Ինսպեկցիա
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, առաջիկայում ստեղծվելու է հարկային և մաքսային նոր տեսչություն, որի ղեկավար է նշանակվելու Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը: Սա, ըստ էության, Պետեկամուտների կոմիտեում ներքին հետաքննությունների բաժին է լինելու:

Եթե իշխանական վերնախավը իրականացնի այս ծրագիրը և այդ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակի Արմեն Ավետիսյանին, ապա ՊԵԿ ներկայիս ղեկավար Գագիկ Խաչատրյանը կարող է պաշտոնից ազատվելու դիմում գրել, եթե, իհարկե, հասցնի: Խնդիրն այն է, որ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Ավետիսյանի հարաբերությունները վերջերս` պաշտոնանկությունից հետո, ծայրաստիճան լարված են եղել, և հիմա էլ դրանք շարունակում են այդպիսին մնալ:
Նշանակվե՞լ է
Ըստ երեկվանից շրջանառվող լուրերի` Երևանի Չեխովի անվան դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերժ Սարգսյանի դուստրը: Այս լուրերի իսկությունը երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել: Ըստ նույն լուրերի` Գայանե Սարուխանյանը, որ արդեն, փաստորեն, նախկին տնօրեն է, արդեն իսկ պատրաստվում է աշխատել որպես Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ:
Անսպասելի դադար
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ-ի մեր աղբյուրները, Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկից մի քանի օր առաջ հանվել են զորամասի բոլոր «Գրադ» կայանները և շարվել զորամասի ճանապարհի երկայնքով մեկ: Ըստ մասնագետների` սովորական իրավիճակում նման բան տեղի չի ունենում: «Գրադ» կայանները այդ կերպ դուրս են հանվում միայն ռազմական գործողություններից և շքերթներից առաջ:
Իսկ մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ բավականին անսպասելի իրավիճակ է ստեղծվել առաջին գծում ևս: Մեր տեղեկություններով` մի քանի ամիս առաջ առաջին գծում սկսված ինժեներական աշխատանքները օրերս անսպասելիորեն կանգնեցվել են: Ինժեներական այդ աշխատանքների շնորհիվ`պետք է իրար միացվեին առաջին գիծ տանող մի շարք կարևոր խրամատային ավտոճանապարհներ, որոնք կենսական նշանակություն ունեն առաջին գծի համար: Ուշագրավն այն է, որ աշխատողներին այդպես էլ չեն բացատրել, թե որն է դադարի պատճառը. նրանց ուղակի հրամայվել է հավաքել շինարարական տեխնիկան և հետ քաշվել:
ՀՀ զինանշանը` խաղաթղթերի վրա
Երեկ Երևանի կենտրոնական փողոցներից մեկում մի մանրավաճառ վաճառքի էր հանել «Ավագանի գրուպ» անունով ինչ-որ մի ընկերության արտադրած խաղաթղթեր: Դրանք մյուս բոլոր խաղաթղթերից տարբերվում էին նրանով, որ դարձերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր պատկերով և գրությամբ` «ARMENIA»:
Հնարավոր է` այս խաղաթղթերը նախատեսված են մեր խաղամոլ ավագանիների համար: Բացառված չէ նաև, որ խաղաթղթերի դիզայնի հեղինակները այսպիսով նրբորեն ակնարկում են, թե ինչ տխուր հետևանքների կարող են բերել մեր որոշ պետական այրերի հակումները:
Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված են ՀՀ զինանշանի պատկերի գործածման դեպքերը, որտեղ խաղաթղթերի մասին որևէ խոսք չկա: Սա ակնհայտ օրինախախտում է, որից առանձին արտադրողներ շահույթ են ստանում:
«Google համացանցը տեղի տվեց հայերի շանտաժին»
Այդ մասին գրում է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը: Ըստ տեղեկության` միջազգային որոնման այս համակարգը հայերի գործադրած ճնշումների հետևանքով հետ է վերցրել Ամերիկայի թուրքական կոալիցիայի turkishcoalition.org կայքէջում տեղադրված գովազդային բոլոր նյութերը, ավելին` հայտարարել, որ այսուհետև պատմությունը նենգափոխող ոչ մի կայքէջի գովազդ չի տալու:
Ամերիկայի թուրքական կոալիցիան պատասխան հայտարարությամբ խտրականության մեջ է մեղադրել Google-ին, թշնամանք և ատելություն սերմանելու համար դատապարտելով ինտերնետային այս համացանցին` ընդգծել է, որ ինքը պայքարում է հայկական սփյուռքի կանխակալ մոտեցումների դեմ, որը դրսևորում է Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների հարցում: Թուրքական կոալիցիան միաժամանակ դիմել է ԱՄՆ-ում գործող թուրքական հասարակական կազմակերպություններին և Google-ի կողմնակալ մոտեցումը դատապարտելու կոչ է արել նրանց:
«Հայկական ժամանակը» կօժտվի սեփական տպարանով
Ըստ «Ազգին» հասած տեղեկությունների` «Հայկական ժամանակ» արմատական ընդդիմադիր օրաթերթը մոտ ապագայում կօժտվի սեփական մեծ և արդիական տպարանով: «Ազգի» տեղեկությունների համաձայն` նորաստեղծ տպարանում լույս են տեսնելու նաև ընդդիմադիր այլ թերթեր, ինչը մատնանշում է, որ հայաստանյան ընդդիմությունը պատրաստվում է երկարաշունչ պայքարի` օգտագործելով իր գլխավոր ուժը` մամուլը:
«Ազգին» չհաջողվեց պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են ֆինանսավորելու «Հայկական ժամանակի» տպարանի ստեղծման թանկ գործը: Ավելացնենք, որ իրականություն դառնալու դեպքում հիշյալ թերթը Հայաստանում կդառնա առաջինը սեփական տպարան ունենալու գործում:
Ասում են` հարուստ ավար է եղել
Անցած շաբաթ-կիրակի օրերին Սյունիքում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա այցը, ըստ որոշ տեղեկությունների, կապված էր «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կազմակերպած հահակոռուպցիոն դպրոցական ճամբարների գործունեությանը ծանոթանալու հետ:
Նշենք, որ ճամբարները գործում են Կապանում ու Գորիսում, ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
«Ապագան քոնն է» հկ-ն, մեր տեղեկություններով, Աղվան Հովսեփյանինն է, այն դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում: Սակայն հասնելով Կապան` Ա. Հովսեփյանը հավանաբար որոշել է ոչ թե աշխատել , այլ հանգստանալ և ծնունդով կապանցի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ որսի է գնացել:
Մեզ չհաջողվեց ճշտել, թե ինչ են որսացել պաշտոնյաները, բայց ասում են` հարուստ ավար է եղել:
Հետաքրքիրն այն է, որ գլխավոր դատախազը նույնիսկ չի մտել Սյունիքի մարզային դատախազություն` պարզելու, թե այստեղ ինչպես են աշխատում: Գուցե նրան բավարարո՞ւմ է մարզի դատախազի փակ աշխատանքը, որը ոչ մի լրագրողի տեղեկատվություն չի տրամադրում:
Թող դեսպանն իր գործով զբաղվի
Օրերս մամուլում հատվածներ արտատպվեցին Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան, Խորհրդային Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հուշագրքից: Ըստ վերջինիս` 2003 թ. պատգամավոր Վ. Բադալյանը միջնորդել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հարությունյանին նշանակի երկիր վարչապետ: Ի՞նչ է եղել իրականում:
«Երբ մենք զրուցում էինք, նա ասաց, որ և խորհրդային շրջանի իր ծանոթ բարեկամներին, և հետագա աշխատանքի ընթացքում ձևավորված իր շրջապատին ուղղորդել է, որ ընտրությունների ժամանակ աջակցեն Ռոբերտ Քոչարյանին: Հարությունյանն ակնարկեց, որ իր օգնության դիմաց «պատրաստ» կլինի նոր` ավելի լուրջ պաշտոն ստանձնել Հայաստանում: Ապա խնդրեց իր մտադրությունների մասին հայտնել Ռոբերտ Քոչարյանին:
Մի քանի օր հետո ինչ-որ առիթ ստեղծվեց, և նախագահին տեղեկացրի, որ նաև Սուրեն Հարությունյանն է ընտրարշավին աջակցելու ցանկություն հայտնել` հետագայում նոր աշխատանքի կամ պաշտոնի ակնկալիքով: Ռոբերտ Քոչարյանի արձագանքն անմիջական ու հստակ էր:
Նախագահը կարծիք հայտնեց, որ Սուրեն Հարությունյանի ոչ օգնությունն է հարկավոր, ոչ էլ նրա ակնկալիքներն են տեղին. ավելի լավ է դեսպանն իր գործով զբաղվի»,- պատմեց Վոլոդյա Բադալյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել