HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ. Ալվրցյան. ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալը բացասաբար է ազդել Ջավախքի վրա

h-alvrcyan_19.08.09ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալը հայ-վրացական հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չի մտցնելու: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Արևմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Մենք ընդամենը ԱՊՀ-ի հետ կորցնում ենք սահման, որը նախկինում էլ, ըստ էության, չունեինք. ոչ երկաթուղին էր գործում, ոչ էլ ցամաքային ճանապարհը` Օսեթիայից: Միայն ծովային ճանապարհն էր գործում»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը: Բանախոսի մեկնաբանմամբ, հայ-վրացական հարաբերություններն այնքանով են կարևոր Հայաստանի համար, որ Վրաստանի` ԱՊՀ քաղաքական դաշտում լինել-չլինելը  էական նշանակություն չի կարող ունենալ: Կենտրոնի տնօրենի կարծիքով, Վրաստանի համար ոչ պակաս կարևոր նշանակություն է սկսում ձեռք բերել Հայաստանը հատկապես վերջին շրջանում: «Վրաստանը աստիճանաբար նկատում է, որ ինքը կորցրել է իր երբեմնի նշանակությունը արևմուտքի և ԱՄՆ-ի համար, այսօր արդեն ակնհայտ է, որ երկար ժամանակ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ակնհայտ է, որ Աբխազիան և Օսեթիան չեն վերադարձվի Վրաստանին: Վրաստանը, վերանայելով իր երբեմնի գերակա դիրքի հավակնության ծրագրերը, փորձում է շատ ավելի կառուցողական հարաբերություններ ստեղծել Հայաստանի հետ թե' տնտեսական, թե' կոմունիկացիոն առումով, քանի որ Հայաստանը նաև հետաքրքիր է դառնում Իրանի հետ առաջիկա ստեղծվելիք կումունիկացիոն հնարավորություններով, ստեղծվելիք երկաթուղով և թե որպես շուկա»,-ասաց բանախոսը: Արդեն մեկ տարի է` Վրաստանը ԱՊՀ անդամ չէր, և այսօր իրավաբանորեն ամրագրել է այդ փաստը: ԱՊՀ կազմից դուրս գալու փաստը, ըստ Հայկազուն Ալվրցյանի, Ջավախքի վրա ևս անդրադարձել է: «Ջավախահայության վրա բացասական ազդեցություն է թողել, քանի որ դիվանագիտական առումով ռուս-վրացական հարաբերությունները խզվեցին, ջավախահայության ճանապարհները դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքներ` փակվեցին, լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծեցին ջավախահայության համար»,-պարզաբանեց բանախոսը: Անդրադառնալով Ջավախքին և այնտեղ առկա խնդիրներին, Հայկազուն Ալվրցյանը նշեց, որ Ջավախքի հայությունն ակնկալիքներ ունի Հայաստանից, որովհետև առանց Հայաստանի բարոյական, կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական աջակցության այդ կարևոր պատմական նահանգը երկար ժամանակ չի կարող պահպանվել: «Սա է կարևոր, որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, չեն տեսնում, չեն ուզում տեսնել: Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանը Ջավախքի հայության համար որևէ մշակված ծրագիր չունի»,-ամփոփեց «Արևմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմադրամի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter