HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Կաթը ջրից էժան է

17_08-milkԲերդի տարածքը Տավուշի մարզի 4 տարածաշրջաններից ամենակտրվածն է, մի տեսակ փակուղի: Հեռավոր այս տարածաշրջանի գյուղացիները աճեցրած բերքը, անասնապահական մթերքները մեծ շուկաներում իրացնելու դժվարություններ ունեն: Նախկին վարչական շրջանի կենտրոն Բերդ քաղաքից մինչեւ մարզկենտրոն Իջեւան 62 կմ է, մինչեւ Երեւան` 199 կմ: Մայրաքաղաքից մինչեւ Բերդ քաղաք ճանապարհը բարեկարգ է (բացառությամբ Վազաշեն գյուղում սողանքից փլուզված հատվածի), սակայն Բերդից «այն կողմ», 20-25 կմ հեռավորությամբ գտնվող գյուղերը նախկին շրջկենտրոնին կապող ճանապարհն անբարեկարգ է եւ փոսառատ:

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր գյուղերի բնակիչներն իրենց արտադրած գյուղատնտեսական մթերքները մայրաքաղաքում իրացնելու համար ոչ մի հնարավորություն չունեն, նրանք չեն կարող մրցակցել Արարատյան դաշտի ֆերմերների հետ: Վերջիններիս համար մինչեւ Երեւանի շուկաներ հաշված րոպեների ճանապարհ է: Այս պայմաններում կարեւորվում է տեղում հումքի ընդունման կետերի ստեղծումը: Դրանց շնորհիվ սահմանագոտում գործազրկության հիմնահարցը կմեղմվի, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքից կնվազի արտագաղթը: «Գյուղի եւ ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի»` CARD-ի միջոցով Տավուշ գյուղում, Վարագավանում, Նավուրում, Ներքին Կարմիրաղբյուրում գործարկվել են կաթի ընդունման կետեր: Կաթի ընդունման կետ է շահագործման հանձնվել նաեւ Նորաշեն գյուղում: Այն հիմնվել է Գյուղական ձեռնարկությունների փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրով: Ծրագրի Տավուշի մարզային աջակցության թիմի համակարգող Պավել Ցուցուլյանի խոսքերով` կաթի ընդունման այս կետը շահագործման է հանձնվել անցյալ տարի, ծախսվել է 15 մլն դրամ: Նորաշենի կաթի ընդունման կետը պետք է ընդուներ 3 համայնքների` Նորաշենի, Չորաթանի եւ Վերին Կարմիրաղբյուրի ֆերմերների արտադրած կաթը: Կաթի ընդունման կետը ստեղծվել է «Աշտարակ կաթ» ընկերության հետ համագործակցությամբ: Այս ձեռնարկությունն է տրամադրել ընդունման կետի սարքավորումները: Ընդհանրապես, այս տարածաշրջանում կաթի ընդունման բոլոր կետերը հումքը հանձնում են «Աշտարակ կաթ»-ին: Օգոստոսի 7-ին ելույթ ունենալով Տավուշի մարզխորհրդի նիստում` Գյուղատնտեսության աջակցության Տավուշի մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) տնօրեն Վահան Կարապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ մարզի համայնքապետերի ուշադրությունը հրավիրեց այն մտահոգիչ հանգամանքին, որ այժմ Բերդի տարածաշրջանի կաթի ընդունման կետերն անգործության են մատնված: Պատճառը կաթի ընդունման ցածր գներն են. գյուղացիները հրաժարվում են իրենց արտադրած կաթը հանձնել ցածր գներով: Պավել Ցուցուլյանն ասում է, որ «Աշտարակ կաթ»-ը Բերդի տարածաշրջանում արտադրված 1 լիտր կաթը ֆերմերներից ընդունում է 80-85 դրամով: Դա այն դեպքում, եթե կաթի յուղայնությունը համապատասխանում է ընդունված չափանիշին, այսինքն` կաթի բաղադրության մեջ այն կազմում է 3,8 %: Նորմայից բարձր յուղայնությամբ կաթն ընդունվում է 90-95 դրամով: Տավուշի ԳԱՄԿ-ի ագրոխորհրդատու, Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բնակիչ Հրածին Գրիգորյանը տեղի կաթի ընդունման կետի գործունեության վերաբերյալ իր բացատրությունն ունի: Նա ասում է, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն արտերկրից ցածր գներով կաթի փոշի է ներկրում, դրանով արտադրանք թողարկում եւ կարիք չունի Տավուշում կաթ ընդունելու: Գյուղացին պահանջարկի առկայության դեպքում կաթը թանկ գնով տեղում համագյուղացի գնորդներին է վաճառում կամ յուղ, պանիր պատրաստում: Սակայն գյուղերում կաթ գնողների թիվը մեծ չէ, իսկ վարկային եւ այլ միջոցներով սահմանամերձ գյուղերում կառուցված կաթի ընդունման կետերը պարապուրդի են մատնված: Օգոստոսի 12-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել էր հանրապետության մարզային թերթերի խմբագիրներին: Օգտվելով հնարավորությունից` կառավարության ղեկավարին հարց ուղղեցինք Բերդի տարածաշրջանում «Աշտարակ կաթ»-ի կողմից կաթի մթերման ցածր գների եւ ընդունման կետերի` պարապուրդի մատնվելու վերաբերյալ: «Կաթի խնդիրն այսօր բավական խնդրահարույց է: Վարկածներից մեկը, թե ինչու՞ է գինը նվազել, կայանում է նրանում, որ մեծածավալ կաթի փոշի է ներկրվում Հայաստան: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի կաթի փոշի է ներկրվել: Բնականաբար, շատ գործարաններ նախապատվությունը տալիս են կաթի փոշուն, որովհետեւ դա ավելի էժան է: Մենք հիմա որոշում ենք, որպեսզի կաթի փոշու մաքսային արժեքը պահպանենք նախորդ տարվա մակարդակի վրա, ինչը, բնականաբար, բարենպաստ պայմաններ կստեղծի մեր կաթ արտադրողների համար: Հուսով եմ, որ մոտակա ամիսներին կզգաք այդ որոշման ազդեցությունը»,- պատասխանեց վարչապետ Տ. Սարգսյանը: «Ինչու՞ է «Աշտարակ կաթ»-ը Բերդի տարածաշրջանում կաթը ցածր գներով ընդունում, որի պատճառով ընդունման կետերը չեն գործում: Դա պայմանավորվա՞ծ է ներկրվող էժան կաթի փոշով»,- մեր հարցին ի պատասխան` ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթեւիկ Ղաբազյանը հայտնեց, որ իրենց ընկերությունն արտերկրից երբեւէ կաթ կամ կաթի փոշի չի ներկրել: «Աշտարակ կաթ»-ն ունի կաթի փոշու սեփական արտադրություն: Ամառվա ընթացքում կաթի մի մասից փոշի են պատրաստում: Հասարակայնության հետ կապերի պատասխանատուի վկայությամբ` կաթի ընդունման գները պայմանավորված են շուկայում տիրող վիճակով: Տաթեւիկ Ղաբազյանից տեղեկացանք նաեւ, որ ընկերության արտադրած 1 լիտր կաթը վաճառվում է 300-350 դրամով: Կաթը վերամշակումից հետո 4 անգամ թանկ է վաճառվում: Բայց չէ՞ որ թափոններն էլ (օրինակ` շիճուկը, որը խոզերին գիրացնելու լավ միջոց է) որոշակի գին ունեն եւ կարող են հավելյալ եկամուտներ բերել վերամշակող գործարաններին: Ներկայումս կես լիտր սովորական աղբյուրի ջուրը խանութներում վաճառվում է 100 դրամով: Ավելի մեծ պլաստմասսե տարաներով վաճառելիս աղբյուրի (առանց գազի) մեկ լիտր ջրի գինը 120 դրամ է կազմում: Տարան որոշակի գին ունի, գնի մեջ ներառված են նաեւ բանվորների աշխատավարձը, արտադրական ծախսերը, հարկերը: Գնից դրանք էլ հանելով` ստացվում է, որ սովորական աղբյուրի ջուրը էժան չէ ընդունվող կաթից: Տավուշի մարզխորհրդի վերոհիշյալ նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը խոստացավ առաջիկայում հանդիպել «Աշտարակ կաթ» ընկերության գործադիր տնօրենի հետ` Բերդի տարածաշրջանում կաթի մթերման ցածր գների հիմնախնդիրը քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter