HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին շարունակում է մնալ հոսող կոյուղաջրերի եւ խմելու ջրի մեծ կորուստներ արձանագրող քաղաք

17_08-alaverdiՄի քանի տարի առաջ Ալավերդու նախկին քաղաքապետ Վախթանգ Լալայանը իր բժշկուհի տիկնոջ հետ ուշ երեկոյան Սանահին-Սարահարթ թաղամասից ոտքով քաղաքի ներքեւի հատված իջնելիս, անթափանց խավարի մեջ չնկատելով բաց դիտահորը, կնոջ հետ միասին ընկել էին դիտահորի մեջ: Այդ ճանապարհը նախկին քաղաքապետի աշխատանքի գնալու ամենօրյա ճանապարհն էր, որը նա մշտապես հատել էր ծառայողական ավտոմեքենայով եւ, բնականաբար, դիտահորի բաց լինելուն կարեւորություն չէր տվել: Ամայի վայրում տեղավորված դիտահորում ամուսինների օգնության կանչերին ամբողջ գիշերվա ընթացքում ոչ ոք չէր արձագանքել, մինչեւ որ այգաբացին Սանահին գյուղից մի գյուղացի, իր էշով անտառ փայտի գնալիս, ճանապարհի այդ հատվածում, աղջամուղջի մեջ գետնի տակից օգնության կանչեր է լսում: Գյուղացին մի պահ ականջներով լսածը տեսիլք է համարել, սակայն օգնության կանչը մի քանի անգամ լսելուց հետո, էշին զոռ տված` հասել է ոստիկանություն ու օրվա հերթապահներին տեղեկացրել, որ Սարահարթի ճանապարհի աղբյուրի մոտ գետնի տակից Վախթանգ Լալայանը օգնություն է կանչում: Ոստիկաններն էլ օգնության են հասնում գիշերը դիտահորում անցկացրած նախկին քաղաքապետին ու նրա տիկնոջը: Դիտահորի հետ կապված այս տխուր պատմությունն այսօր էլ հիշում են Ալավերդիում: Սակայն վերահսկող կազմակերպությունները մոռանում են բնակչության համար դրանց անվտանգությունը ապահովելու մասին: Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի Երեւանյան խճուղին թաղամասի ամենաբանուկ փողոցներից է: Այն սկսվում է ճոպանուղու Սանահին-Սարահարթ կայանից` ավարտվում է թաղամասի կենտրոնական մայրուղու մոտ: Քանի որ թաղամասում զբոսայգի չկա, տարվա երեք եղանակների տաք օրերին խճուղին յուրօրինակ զբոսավայր է դառնում բնակչության համար: Նրանց մեջ քիչ չեն նաեւ երեխաները: Բացի այդ, այս ճանապարհից օգտվում են Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին եւ 2-րդ զանգվածների` մինչեւ կեսգիշեր աշխատող ճոպանուղով երթեւեկող բնակիչները, այդ թվում նաեւ հերթափոխից եկող ու գնացող «ACP» ընկերության աշխատողները: Երեւանյան բանուկ խճուղում, մեր հաշվարկներով, գործում են կոյուղու 18 դիտահորեր, որոնց միջոցով էլ Սանահին-Սարահարթ թաղամասի 76 բնակելի շենքերի կոյուղաջրերը Սարահարթի քարի գլխից թափվում են Դեբեդ գետը: Մարդկանց երթեւեկության, խճուղու ամենաբանուկ մայթերի վրա տեղավորված 3 դիտահորեր ամիսներ շարունակ բաց են, եւ կարելի է ասել` միայն երջանիկ պատահականությամբ մարդիկ չեն հայտնվում դրանց մեջ: Բաց դիտահորերն այստեղ առանձնապես վտանգավոր են երեխաների համար, որոնք խաղալու ընթացքում վազելիս կարող են հայտնվել դրանց մեջ` իրենց կյանքի համար անկանխատեսելի հետեւանքներով: Քաղաքի կենտրոնական հատվածում շրջելիս մեզ կոյուղու բաց դիտահորեր հանդիպեցին նաեւ Ալավերդու Թումանյան փողոցի Հայպետշին թաղամասի ավտոբուսների եւ երթուղային տաքսիների կանգառում, Զորավար Անդրանիկի փողոցի նախկին «Լալվար» կինոթատրոնի շենքին հարող ճանապարհահատվածում եւ այլուր: Կոյուղու բաց դիտահորերը շրջակա միջավայրում տարածում են նաեւ գարշահոտություն եւ էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության համար: Ալավերդիում վաղուց առաջնահերթ լուծում է պահանջում նաեւ բնակելի շենքերի բակերում տեղավորված կոյուղու եւ ջրի դիտահորերի հաճախակի կրկնվող վթարների վերացման հետ կապված` Ալավերդու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ԲՇՏ-ների եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Հյուսիս-Արեւելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի միջեւ տարիներ շարունակվող վեճը: Այս վեճի արդյունքում արդեն մեկ ամսից ավելի է չի վերացվում Սանահին-Սարահարթ թաղամասի 2/26 շենքի բակի ջրի դիտահորի վթարը: Ջրի դիտահորը գտնվում է շենքի կոյուղու դիտահորի անմիջական հարեւանությամբ: «ԲՇՏ-ի աշխատողները, երբ վթարը վերացնելու ժամանակ փորձեցին ստուգել կոյուղու դիտահորի վիճակը, դիտահորի կափարիչը բարձրացնելուն պես մի հսկա առնետ դուրս թռավ այնտեղից, մենք շատ անհանգիստ ենք շենքի խմելու ջրի անվտանգության համար»,- ասաց 2/26 շենքի բնակիչ տիկին Աիդան: Դիտահորում վթարված խողովակի մեջ կարող են թափանցել նաեւ վտանգավոր մանրէներ, հող եւ կեղտ` վտանգելով բնակիչների առողջությունը: Բացի այդ, առավոտյան եւ երեկոյան ջրամատակարարման 7-8 ժամվա ընթացքում խմելու ջրի լուրջ կորուստ է լինում, որը ջրամատակարարման ժամերին շենքի բակից թափվում է շենքին հարող փողոց: Դիտահորի շուրջն արդեն մեկ ամիս գոյացած փոքրիկ լճակում ծնունդ առած գորտերը երեկոյան ուշ ժամերին բնակիչներին մատուցում են իրենց գորտային զավեշտական համերգը: Խմելու ջրի դիտահորում առաջացած այս վթարի մասին տեղյակ են եւ' Սարահարթի թիվ 3 ԲՇՏ-ում, եւ' «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւելյան» մասնաճյուղի Ալավերդու տեղամասում: Տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը 2/26 շենքի խմելու ջրի դիտահորի վթարի վերացումը համարեց ԲՇՏ-ի գործը, սակայն խոստացավ վթարի վայր ուղարկել իր մարդկանց: Վթարը վերացվեց օգոստոսի 12-ին, բայց վթարված խողովակը ոչ թե փոխվեց, այլ վթարային բրիգադը փայտե սեպով փակեց վթարված խողովակի անցքը: Վթարը վերացնելիս «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի վթարային բրիգադի ղեկավար Արմեն Գորգինյանն ասաց. «40 տարվա խողովակներ են, շուտ-շուտ տրաքում են, բրիգադում էլ էս 3 մարդն են, չենք հասցնում, էստեղից էլ գնում ենք 1/5 շենքի բակի դիտահորի վթարը վերացնենք»: Սանահին-Սարահարթի ԲՇՏ-ի պետ Ֆրունզիկ Ռամազյանն էլ հայտնեց, որ մաշված ջրագծերի եւ կոյուղագծերի հետեւանքով դիտահորերում առաջացող վթարները թաղամասի երեք  զանգվածներում էլ մշտական բնույթ են կրում. «Խորհրդային տարիներին բնակելի շենքերի ներսում եւ բակերում կոյուղու եւ ջրագծերի վթարների դեպքում վթարները վերացնելու պատասխանատվությունը դրված էր ԲՇՏ-ների վրա, եւ դրա համար քաղխորհրդի  ջրմուղ-կոյուղու վարչությունը վարձավճարների 40%-ը փոխանցում էր ԲՇՏ-ներին` վթարների վերացման ծախսերի համար: Այժմ քաղաքի ջրմուղ-կոյուղու ողջ ցանցը սեփականաշնորհված է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, որոնք զլանում են մեզ փոխանցել նույն վարձավճարների 40%-ը, սակայն մեզ վրա են թողնում իրենց սեփականությունը հանդիսացող ծառայության պարտականությունները»: Ֆրունզիկ Ռամազյանը նաեւ տեղեկացրեց, որ իր ղեկավարած ԲՇՏ-ն  ֆինանսավորում չի ստանում Ալավերդու քաղաքապետարանի բյուջեից եւ իր գոյությունը քարշ է տալիս թաղամասի 76 բնակելի շենքերի 120 հազար քմ բնակելի տարածքներից սեփականաշնորհված բնակարանների տերերից 1 քմ-ի համար 10 դրամ հաշվարկով սպասարկման վարձավճարներ հավաքելու միջոցով, որի ամսական գումարը կազմում է 1,2 մլն դրամ: «Դրանից էլ երբ հանում ես հարկայինի պահանջած եկամտահարկը, մնացած գումարով ԲՇՏ-ն հազիվ քարշ է տալիս իր գոյությունը, ուր մնաց, թե կատարի ուրիշի պարտականությունները: Չլսված բան է, շենքերի մինչեւ 9-րդ հարկերը ջրաչափ է դրել, ջրի վարձերն էլ ինքն է հավաքում, փող էլ չի փոխանցում, սակայն պահանջում է, որ նախկին իներցիայով ջրագծերի եւ կոյուղագծերի վթարները ԲՇՏ-ները վերացնեն»,- զայրացած ասաց ԲՇՏ-ի պետը: Ֆրունզիկ Ռամազյանը նաեւ տեղեկացրեց, որ համայնքի ավագանին, ինչպես ԲՇՏ-ների ֆինանսական սնուցման աղբյուրների, այնպես էլ նրա եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-Արեւելյան» տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի միջեւ ծագած եւ տարիներ շարունակվող բնակելի շենքերի ջրմուղկոյուղու վթարների վերացման շուրջ առաջացած հիմնախնդիրները չի քննարկել եւ չի հստակեցրել: Արդյունքում, Ալավերդին շարունակում է մնալ հոսող կոյուղաջրերի եւ խմելու ջրի մեծ կորուստներ արձանագրող քաղաք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter