HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոցքի տարածաշրջանի համայնքապետերը հաշվետվություն են ներկայացնում բնակիչներին

Շիրակի մարզպետարանում մտածել-քննարկել եւ հերթական տարբերակն էին ընտրել համայնքապետերի հաշվետվությունների անցկացման ձեւի վերաբերյալ: Օգոստոսի 13-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը եւ մարզպետարանի մի շարք վարչությունների ղեկավարներ այցելեցին Աշոցքի տարածաշրջանի 7 համայնք: Պետք էր ենթադրել, որ համայնքապետերի` հաշվետվություններ ներկայացնելու նախորդ ձեւերն իրենց չէին արդարացրել:

Հավաքել տվյալ տարածաշրջանի համայնքապետերին, ասենք, Արթիկում կամ Մարալիկում` անարդյունավետ եւ ժամանակի վատնում էին որակել հենց իրենք` գյուղական համայնքների ղեկավարները, քանզի գյուղերի բնակիչները հնարավորություն չէին ունեցել լսելու սեփական համայնքապետերի հաշվետվությունները: Օգոստոսի 13-ին, ընտրված համայնքներից միայն Արփենիում եւ Աշոցքում թե' համայնքապետերի հաշվետվությունը, թե' մարզպետ-բնակիչ-համայնքապետ եռակողմ քննարկումներն անցան խաղաղ մթնոլորտում: «Դա նշանակում է, որ համայնքապետն աշխատում է, աշխատանքն էլ նկատելի է,- իրավիճակը գնահատեց տիկին մարզպետը,- ուրեմն մարդիկ տեղյակ են համայնքում կատարվող աշխատանքներին, դրա համար էլ ո'չ բողոքներ լսեցինք, ո'չ էլ հակասություններ եղան ներկայացված հաշվետվության եւ բնակիչների բարձրացրած խնդիրների միջեւ»: Թորոս գյուղում, որտեղ 78 ընտանիքից 55-ը 100 հազարից 300 հազար դրամ հողի հարկի պարտք ունեին, հավաքված գյուղացիները հայտարարեցին, թե իրենցից չեն պահանջել, իրենք էլ չեն տվել: «Էն ժամանակ, որ 5 տոկոսը պետությանն էր, ու ես էլ հարկերը չէի տա, թող էն ժամանակ պետությունը հողը ձեռքիցս վերցներ, որ էսօրվա օրը պարտքս չհասներ 300 հազարի»,- արդարացավ Սիրեկ Ղուկասյանը: Թորոս գյուղում մարզպետը տեղեկացավ, որ բնակիչները խմելու ջրի խնդիր ունեն` երեք օրը մեկ են ջուր ստանում: Այս մասին համայնքապետը տեղյակ չէր պահել մարզպետարանին, որպեսզի որեւէ ծրագրով հնարավոր լիներ հարցը լուծել: Թորոսի բնակիչներն էլ մարզպետից տեղեկացան, որ Աշոցքի տարածաշրջանի համար գործում է անտոկոս վարկային ծրագիր եւ իրենք դրանից օգտվելու հնարավորություն ունեն: Պարզվեց, որ այդ մասին համայնքապետ Արմեն Սարգսյանը չէր տեղեկացրել համագյուղացիներին, որեւէ ծանուցում փակցված չէր նաեւ համայնքապետարանում: Թորոս գյուղում մարզպետի զայրույթը հասավ գագաթնակետին, երբ գյուղացիներից մեկը բողոքեց, թե իրենց ջրովի հողերը, որոնք իրականում չեն ոռոգվում, հաշվառված են որպես ջրովի հողատեսքեր: «Ես ապշում եմ քո վրա, Սարգսյա'ն, դու որ գալիս ես մարզխորհրդի նիստի, ականջներդ տանն ես թողնու՞մ… որքան է խոսվել էդ խնդրի մասին, դու ի՞ նչ է` էշի ականջում քնա՞ ծ ես, քանի՞ անգամ ենք պահանջել, որպեսզի մեզ ներկայացնեք էդ տեսակ խնդիրները, գյուղացու պարտքն էլ թեթեւանա»,- զայրացավ մարզպետը: Ջրովի ու անջրդի հողերի հետ կապված խնդիր բարձրացվեց նաեւ Ցողամարգ համայնքում: Այս համայնքում եւս սեփական եկամուտների հավաքագրումը կաղում է, իսկ համայնքապետը բազմիցս զգուշացվել է, որ գործերը կուղարկվեն դատախազություն, եթե շարունակի նույն ոգով կառավարել համայնքը: Պարզվեց, որ Ցողամարգում 180 հա անջրդի հողեր կան, որոնց վերաբերյալ համայնքապետը ոչ մի տեղեկություն մարզպետարան չի ներկայացրել: Գյուղացիները բողոքեցին նաեւ, որ իրենց հողերի կարգերը փոխված չեն, այդ պատճառով էլ 3-րդ եւ 4-րդ կարգի հողերի համար ավելի մեծ գումարներ են իրենցից ուզում, քան իրականում դրանք արժեն: «Մեր գնալուց հետո հավաքվեք, մի անգամ էլ ժողով արեք ձեր համայնքապետի հետ ու որոշեք, թե ո՞վ է իրականում մեղավոր, նրանից էլ պահանջեք,- խորհուրդ տվեց Լիդա Նանյանը,- թե չէ` մենք ձեր ղեկավարից անընդհատ ենք պահանջում, եւ մենք չենք մեղավորը, որ մեր պահանջը տեղ չի հասնում»: «Եթե ընտրել եք Հովսեփյանին համայնքապետ, ուրեմն օգնեք,- ցողամարգցիներին խորհուրդ տվեց մարզպետարանի տարածքային բաժնի պետ Կառլեն Աբրահամյանը,-համաձայն չէիք` չընտրեիք, որպեսզի էսօրվա օրն էլ մենք ստիպված չլինեինք պաշտոնանկության հարց առաջ քաշել»: Վարդաղբյուրի համայնք մարզպետը չմտավ, տեղեկություն էին փոխանցել, թե համայնքապետ Հրաչ Բալոյանը գյուղում չէ, թե ի՞նչ պատճառով, չկարողացանք պարզել: Այս համայնքապետը ոչ միայն հարկերը չի հավաքում, այլեւ ինքն էլ զլանում է հարկ մուծել: Մարզպետ Լիդա Նանյանից տեղեկացանք, որ մեկ ամիս առաջ Բալոյանը եկել ու դիմում է գրել, որ հաշվի առնելով սեփական անգործությունը` հրաժարվում է համայնքապետի պաշտոնից: «Մենք իրեն ժամանակ ենք տվել,- պարզաբանեց մարզպետ Լիդա Նանյանը,- եթե որեւէ տեղաշարժ չարձանագրվի հարկերի հավաքագրման գործում, դիմումը կուղարկենք Կառավարություն, այսինքն` ընթացք կտանք»: Մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի ղեկավար Հովսեփ Սիմոնյանն էլ մտահոգություն հայտնեց, որ պաշտոնանկությունից հետո հնարավոր է Հ. Բալոյանը կրկին առաջադրվի: «Նմանատիպ համայնքապետերի համար պետք է այլ մոտեցում ցուցաբերել, այնպես անել, որպեսզի նրանք հետագայում հնարավորություն չունենան առաջադրվելու»,-իր տեսակետը ներկայացրեց պրն Հովսեփյանը: Համայնքի ղեկավարի բնակչությանը հաշվետվություններ ներկայացնելու այս տարբերակը մարզպետը դրական եւ արդյունավետ գնահատեց. «Դե դուք ինքներդ էլ լսեցիք, թե ինչքան խնդիրներ կան, որ մեր անբարեխիղճ համայնքապետերը տեղ չեն հասցնում: Այսինքն` մեզ չեն ասում, որ փորձենք օգնել,- ասաց տկն Նանյանը,- բաներ էլ կան, որ նույն համայնքապետերը սեփական բնակիչներին զլանում են տեղեկացնել: Օրինակ` ինչի՞ գյուղացին պիտի չիմանար, որ անտոկոս վարկից օգտվելու հնարավորություն ունի»: Համայնքների մեծ մասում եւս բնակիչները գոհ էին հանդիպումից: Նախ` նորություն էր, որ համայնքապետը հաշվետվություն է տալիս արած գործերի մասին, եւ հետո էլ` իրենք հնարավորություն ունեցան համայնքապետի թերացումների մասին իրենց բողոքն անմիջապես ներկայացնել մարզպետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter