ օգտագործում: Բառը նշանակում է մտավարժանք:

Ի՞նչ է մտավարժանքը:

Մտավարժանքների շատ տեսակներ կան: Կան մեդիտացիաներ, որոնք մեր հոգեկան պրոցեսները ակտուալացնում են: Կան մեդիտացիաներ, որոնք ինչ-որ կրոնների հետ կապ ունեն: Ենթադրենք` բուդդիզմի մեջ և այլն: Ի դեպ, մեդիտացիայի հիմնադիրը եղել է հենց Բուդդան: Բայց այսօր կան աղբյուրներ, որոնք ասում են. «Իրենից առաջ էլ է եղել»: Բայց դրա հետ մենք կատեգորիկ կապ չունենք: Մենք ուսումնասիրում ենք կոնկրետ այն մեդիտացիաները, որոնք մարդուն պետք են գալիս առօրյայում, կենցաղում: Մեդիտացիան մեզ զերծ է պահում սթրեսներից, դեպրեսիաներից, նեգատիվիզմից և ամբիցիաներից:

Ինչպե՞ս է դրսևորվում մեդիտացիայով զբաղվելը:

Ուսուցիչը, ասենք, հրահանգներ է տալիս, ու դուք կատարում եք այդ հրահանգները: Ամենապրիմիտիվ մեդիտացիաներից է, որ դուք պատկերացնում եք, որ, ենթադրենք, շնչում եք: Թթվածինը, որն ամեն անգամ շնչելիս գալիս է ձեր քթի միջով, հոսում է ձեր ամբողջ մարմնի վրայով, դեղին է: Դեղին գույնը խորհրդանշում է էներգիան: Ու այդ էներգիան գալիս է ձեր ամբողջ մարմնով, և արտաշնչելիս դուրս է գալիս լրիվ ուրիշ գույնի էներգիա, ենթադրենք` մոխրագույն կամ սև: Դա արդեն ձեր բացասական էներգիան է: Դա շատ հասարակ մեդիտացիա է, որը փորձելիս արդեն օր-օրի նյարդային համակարգը հանգստանում է, դուրս են գալիս բացասական էներգիան, ագրեսիան և այլն: Կան մեդիտացիաների տարբեր տեսակներ: Օրինակ` կան դինամիկ մեդիտացիաներ, որոնք կատարվում են պարի միջոցով: Կան նաև ստատիկ մեդիտացիաներ, որոնք լինում են հիմնականում նստած, պառկած վիճակում: 17_08-h_baghdasaryan-1 Մտավարժանքը ծագել է հին վեդայական գիտելիքներից: Իրենք բացատրում են, որ ինչ հիվանդություն ուզում է լինի, դու կարող ես քո մտքով բժշկել, որովհետև մարդու ուղեղի մեջ, մարդու նյարդային համակարգի մեջ հսկայական քանակով դեղատուն կա, որի մասին մենք չենք իմանում: Բայց երբ դա մենք կարողանում ենք մեդիտացիաների միջոցով բացել, դա բժշկում է մեր ցանկացած տեսակի հիվանդությունը, այն հիվանդությունները, որոնց փրկությունը այսօր մարդկային միտքը չի կարողացել գտնել: Կարող է զարմանալի թվալ, բայց մենք ունենք շատ դեպքեր, երբ մարդիկ շնչառությունների ու մեդիտացիաների միջոցով նույնիսկ ՍՊԻԴ են բուժել:

Հայաստանում կա՞ն նման դեպքեր:

Չէ: Դա եղել է (եթե չեմ սխալվում) Արևելքում` Հնդկաստանում: Շնչառական հատուկ տեխնիկա կա: Մի քանի հոգի փորձել են և այդ շնչառությունով բժշկվել են: Ու հետագայում էլի նույն բժիշկը հիվանդին ասել է, որ «այդ հիվանդությունը վերացել է»:

Յոգայի մասին կայքէջերում նշվում է, որ «յոգան ոչ թե պարզապես սպորտային կամ առողջարար վարժությունների համակարգ է, այլ գիտություն»: Ի՞նչ տեսակի գիտություն է յոգան: Կամ` յոգան գիտությու՞ն է, թե՞ ուրիշ բան:

Այն համարվում է կենսափիլիսոփայություն: Սովորեցնում է, թե ինչպես սնվես, վերաբերվես մարդկանց, ճիշտ շնչես, այդ մեդիտացիաներով ինչպես կարողանաս քո միտքը, ենթադրենք, կենտրոնացնել կոնկրետ մի օբյեկտի վրա: Յոգան ավելի բարդ է, քան սպորտը: Դու սպորտով կարող ես զարգացնել քո ֆիզիկական մարմինը, բայց սպորտով չես կարող ներթափանցել քո հոգեկան պրոցեսների մեջ: Բայց յոգան տալիս է ճիշտ շնչառության կատարման ձևերը, ասանաներ, որոնք թարգմանաբար նշանակում են «մարմնի ստատիկ դիրքեր»: Ցանկացած մարդ ունի 60-ից ավել հիվանդություններ, որոնց մասին ինքը չգիտի: Կարող է նաև հետագայում, եթե այդպես թողնենք հիվանդությունը (քանի որ չէինք իմանում դրա մասին), արդեն ինչ-որ մի տեղ զգանք, որ կա այդ պրոբլեմը: Բայց յոգան այդ հիվանդությունները` ներքին օրգանների հետ կապված, բուժում է:

Ասացիք, որ յոգան նաև սովորեցնում է մարդկանց հետ շփվել: Ըստ յոգայի` ինչպե՞ս պետք է շփվել մարդկանց հետ:

Այսպիսի խոսք կա. «Դուք այնպիսին եք, ինչպիսին ձեր մտքերն են»: Դրա համար, կան յոգայի տարատեսակներ, կան հին իմաստուններ, որոնք սովորեցնում են քեզ` ինչպես, ենթադրենք, քո մտքերը դիսցիպլինայի ենթարկես: Ինչպես վերաբերվես մարդկանց, նույն ձևով իրենք քեզ կվերաբերվեն: Յոգան դա էլ սովորեցնում է, որ քո միջից դուրս գա նեգատիվիզմը` փոխարինվելով դրական էներգիայով: Մեր պարապմունքների ընթացքում ես միշտ պայմանավորվում եմ իմ սաների հետ, որ, ենթադրենք, «էսօր անպայման դուք պիտի որևէ անծանթի ինչ-որ մի լավություն անեք»: Ու մյուս պարապմունքին իրենք բացատրում են, թե ինչ են արել: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են արած լինում: Կարող է մեկը ասել. «Ինչ-որ մուրացկանի շատ գումար եմ տվել»:

Որո՞նք են յոգայի գլխավոր նպատակն ու կարգախոսը:

Յոգան շատ կարգախոսներ ունի, որովհետև յոգաները շատ տարբեր են: Մոտավորապես 100-ից ավել տարատեսակներ կան: Իսկ յոգայի նպատակն այն է, որ քո միտքը, քո մարմինը և հոգեկան պրոցեսները բերես մի մակարդակի, որը նշանակում է հավասարակշռություն, հարմոնիա: Այսինքն` մարդկային միտքը առաջ չանցնի ցանկություններից և այլն:

Նշվում է, որ յոգան ունի 8 փուլ: Որո՞նք են այդ փուլերը:

Յոգայի առաջին համակարգողը եղել է Պատանջալին: Նա կազմել է յոգասուտրաներ: «Սուտրաներ» թարգմանաբար նշանակում է «աֆորիզմներ»: Պատանջալիի «Յոգասուտրա» գիրքը բաղկացած է 196 աֆորիզմներից: Պատանջալին յոգան դասակարգեց 8 աստիճանների: Այդ աստիճաններն են` յամա, նիյամա, ասանաներ, պրանայամա, պրատիահարա, դհարանա, դհիյանա, սամադհի: Յոգայի աստիճանները շատ-շատ նման են մեր քրիստոնեական պատվիրաններին: Մի քանի տարբերություններ կան, որովհետև յոգայի մեջ կան ասանաներ, շնչառություններ և այլն, որոնք չկան մեր կրոնում: Իսկ մեդիտացիան մոտիվացիաներով շատ նման է քրիստոնեական աղոթքին: Կան աղբյուրներ, որոնք «մեդիտացիա» բառը թարգմանում են նաև «աղոթք»:

Առաջին փուլի` յամայի մասին նշվում է, որ «բնութագրվում է որպես էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա»: Թվարկվածները որևէ կերպ տարբերվու՞մ են այն զսպվածությունից, անձնական հիգիենայից, որոնք ունեն յոգայով չզբաղվող մարդիկ:

Միանշանակ տարբերվում են: Կան մարդիկ, որոնք յոգայով չեն զբաղվել, բայց, ասենք, զսպվածության հատկանիշը իրենց մոտ ցայտուն կերպով դրսևորվում է: Բայց յոգայով դու կարողանում ես ավելի մարզել ինքդ քեզ, որ կարողանաս ավելի զսպված լինել: Երբ մեդիտացիաների, շնչառությունների միջոցով մարմինը թուլանում է, նյարդային համակարգը հանգստանում է, այդ էներգիան գալիս է մարդկանց վրա, արդեն իրենք կարողանում են իրենց էմոցիաները զսպել:

Յոգայի վերջին` 8-րդ փուլի մասին նշվում է. «գերգիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ»: Ի՞նչ է նշանակում «պայծառացման որակներով բնութագրվող վիճակ»:

Հիմա եթե ես ձեզ ասեմ. «Ինչ-որ միրգ եմ կերել, ենթադրենք` անանաս: Անանասը մերձարևադարձային միրգ է, էս ինչ համը ունի, էս ինչ վիտամինները ունի և այլն», Դուք, միևնույն է, չեք պատկերացնի` դա ինչ է, մինչև չվերցնեք, չկտրեք և չուտեք: Սամադհին նույն այդ վիճակն է: Տարբեր մարդիկ տարբեր ձևով են բնութագրում կոնկրետ այդ վիճակը: Դա հոգեվիճակ է: Ես մարդկանց հետ ստատիստիկա եմ արել, ու դա ես ինքս էլ եմ զգացել. երբ գալիս է այդ սամադհի վիճակը, կարող է` դու բնավորության ինչ-որ պայծառացած հատկանիշներ ձեռք բերես: Օրինակ, ենթադրենք` դու տանը նստած ես, մտածում ես ինչ-որ մեկի մասին, ու կարող է մի 5 րոպե հետո այդ մարդը քեզ զանգել:

Դա ուղղակի սովորական զուգադիպությու՞ն է, թե՞ յոգայի շնորհիվ է:

Զուգադիպություն չէ, որովհետև մի ժամանակ, ենթադրենք, ինձ հետ չի եղել նման բան, բայց երբ ես սկսել եմ յոգայով զբաղվել, արդեն սկսել է լինել:

Ութ փուլերն ավելի շատ սպո՞րտ, ֆիզիկական ակտիվությու՞ն են ենթադրում, թե՞ մտավարժանքներ: 17_08-h_baghdasaryan-2 Մտավարժանքներ: Յոթերորդ փուլը դհիյան է, որը թարգմանաբար «մեդիտացիա» է նշանակում: Դա այն վիճակն է, որի ժամանակ զգում ես, որ դու արդեն կարողանում ես ընկնել մեդիտատիվ վիճակի մեջ:

Փաստորեն, այս 8 փուլերի մեջ սպորտ չկար: Ի՞նչ դեր ունեն յոգայի մեջ սպորտը, ֆիզիկական վարժությունները:

Յոգայի ասանաները թարգմանաբար նշանակում են «մարմնի ստատիկ դիրքեր»: Այդ դիրքերն ավելի շատ նման են մարմնամարզական և ֆիզիկական վարժությունների: Յոգայի մեջ շատ տեսակներ կան, օրինակ` Կունդալինի յոգան կամ Աշտանգա յոգան, որոնք ներառում են արդեն սպորտային մարմնամարզություն: Այն ավելի հին է, քան սպորտը: Նույնիսկ ասում են, որ արևելյան սպորտաձևերի սկզբնաղբյուրները գալիս են յոգայից:

Ֆիզիկական վարժությունները մտավարժանքներից անջա՞տ են կատարվում, իրար հետ կապ չունե՞ն:

Ասանաները հիմնականում կատարվում են էլի մտավարժանքների միջոցով:

Յոգայի մասին տարբեր հայտարարություններում հաճախ նշվում է, որ «յոգան կրոնական ուղղվածություն չունի և չի առնչվում որևէ աղանդի հետ»: Ձեր ֆեդերացիայի հայտարարության մեջ էլ այդպիսի բան էր նշված: Ո՞րն է այս նախազգուշացման պատճառը:

Ինձ այնպիսի զարմանալի հարցեր է մեկ-մեկ տալիս մեր հայ ժողովուրդը, որ, իրոք, զարմանում եմ, որ էս 21-րդ դարում, երբ այսքան ինտերնետը ողողված է ինֆորմացիայով, ինձ հարցնում են. «Աղա՞նդ է, կրո՞ն է դա» և այլն: Նույնիսկ մարդիկ ասում են. «Եհովայի վկաների նման ինչ-որ մի բա՞ն է»: Հիմա ես բացատրեմ. յոգայի տարատեսակներ կան, որոնք, իրոք, կրոնական ուղղվածություններ ունեն: Կա Ագնի յոգա, կա Կրիշնիա և այլն, որոնք կոնկրետ յոգայի տեխնիկաներով զբաղվում են: Օրինակ` Ագնի յոգան համարում են աղանդ: Նույն կրիշնիա գիտակցությունը, որը մեզ բոլորիս ծանոթ է և այստեղ եկավ 80-ականների վերջին, 90-ականների սկզբներին, էլի աղանդ է համարվում մեր պետության մեջ: Բայց այն, ինչը մենք ենք ուսուցանում ժողովրդին, ոչ մի կապ չունի ո'չ աղանդների, ո'չ միստիկաների, ո'չ կրոնի հետ:

Դուք յոգայի կոնկրետ ո՞ր տեսակն եք ուսուցանում:

Մենք հիմնականում ուսուցանում ենք Խաթխա յոգան ու Խաթխա յոգայի տարատեսակները: Շատ տեսակներ կան: Դա լինի Կունդալինի յոգա, Հոթ յոգա, Կրյա յոգա և այլն, նաև մեդիտացիաներ, պրանայամաներ: Պրանայամաները Խաթխա յոգայի բաղադրիչ մասերից են: Բայց կան նաև առանձին պրանայամաներ. երբ գնում ենք, ենթադրենք, բնության գիրկ ու շնչառություններով ենք զբաղվում:

Յոգան որևէ կրոն պարտադրու՞մ է, թե՞ ցանկացած կրոնի մարդ կարող է յոգայով զբաղվել:

Յոգայով զբաղվում են և' քրիստոնյաներ, և' մուսուլմաններ, և' բուդդիստներ: Կոնկրետ այն ծրագիրը, որը մենք ենք սովորել և հանձնում ենք մեր սաներին, ոչ մի պարտադրանք չունի:

Կա՞ յոգայով զբաղվելու առավել նպաստավոր տարիք:

Եթե ցանկություն ունեն ուսումնասիրելու կոնկրետ յոգայի փիլիսոփայությունը, ցանկալի է` արդեն չափահաս լինեն: Իսկ ասանաները, շնչառությունները կարող են փորձել նաև 10 տարեկանից բարձր մարդիկ: Յոգան բոլորի համար է ստեղծված: Անկողնում պառկած ծերուկն էլ, որը հույս չունի, որ կլավանա, կարող է զբաղվել յոգայով ու զգալ յոգայի արդյունավետությունն ու նաև բժշկվել:

Բացի մարդկանց յոգա ուսուցանելուց` Յոգայի ֆեդերացիան գործունեության ուրիշ ուղղություններ ունի՞:

Այո: Օրինակ` մենք շատ նամակներ ենք գրել տարբեր կազմակերպությունների` թե' միջազգային, թե' տեղական: Եթե գտնենք հովանավոր, անդամալույծ կամ որբանոցների երեխաներին պիտի վերցնենք ու իրենց հետ էլ յոգայով զբաղվենք, ենթադրենք` բնության գրկում յոգա-տուրեր, էքսկուրսիաներ կազմակերպենք: Ցանկալի է, որ հովանավոր լինի: Եթե չլինի, մեր անդամավճարների միջոցով, իմ սեփական ներդրումների միջոցով ես պիտի անեմ դա:

Դուք նշեցիք յոգա-տուրերի մասին: Յոգայի ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ այն կազմակերպում է յոգա-տուրեր` «Հայաստանի էներգետիկ կենտրոններ»: Որո՞նք են Հայաստանի էներգետիկ կենտրոնները:

Օրինակ` Գառնին, Գառնիի տաճարը:

Ինչու՞:

Յոգայով զբաղվողների լեզվով ասած` այնտեղ հսկայական քանակությամբ պրանա կա: «Պրանա» բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «կյանք»: Դա տիեզերական կենսական էներգիա է: Պրանան կա նաև ջրի, օդի, սննդի մեջ: Բայց ամենաշատը գտնվում է օդի մեջ: Արևելյան գիտությունը արդեն գիտի` ինչ է պրանան: Սովետի ժամանակներին արտասահմանից մարդիկ եկան, իրենք հատուկ մեքենաներ էին արտադրել, որոնցով կարողանում էին որսալ, թե որտեղ ավելի շատ էներգիա կա: Ծաղկաձորում էլ կա, Սևանում էլ օդի մեջ կա պրանան: Բայց այնտեղ ավելի քիչ է, քան Գառնիում: Ինչի՞ համար են մեր եկեղեցիները շարունակել կառուցել կոնկրետ տաճարների հիմքի վրա: Որովհետև կան կենտրոններ, որտեղ, իրոք, էներգիան ավելի շատ է: Օրինակ` երբ մենք Գառնիում կատարում ենք շնչառական վարժություններ, մի քանի անգամ ավելի ազդեցություն ունի օրգանիզմի վրա, քան եթե դա կատարենք, ասենք, Երևանում, որովհետև Երևանում էկոլոգիան շատ աղտոտված է, այդքան մեքենաներ կան և այլն:

Յոգայի ֆեդերացիայի հայտարարություններից մեկում նշվում է, որ մեդիտացիաների միջոցով կարելի է հաղթահարել սթրեսը: Ինչպե՞ս է հաղթահարվում սթրեսը:

Առանց սթրեսի` կյանք չկա: Եթե մենք մի օր ապրենք առանց սթրեսի, կմահանանք: Ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան զարգանում է նաև սթրեսների քանակը: Այդ սթրեսներից ձերբազատվելու հիմնական միջոցները համարվում են մեդիտացիաները: Ժամանակակից հոգեբանները, հոգեթերապևտները, հոգեբույժները կիրառում են որոշակի հոգեբանական տեխնիկաներ, ենթադրենք` հիպնոս և այլն: Բայց երբ ավելի խորքային ենք ուսումնասիրում դրանք, տեսնում ենք, որ այդ ամենը գալիս է յոգայից, շատ-շատ հին վեդայական գիտություններից, որոնք են մեդիտացիաները: Երբ դու փորձում ես շնչառական վարժությունները, մեդիտացիաները, ասանաները, արդեն զգում ես, որ անկախ քեզանից` սկսում ես քիչ ջղայնանալ, քիչ դեպրեսիաների, սթրեսների և այլնի մեջ գտնվել: Ճիշտ է` թեև մենք յոգ ենք, բայց էլի մարդ ենք, ռոբոտ չենք: Բայց շատ հազվադեպ կարող ենք ջղայնանալ, որովհետև մեր նյարդերը արդեն դառնում են երկաթից:

Կա՞ վիճակագրություն, կամ Դուք անձնական դիտարկում արե՞լ եք, թե հատկապես ինչպիսի մարդիկ են զբաղվում յոգայով:

Իմ փորձից ելնելով` ասեմ, որ զբաղվում են հիմնականում այն մարդիկ, որոնք անհավասարակշռված բնավորություն ունեն` սթրեսային, ավելի շատ տագնապային, ջղայնացող մարդիկ: Զբաղվում են մարմնի քաշի պրոբլեմ ունեցող կանայք: Մենք ունենք դեպքեր, որ ողնաշարի հետ կապված պրոբլեմներով մարդիկ զբաղվել են յոգայով, և այդ ամեն ինչը վերացել է: Մենք չենք զբաղվում բժշկությամբ, մեր հիմնական նպատակը չենք դնում մարդկանց բժշկելը: Մերը յոգան է, որը ունի շատ-շատ բաղադրիչ մասեր: Բայց նաև բժշկում է:

Այդ մարդիկ հիվանդություններից բուժվել էին մեդիտացիաների՞ միջոցով:

Չէ, մեդիտացիաների, շնչառությունների և ասանաների: Եթե տարանջատեն շնչառությունները ասանաներից կամ մտավարժանքներից, դա չի լինի իսկական յոգա, այլ լրիվ այլ բան: Եթե զբաղվեն կոնկրետ մեդիտացիաներով, ապա դա կլինի ընդամենը մեդիտացիա: Եթե զբաղվեն միայն շնչառությամբ, ապա դա կլինի ընդամենը շնչառական ֆիթնես: Մեր պարապմունքները բաղկացած են 3 մասից: Սկզբում կատարվում են շնչառական վարժությունները, օրգանիզմը վերցնում է թթվածին: Դրանից հետո անցնում ենք ասանաների, հետո մեդիտացիաների` մտավարժանքների:

Հատկապես ո՞ր երկրներում են մարդիկ ամենից շատ յոգայով զբաղվում:

Հիմա ամբողջ Եվրոպան արդեն զբաղվում է յոգայով: Հետաքրքիրն այն է, որ կան շատ եվրոպական, ամերիկյան բուհեր, որ ֆիզկուլտուրայի դասաժամերը կրճատել են և սկսել են զբաղվել յոգայով: Բայց այն ծագել է Արևելքից` Հնդկաստանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter