«Առավոտ». Արեւմուտքն՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՞
Wikileaks կայքն իր սկանդալային հրապարակումների շրջանակում երեկ հրապարակել է այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ուղղված պատասխան նամակը։
Ինչո՞ւ այս պահին, երբ հայ-թուրքական արձանագրությունները հայտնվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից դուրս, որոշվեց հրապարակել այդ նամակի բովանդակությունը։
«Առավոտի» դիտարկմանը ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, դա զուգադիպություն է, այն պատճառով, որ հանրայնացվել է մի ամբողջական նոր փաթեթ՝ տարբեր երկրների և տարբեր խնդիրների վերաբերող. «Հայ-թուրքական արձանագրություններով չէր պայմանավորված փաթեթի հրապարակումը»։
Ըստ փորձագետի՝ նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրարից էապես չեն տարբերվում. «Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, մերժում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, մինչդեռ ասում է, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից կարող են քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները: Այսինքն՝ նաեւ պատմական խնդիրները»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է ստեղծել միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողով, որը կարող է քննարկել պատմական խնդիրները։
Այսպիսով, մեր զրուցակիցը չի բացառում, որ Արևմուտքը ցանկանում է ճնշում գործադրել հենց Քոչարյանի վրա՝ զրկելով Սարգսյանից ավելի նպաստավոր դիրք գրավելու հնարավորությունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել