HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղամաբակը փաստացի ղեկավարում է համայնքապետի հայրը

17_08-geghamabak

Ընտրված համայնքապետը գյուղում չի ապրում

Գեղամաբակում, ինչպես Գեղարքունիքի մարզի տասնյակ այլ գյուղերում, գյուղացիները, բացի օրվա հացը վաստակելուց, այլ բանի մասին չեն կարող մտածել: Գյուղն ունի ընդամենը 25 ընտանիք` 120 բնակչով: Գեղամաբակի փողոցները գրեթե անանցանելի են փոսերի պատճառով:

Գյուղում  շրջելիս պատահմամբ hանդիպեցի գեղամաբակցի 55-ամյա Արաքսյա Սողոմոնյանին: Նա շտապում էր դաշտ` որդու քաղած խոտը դասավորելու: Երբ տիկին Արաքսյային հարցրի իրենց գյուղի առօրյայի մասին` քմծիծաղ տվեց. «Մեր առօրյան ոնց պիտի ըլի: Գեղումը մի ակումբ չունենք, որ երեխաները գնան զբաղվեն: Ախր սկի բան չկա: Մեկի գլուխը որ ցավում ա` ո'չ դեղ կա, ո'չ էլ մի բուժքույր, որ մի խորհուրդ տա, ստիպված գնում ենք կողքի գյուղի բժշկի մոտ: Մինչեւ հասնում ենք ընդեղ` արդեն կես մարդ ենք ըլնում: Չմոռանամ ասեմ` մեկ էլ ջրի հարցն ա շատ դժվար: Դե, ոռոգման ջուր սկի չունենք, բայց խմելու ջուրն էլ բանի նման չի»: Նրա ասելով` մնացած հարցերում ինքը գոհ ու շնորհակալ է գյուղապետ Գագիկ Բարսեղյանից: Հարցին, թե գյուղապետն ինչ է արել գյուղի համար, Արաքսյան պատասխանեց. «Դե հիմա ինչ կարա անի իմ համար կամ էն մյուսի համար, այ ցավդ տանեմ: Մի քիչ էլ մենք պետք ա օգնենք իրան: Ասում եմ, բայց ախր աշխատատեղեր չկան, չենք կարում աշխատենք` մենք ինչ անենք»: Իրենց սոցիալական վիճակի մասին տիկին Արաքսյան ասաց, թե ճոխ չեն ապրում, բայց շատ վատ էլ չեն ապրում. «Ես հլա թոշակ չեմ ստանում` 55 տարեկան եմ: Մեր գեղի դպրոցում պահակ եմ աշխատում ու 34 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Տանը 5 հոգով ենք ապրում ու հիմնականում այդ 34 հազարով ենք յոլա էթում: Տղես նայոմնիկ էր, բայց արդեն մի տարի ա դուրս ա եկել ու հիմա մեկ-մեկ ուրիշի դաշտերում գործ ա անում, էլի փող բերում ա, յոլա ենք էթում: Բայց դե, ամեն օր բանվորության գործ չի ճարվում: Խելոք տղա ա, գալիս տանում են իրանց խոտն ա քաղում, հանդից կարտոշկեն ա հավաքում ու մեշոկները բարձում մեքենաները, ըսենց, էլի»,- պատմեց Արաքսյան: Գեղամաբակի խնդիրների մասին փորձեցինք զրուցել նաեւ համայնքապետ Գագիկ  Բարսեղյանի հետ: Մեծ դժվարությամբ գտա համայնքապետարանի շենքը, քանի որ ճանապարհից դուրս էր գտնվում: Երբ վերջապես այն գտա, մի տեսակ կասկածամտությամբ թակեցի դուռը, քանի որ ո'չ ցուցանակ կար փակցված, ո'չ էլ պետական դրոշն էր կախված: Շենքը մի տուն էր, որն էլ ծառայում էր որպես համայնքապետարան: Այնտեղ ոչ ոք չկար: Գյուղացիներն ասացին, որ գյուղապետը Գեղամաբակում չի ապրում եւ հիմնականում Վարդենիս քաղաքում է լինում, որտեղ էլ ապրում է: Նրանք խորհուրդ տվեցին գյուղին վերաբերող ցանկացած հարցով դիմել համայնքապետի հորը: Այդպես էլ արեցինք: Վիկտոր Բարսեղյանը համայնքապետ որդու փոխարեն ներկայացրեց Գեղամաբակը: Նրանից առաջին հերթին հետաքրքրվեցինք, թե ինչպես են ապրում համագյուղացիները: «Ինչ մնում ա ապրելակերպին` ով աշխատի, նա կուտի, ով էլ չէ` անոթի օր կանցկացնի: Դե ստեղ ուրիշ աշխատանք չկա, պետք ա անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվեն»,- ասաց Վ. Բարսեղյանը: Մեր այն հարցին, թե միայն անասնապահությամբ ու հողագործությամբ Գեղամաբակում կարող են մարդիկ ապրել, պատասխանեց. «Ինչի չեն կանա, բա ես թոշակառու մարդ` ոնց ա կաբրիմ: Ամսեկան 40 հազար դրամ թոշակ ա կստանամ ու մեկ էլ հող ա կմշակեմ: Մեղու էի պահում, բայց անցյալ տարի սատկան, հիմա սկսել եմ էլի շատացնել»: Համայնքապետի հայրը նույնպես գյուղի ամենակարեւոր խնդիրը համարեց ոռոգման ու խմելաջրի հարցը: 17_08-geghamabak-1

«Փոքր գյուղ ա, ասում են` ծրագիր չկա: Խմելու ջրի մեր աղբյուրը 25 կիլոմետր հեռու ա գյուղից: Ասում են` ծախսը շատ ա, ու չեն անում, իսկ կողքի գյուղի ժողովուրդը իրանց դռները աղբյուր են քաշում: Կառավարությունը լավ գիդա մեր խնդիրների մասին, գյուղնախարարությունն ավելի լավ գիտի, հիմա որ ես խնդիրների մասին ասեմ` բողոքի ձեւով կստացվի: Որ ծրագիր բոլորովին չլինի գյուղում, էլ ինչի մասին ա խոսքը»,- ասաց Վիկտոր պապը:

Նրա խոսքով` մոտ 3 տարի առաջ ոռոգման ջրի հարցը պետք է լուծվեր, բայց այդպես էլ խնդիրը մնաց օդից կախված: Համայնքապետի հայրը սկսեց պատմել, թե հարեւան գյուղերի ղեկավարներն ինչ մեթոդներով են իրենց հարցերը լուծել, ու իրենք էլ այդ ամենի հետեւանքով դուրս են մնացել պետական բոլոր ծրագրերից: «Մեր հարեւան Նարմալուի գյուղապետը «Օրինաց երկիր» կուսակցությունից էր, ոռոգման ծրագիրը տարավ իրանց գյուղ: Հետո ինքն աֆերիստություն արեց` դարձավ «բագավաճ» ու էլի մի ծրագիր տարավ գյուղ: Ողղակի չեմ հասկանում, թե ինչ ա կատարվում: Մողեսը ոնց ա իրա կաշին փոխում, հիմա էլ իրանք են: Մարդիկ կան` փոխում են, մարդիկ էլ կան` չեն փոխում: Ես Հանրապետական եմ ու էլ ինչ փոխեմ»,- նշեց նա: 75-ամյա Վիկտոր Բարսեղյանը երկար տարիներ գյուղում մանկավարժ է աշխատել: Անցյալ տարի է դպրոցից դուրս եկել ու հիմա հողագործությամբ է զբաղվում: Նրա ասելով` հող մշակելով օգուտ չի ստանում, բայց ստիպված է հողի վրա աշխատում, որպեսզի երեխաները Հայաստանից չթողնեն գնան: «Անցյալ տարի ես 300 տոննա կարտոշկա եմ թափել: Կիլոգրամի համար 20 դրամ եմ տվել բանվորներին, որ պահեստից բարձեն ավտոն` տանեն թափեն: Ընդամենը 100 տոննա եմ ծախել ու էլ չծախվեց: Եթե նորմալ ծախեի, ես 90 հազար դոլար փող կունենայի, բայց այդքան փող լցրեցի զիբիլը: Էդ կարտոլի համար մոտ 30 հազար դոլար ներդրում էի արել: Սեզոնին ես 100 բանվոր եմ ունեցել ու ամեն մեկին 3-4 հազար դրամ օրական փող եմ տվել: Երեւանում էլ կարտոլը չէր սպառվում, որովհետեւ Վրաստան չի արտահանվել: 1 կիլո կարտոլ Վրաստան տանելու համար մաքսատանը 80 դրամ մաքսատուրք պիտի մուծեինք, բայց ինչքանով պիտի ծախեինք, որ 80 դրամ մաքսատանը տայինք ու մնացածից էլ եկամուտ ստանայինք: Ես գնացել մաքսայինից հետաքրքրվել եմ, նոր եմ եկել իմ 300 տոննա կարտոշկեն թափել: Տեսա, որ պայմանները ձեռք չի տալիս` բերքս թափեցի: Այ մարդ, թող գան, ասեն` մի' ցանեք, որ մարդիկ իրանց գլխի ճարը տենան, թե չէ` սենց ինչ ա` ամեն տարի գլխներիս մի զուլում գալիս ա: Ամեն տարի 15 հեկտար ցանում էի, էս տարի 7 հեկտար եմ ցանել ու որոշել եմ մյուս տարի ընդհանրապես չցանեմ: Մինակ ես չեմ, շատ շատերն են տուժվել` վարկ են վերցրել, հիմա մնացել են վարկի տակ: Դե էս կառավարական հարց ա, կարողա լսեն, նեղանան, ասեն` էս ինչեր ա խոսում»,-զրույցի կեսից թեման փոխեց Վիկտոր պապը: Երբ Գեղամաբակից դուրս էի գալիս, զանգահարեց համայնքապետ Գագիկ Բարսեղյանը` ասելով, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել: Սակայն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չհաջողվեց համայնքապետի հետ հանդիպել իր «նստավայրում»` Վարդենիսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter