Ալավերդու էկոլոգիական վիճակը վախեցնում է միջազգային ներդրողներին
Հարցազրույց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ
Պրն քաղաքապետ, Ալավերդու բնակչության լայն շերտերի մոտ իշխում է այն կարծիքը, որ Ալավերդին անհեռանկար և մեռնող քաղաք է: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գնահատականին:
Դրանք երևի հուսահատված մարդիկ են եղել: Ապագան Ալավերդու համար պայծառ է լինելու: Դրանում ես համոզված եմ: Ապագայի հետ կապված` մենք մեծ հույսեր ենք կապում Թեղուտի հանքավայրի շահագործման հետ, որտեղ առաջին փուլում աշխատելու են 1500-1700 մարդ:
Թեղուտ եւ Շնող գյուղերը այդքան աշխատողներ չեն կարող ապահովել, բացի այդ` լուրջ մասնագետներ չունեն, և ես համոզված եմ, որ Ալավերդուց 500-600 մարդ իր աշխատանքը կգտնի այնտեղ: Թեղուտն ընդամենը 30 կմ հեռավորության վրա է գտնվում, և մարդիկ մի 30 րոպե են կորցնելու աշխատավայր հասնելու համար:
Քաղաքապետարանը ունի՞ վիճակագրական տվյալներ միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում Ալավերդու բնակչության արտագաղթի վերաբերյալ:
Որպես հանքարդյունաբերական քաղաք` տնտեսական ճգնաժամը հանրապետության մյուս քաղաքների համեմատ ավելի ծանր ազդեցություն ունեցավ Ալավերդի քաղաքի վրա: Պղնձաձուլական գործարանից 400 աշխատողներ կրճատվեցին: Նրանցից մի 100 հոգի տեղափոխվեցին «Դրմբոն» աշխատելու: ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի հետ ծրագրեր մշակեցինք գործազուրկ դարձած մարդկանց զբաղվածության խնդիրը լուծելու` թեկուզ ժամանակավոր: Քաղաքում մինչև տարեվերջ իրականացնելու ենք 8 ծրագրեր, որտեղ աշխատելու են շուրջ 100-120 մարդ: Սա լուրջ ցուցանիշ է և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու շատ կարևոր քայլ է մեզ համար:
Ըստ Ալավերդու զբաղվածության կենտրոնի տեղեկատվության` կենտրոնում գրանցված են շուրջ 3300 գործազուրկներ և աշխատանք որոնողներ: Չեք կարծու՞մ, որ սա քաղաքի սոցիալական վիճակը բնութագրող թիվ է: Ասենք, որ Ալավերդիում կան էլի շատ գործազուրկներ, որոնք գրանցված չեն Զբաղվածության կենտրոնում: Ենթադրենք, Թեղուտի հանքավայրի հետ կապված աշխատանքները ակտիվացան, և մի 500 մարդ սկսեց այնտեղ աշխատել, մի 100 գործազուրկի էլ ծրագրերով ժամանակավոր աշխատատեղ տվեցիք: Դրանով խնդիրը լուծվու՞մ է:
Շատ ճիշտ եք նկատել: Ես դեռ իմ նախընտրական խոստումների ժամանակ բազմիցս խոսել եմ տուրիզմի մասին, այն ժամանակ տուրիզմը անսովոր ոլորտ էր, և մարդ կար` մի քիչ հեգնանքով էր խոսում: Բայց արդեն Ալավերդի քաղաքում երիտասարդության հետ սեմինարներ ենք անցկացրել և փորձում ենք երիտասարդներին որքան հնարավոր է պատրաստենք, համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարիներին տուրիզմի զարգացման լավ հիմքեր կդնենք: Տուրիզմի զարգացման համար բացի հյուրանոցների, ռեստորանների, ճանապարհների խնդիրը, մենք կարևորում ենք նաև էկոլոգիական առողջ միջավայրի ապահովումը: Մենք Ալավերդու «ACP» ընկերության հետ բանակցություններ ենք վարում: Արդեն 1մլն դոլարի ծախսումների նախահաշիվ է կազմվում, մինչև 2010 թ.-ի վերջը 750 մ բարձրությամբ խողովակը, որով արտանետումները բարձրանում են մթնոլորտ, քաղաքից 400-500մ բարձրության վրա «Կոշաբերդ» սարի գլխին կտեղադրվի, որից հետո գործարանի թունավոր արտանետումները մթնոլորտ կնետվեն 1100մ բարձրությունից: Սրանով 6 անգամ կնվազեցնենք քաղաքի արտանետումները: Մեր քաղաքում մասնավոր սեկտորը պասիվ է, ներդրումների մեծ հնարավորություններ չունեն, ես գտնում եմ, որ տնտեսության զարգացման համար բնական հումքը պետք է օգտագործենք: Ունենք փայտ, քար, հատապտուղներ: Ալավերդիում, թեև վերջինիս հետ կապված էկոլոգիական մտահոգություններ կան, բայց հարևան գյուղերում դրանք էկոլոգիապես մաքուր են, և ներդրողները կարող են համարձակ թեթև արտադրություն դնեն: Քաղաքի տնտեսական զարգացման համար փորձում ենք ներգրավել միջազգային ներդրողների, նրանց էլ վախեցնում է մեր քաղաքի էկոլոգիական վիճակը:
Ձեր տեղեկություններով` պղնձաձուլական գործարանի արտադրության ծավալները Ալավերդիում կավելանա՞ն, թե՞ ոչ:
Արտադրության ծավալների մեծացումը կապված է Թեղուտի հանքավայրի շահագործման, նաև` միջազգային շուկայում պղնձի գների հետ:
Եթե արտադրության ծավալները գործարանում ավելանան, ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքում մարդկանց օդ շնչելու և առողջության խնդիրները:
Կարծում եմ` արտադրության ծավալները մեծանալու հետ մեկտեղ գործարանը պարտավորություն կվերցնի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Էնպես չի լինի, որ ծավալները մեծացնեն, տեսնեն ժողովուրդը խեղդվում է, հետո մտածեն բնապահպանական լուծումների մասին, դա արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ է լինելու:
«ACP»-ն Ալավերդիում պղնձարտադրության ավելացման և դրա հետ կապված բնապահպանական խնդիրների լուծման ծրագիր քաղաքապետարանին ներկայացրե՞լ է:
Այս պահին այդպիսի կոնկրետ ծրագիր «ACP»-ի կողմից քաղաքապետարանին չի ներկայացվել: Բայց ընկերության ղեկավարության հետ խոսել ենք, որ մինչև մեծանալը մեր ձեռքի տակ լինի այդ ծրագիրը, որի մասին մենք համայնքի բնակչությանը կտեղեկացնենք: Բնապահպանական հիմնախնդիրները մեր բնակչությանը մտահոգում են:
Ալավերդին ունի գլխավոր հատակագիծ, սակայն մանրամասն հատակագծման նախագիծ, որքան տեղյակ ենք, չի գործում:
Քաղաքապետարանը, ըստ օրենքի, առաջնորդվում է գլխավոր հատակագծով: Քաղաքի գլխավոր հատակագիծը, ըստ թաղամասերի զարգացման, մանրամասն հատակագիծ ներառում է, ընդգրկում է 25 տարվա զարգացում: Սակայն, քանի որ Ալավերդին սակավահող է, մենք այդ պատճառով ըստ թաղամասերի ծրագրեր չենք իրականացնում, թաղամասերն առանձին զարգանալու տեղ չունեն:
Դուք ասում եք` ըստ թաղամասերի զարգացման մանրամասն հատակագիծը չեք կիրառում, սակայն քաղաքի Էնգելս և Փիրուզյան թաղամասերում դեղատուն չլինելու պատճառով բնակիչները 3կմ ճանապարհ են կտրում, 200 դրամ էլ փող են ծախսում դեղորայք գնելու համար: Չեք կարծու՞մ, որ այս դեպքում քաղաքն ավարտվում է Կախոյան թաղամասում:
Քանի որ դա նաև բիզնես է, սեփականատերը հիմար չէ, նա եթե զգաց, որ իր բիզնեսը Էնգելս և Փիրուզյան թաղամասերում իրեն կարդարացնի, նա անպայման կտարածի այդ բիզնեսը: Այլ բան է, եթե խնդիրը լուծենք հասարակական կազմակերպությունների միջոցով, ասենք` Կարմիր խաչի: Չենք կարող սեփականատիրոջը պարտադրել: Բայց միգուցե այլ ճանապարհով լուծենք:
Մեկնաբանել