HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբգար Եղոյան. «Ծառայության որակ չունենք, իսկ գները համարյա միջազգայինից բարձր են»

18_08-A-Exoyan«Հայաստանում գոյություն ունեցող սպառողական կարևորագույն հիմնախնդիրներից է հայերեն լեզվով ոչ պարենային ապրանքի և ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը, որն ամրագրված է «Սպառողների  իրավունքների պաշտպանության մասին» օրենքում»,- այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Հ/կ-ի դիտարկումները ցույց են տվել, որ այսօր մեր շուկայում ներկրված ապրանքների 80 տոկոսը հայերեն մակնշում չունի, ինչը կարող է բացասաբար ազդել սպառողի կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին: «Վաճառվում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են` կենցաղային օգտագործման բարդ տեխնիկան, կենցաղային քիմիան, թունաքիմիկատները, օծանելիքը և այլն, իսկ այդ ապրանքների օգտագործման ժամանակ սպառողը չունի հայերեն տեղեկատվություն: Լավագույն դեպքում կարող է ռուսերեն լինել, մինչդեռ մեր օրենքը պահանջում է, որ անպայման հայերեն լինի»,- ասաց Ա. Եղոյանը` շեշտելով, որ կան ապրանքների որոշակի տեսակներ, որոնց ծառայության ժամկետի ավարտից հետո դրանց օգտագործումը կարող է վնաս հասցնել անգամ սպառողի կյանքին: «Օրինակ` կա ինչ որ կենցաղային քիմիայի ապրանք, որը մաշկի համար վնաս է, կամ դրանով կարելի է սալիկներ լվանալ, բայց ոչ ամանեղեն: Մինչդեռ հայերեն գրված չէ, և սպառողը այլ կերպով կարող է այն օգտագործել: Մենք ունենք շատ դեպքեր, երբ օրինակ, սառնարան են գնում, որն ունի կարևորագույն ռեժիմներ, որոնք չեն հասկանում սպառողները, իսկ հայերեն գրքույկ չկա: Միայն վաճառողի կոնսուլտացիայի վրա չի կարելի հիմնվել»,- ասաց նա: Մասնագետի հավաստմամբ` հատուկ մոնիտորինգի կարգ պետք է հաստատվի, որի միջոցով պետք է կատարվի ռիսկերի գնահատում, հայտնաբերվեն թիրախային կետեր ու ստուգումներ կատարվեն: Այժմ «Սպառողների իրավունքների պաշտպանություն»-ը մշակում է կառավարության որոշման նախագիծ, որպեսզի երկու փուլով կատարվի հայերեն մակնշման օրենքի պահանջի կիրառում: «Առաջարկում ենք 2010թ. հուլիսի մեկից մի մեծ խումբ ոչ պարենային ապրանքների  ցուցակ պարտադիր հայերեն մակնշել, իսկ մինչ այդ իրազեկել բոլոր ներկրողներին ու վաճառողներին, որ ունեն առնվազն 6-7 ամիս` դրա կիրառման համար: Իսկ 2011-ի հունվարի մեկից, ընդհանրապես բոլոր ներկրվող ապրանքները, պետք է լինեն հայերեն մակնշված»,- ասաց նա: Առաջին փուլում պետք է ընդգրկվեն այն ապրանքները, որոնց մի մասն արդեն մակնշում ունի, և որոնք պատրաստ են վեց ամիս հետո լիարժեք մտնելու դաշտ: Իսկ դրանից հետո կընդգրկվեն ընդհանրապես բոլոր ապրանքները: Ա. Եղոյանի խոսքերով` տուրիստական ապրանքանիշերի ոլորտում սպառողն ընդհանրապես պաշտպանված չէ: Չկան հատուկ կանոններ, օրինակ, հյուրանոցային սպասարկման կամ տուրստական ծառայությունների մատուցման: Հայաստանի ներսում սպառողը վճարում է անհամեմատ ավելի մեծ գումար, քան տրամադրվող ծառայություններն են: «Մենք պետք է կարողանանք հասկացնել մեր տուրիստական պրոդուկտ ստեղծողներին ու հյուրանոցներին, որ միանգամից հնարավոր չէ հարստանալ, ու բիզնեսը պետք է աստիճանաբար աճի: Չի կարելի այնպիսի գներ սահմանել, որոնք ստիպում են մեր քաղաքացիներին գնալ Անթալիա: Ոչ թե Անթալիան է շատ հաճելի, այլ այնտեղի տրամադրվող ծառայությունները, իրենց գների համեմատ, ավելի ընդունելի են, քան Հայաստանում, որտեղ ծառայության որակ չունենք, իսկ գները համարյա միջազգայինից բարձր են»,- ասաց նա Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց, Ա. Եղոյանի կարծիքով, կա: Եվ առաջին հերթին` սպառողների գիտակցության բարձրացման, իրազեկման մեջ, և վաճառքի կուլտուրայի բարձացման մեջ` խանութներում: «Պետք է կարողանանք հասնել նրան, որ ստուգումների, սահմանափակումների հետ միասին գործեն մոնիտորինգի եվրոպական փորձին համապատասխանող համակարգեր: Մեր կազմակերպությունը գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարություններին առաջարկություն է ներկայացրել մոնիտորնգի ընթացակարգ մշակել ու իրականացնել: Մենք առաջարկում  ենք, որ ամեն ստուգման արդյունքը հրապարակվի: Եթե մի անգամ հայտարարես, որ այսինչ սուպերմարկետում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել, այդ սուպերմարկետը կսկսի այլ կերպ աշխատել: Դրա համար մենք առաջարկում ենք, որպեսզի դիմում-բողոքների գրքերը, որոնք կային սովետական շրջանում, նորից կիրառվեն»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter